• Tue. Mar 2nd, 2021

    Անկեղծորեն ասեք, որ ձեզ միայն պետք է Փաշինյանի հրաժարականը. Գերիների հարցը մի շահարկեք

    «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտարարեց. «Մեր եղբայրները իրենց կյանքը զոհել են ապագայի, ներկայի և ՀՀ ինքնիշխանության համար: Շատ կարևոր է, որ այդ ինքնիշխանությունը հենվի ժողովրդի քվեի վրա, և չպետք է թույլ տանք, որ գողանան ժողովրդի քվեն»:

    Նրա խոսքով` ընդդիմությունը գերիների հարցը շահարկելով իշխանության աթոռն է ուզում վերցնել. «Անկեղծ եղեք և ասեք, որ ձեզ ընդամենը պետք է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. դա ավելի շատ է գնահատվելու, քան այլ փաթեթավորմամբ իրականությունը ներկայացնելը: Անկեղծորեն ասեք, որ ձեզ միայն պետք է Փաշինյանի հրաժարականը. Գերիների հարցը մի շահարկեք»:

    Գերիների և անհետ կորածների ընտանիքներին պետական նպաստ տրամադրելու հարցի քննարկմանը «Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանը նշեց, որ կառավարության կողմից արդեն իսկ կան սոցիալական ապահովության երաշխիքներ. «Մենք կապ ենք պահպանել ՊՆ-ի հետ և համոզվել, որ մեխանիզմը պատշաճ ձևով աշխատում է»:

    «Ադրբեջանը շարունակում է վարել հայատյաց պետական քաղաքականություն: Սրա դեմ կառավարությունը իրավական գործընթաց է սկսել, ինչը ողջունելի է, բայց իշխող ուժի ներկայացուցիչները այնպիսի արտահայտություններ են անում տարբեր հարթակներում, որոնք հակասում են կառավարության սկսած գործընթացին: Երբ հայտարարվում է, որ մենք պատրաստվում ենք Ադրբեջանի հետ բարեկամություն հաստատել, ճանապարհները բացել, առևտուր անել և փող աշխատել, սա հակասում է մեր դատական պրոցեսին և մեր դեմ է օգտագործվելու շատ շուտով»,- հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Նրա խոսքով` սա ամբիոնից ասելու բան չէր, բայց ստիպված եմ. «Սա չիմացությա՞ն արդյունք է, իսկ եթե իմանալու արդյունք է, ապա շատ ավելի մեծ աղետ է»:

    «Ի՞նչ եք ուզում, ուզո՞ւմ եք սահմանադրական հունից հանել պրոցեսները, ձեր էս քվեարկությամբ սահմանադրական հունը փոխում եք»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ճգնաժամային իրավիճակից ելք գտնելու վերաբերյալ հարցի քննարկմանը:

    «Ինչպես կարելի է արտահերթ ընտրություն կազմակերպել այն իրավիճակում, երբ մեր եղբայրներն ու քույրերը գտնվում են ադրբեջանական բանտերում, ես չեմ պատկերացնում: Ինչպես եք գնալու նրանց տները, նրանց հայաթներում բարձրախոսներով խոսեք»,- հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և հավելեց, որ իրենք պատրաստ են: Նրա խոսքով, սակայն, արտահերթ ընտրության ընթացակարգն այն է, որ վարչապետը երկու անգամ հրաժարական պետք է տա. «Ցրեք խորհրդարանը, և գնանք արտահերթ ընտրության»:

    «Պատրաստ եղեք. ընդդիմությունը միշտ էլ խնդիր է լինելու, չենք թողնելու մարսեք. 100 տոկոս չեք մարսելու: Ի՞նչ շահարկումների մասին եք խոսում»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը: Նրա խոսքով` ոչ Փաշինյանը, ոչ իշխանությունը ունակ չեն, ադեկվատ չեն. «Սյունիքում ձեր պատգամավորները ծեծ են կերել: Ձեր ներկայացրած 60 հարցից ոչ մեկը չի առնչվում ստեղծված իրավիճակի հետ: Դուք երկիրը տանում եք կործանման»:

    Ինչպես նշեց «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը, նախագիծը բացասական եզրակացության է արժանացել պետաիրավական հարցերի հանձնաժողովի կողմից: «Այս հայտարարության նախագիծը չի կարող լինել ԱԺ-ի քաղաքական կամքը»,- ընդգծեց նա և հավելեց, որ նախագիծն արժեք չունի:

    Spread the love
    •  
    •  
    •  
    •  
    • 1
    •