• Mon. Mar 8th, 2021

Հայկական իրականությունն ու ռուս – թուրք – ադրբեջանական խաղերը

Քանի որ Հայաստանի մեդիադաշտը «ծածկված է» ուժերով, որոնք հրապարակային հրաժարվում են «ռեւանշից», հայ հանրության ընդերքում սեփական իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանելու հասունացումը ոչ հրապարակային է տեղի ունենում։ Բայց այդ գործընթացն այնքան ակնհայտ է, որ անթաքույց վախ է առաջացնում բոլոր նրանց մոտ, ովքեր ռեւանշը բնական են համարում։

Ռուսաստանն ու Թուրքիան հայտարարում են, որ թույլ չեն տա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերանայում եւ Հայաստանի ռեւանշ։ Դրա համար նրանք օգտագործում են բազմաթիվ «ստեղներ»՝ «իշխանության համար պայքար» ներկաների ու նախկինների միջեւ, «սորոսականների» ու կրեմլամերձների միջեւ վեճեր եւ այլն։

Ռուսական կողմը կգործադրի բոլոր ջանքերը, որ թույլ չտա Լեռնային Ղարաբաղի մասին հայտարարության եռակողմ հայտարարության վերանայում, նոյեմբերի 17-ին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Որոշ շրջանակներ, մասնավորապես, սորոսականները, փորձում են ապակայունացնել վիճակը Հայաստանում, որ վիժեցնեն համաձայնագրի իրագործումը։ Վլադիմիր Պուտինը նույնպես ասել է, թե որքանով է դա վտանգավոր Հայաստանի համար։ Երբ նրան հարցին, թե ինչ լինի, եթե Հայաստանը հրաժարվի համաձայնությունից, նա պատասխանեց, որ դա ինքնասպանություն կլինի Հայաստանի համար», – ասել է Ալիեւը դեկտեմբերի 18-ին։

Եթե Հայաստանում ինչ-որ մեկն ապրում է ռեւանշով, սխալվում է, դեկտեմբերի 30-ին ասել է Ալիեւը։ Նա նաեւ հղում է արել Պուտինի խոսքին, որ Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է։

«Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի ճանաչել, եւ հաշվի առնելով այդ հանգամանքը, Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսանկյունից նույնպես Ադրբեջան է», – ավելի վաղ մի քանի անգամ ասել էր Պուտինը։

Մոսկվայում հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունից հետո ռեւանշի թեման, թվում էր, պետք է վերջնականապես անհետանար։ Առավել եւս, որ հիմնական «դերակատարները» հրաժարվում են ռեւանշից։

Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հունվարի 14-ին rbc.ru-ի տված հարցազրույցում ասել է․ «Չեմ կարծում, որ Հայաստանին պատերազմ է պետք Ադրբեջանի հետ։ Բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանին պետք չի Հայաստանի հետ պատերազմի շարունակություն։ Այդ պատճառով, հիմա ռեւանշի մասին մտածել, պատերազմելու համար, պարզապես իմաստ չունի։ Պետք է բանակը պատրաստել պաշտպանության, այլ ոչ թե հարձակման։ Արցախի հարցը պետք է մնա»։

«Հիմնական հարցերից մեկը, որը մեզ կապում էր Ռուսաստանին, Ղարաբաղի հարցն էր։ Եթե չկա Ղարաբաղի հարցը, կապերն էական թուլանում են։ Այնպես որ, Ղարաբաղի հարցը էական էր, էական նշանակություն ուներ արտաքին ուժերի համար, որոնք ուզում էին Հայաստանն անջատել Ռուսաստանից», բազմանշանակ ասել է Մանուկյանը։

Նույն օրը խորհրդարանի փոխխոսնակ, Նիկոլ Փաշինյանի կողմնակից ու «արեւմտամետ» համարվող Լենա Նազարյանը նույնպես հայտարարել է, որ ռեւանշը բացառվում է։

«Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար։ Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել։ Պետք է փորձենք երկարատև խաղաղություն ունենալ մեր բոլոր հարևանների հետ», – ասել է նա։

«Ռեւանշը», իսկ իրականում՝ իրավունքների պահանջը հասունանալու է անկախ մարդկանց արեւմտամետ ու ռուսամետ կողմնոորոշումներից, այն կհասունանա, երբ մարդկանց մոտ կրկին արթնանա ինքնապահպանման բնազդն ու արժանապատվությունը։