• Tue. Mar 2nd, 2021

    Կառավարությունն առաջարկում է ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ

    ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով ներդրվում է նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտ:

    «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

    Նախագծերով մասնավորապես առաջարկվում է հայտարարատուի ֆինանսական շարժի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու նպատակով ներդնել նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտը: Օրենքով սպառիչ թվարկված ծախսերի դեպքում, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է 2 մլն ՀՀ դրամը, ապա այդպիսի ծախսերը ենթակա են հայտարարագրման կամ, եթե նույն տեսակի ծախսի մասով հանրագումարը գերազանցում է 3 մլն ՀՀ դրամը:  Նախագծով առաջարկվում է նաև հայտարարագրման ենթակա գույք սահմանել  հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող գույքը:

    Առաջին ընթերցմամբ ընդունումից հետո նախագծում կատարվել են մի շարք փոփոխություններ: «Հստակեցվել են հայտարարատուի կողմից գույքի իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ դրույթները: Մասնավորապես, սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա է նաև այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձին, բայց ձեռք է բերվել հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին կամ այդ գույքից փաստացի օգուտ է ստանում կամ այդ գույքը տնօրինում է հայտարարատուն»,- ասաց նախարարը:

    Լրամշակվել է գույքի հայտարարագրման ենթակա տվյալների շրջանակը՝ սահմանելով, որ ՀՀ տարածքից դուրս առկա բանկային հաշիվների և ավանդի դեպքում նշվում է նաև հաստատության անունը և գտնվելու վայրը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկով լրացվել են տարեկան հայտարարագրում ներկայացվելիք փոխառության վերաբերյալ տվյալները՝ սահմանելով, որ տարվա ընթացքում հանձնված կամ վերադարձված փոխառությունը ևս ենթակա է հայտարարգրման, եթե տարվա ընթացքում նույն անձին հանձնված կամ վերադարձված փոխառության հանրագումարը գերազանցվում է 1 մլն դրամը:

    ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու օրենսդրական փաթեթը:

    «Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ, ինչի արդյունքում կապահովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննությունը, ըստ այդմ` նպաստելով կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի արդյունավետության աստիճանի բարձրացմանը: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացում մասնագիտացվածությունն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան, առնվազն 25 դատավորի թվակազմով: Օրենքի նախագծով նախատեսվում է ստեղծել նաև մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան»,- ասաց Բադասյանը:

    Նախարարն ընգծեց, որ դատավորների թվերը վերջնական չեն և կարող են փոփոխվել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում:

    Spread the love
    •  
    •  
    •  
    •  
    • 1
    •