• Tue. Mar 2nd, 2021

    Կովկասն ու Անկարայի բազմավեկտոր նոր քաղաքականությունը

    Թուրքիայի արտաքին քաղաքականությունը բազմավեկտոր փոփոխությունների ենթարկելու հայտարարություններ են արվում. Արաբական աշխարհում Կատարի նկատմամբ արաբական պետությունների հարաբերությունների վերաբնականոնացման գործըթնաց, Եվրամիության հետ լարվածության մեղմացում, Փարիզ-Անկարա ուղղակի մերձեցում ուղենշող խոսակցություն, Երեւանի նկատմամբ արձակված ուղերձներ եւ հիմա` Վաշինգտոնի հետ նոր էջ բացելու մասին պաշտոնական հայտարարություն:

    Դեպի Եվրոպա հարաբերությունների վերափոխման առումով Անկարան նախ հայտարարում էր, որ Ֆրանսիայի հետ երկկողմ հարաբերությունների բնականոնացման համար ճանապարհային քարտեզ ձեւաւորելու աշխատանք է տարվում` նշելով, որ այդ ուղղությամբ առաջադիմություն է գրանցվել։ Հավելելով՝ Չավուշօղլուն նշում էր, որ Ֆրանսիայի արտգործնախարարի հետ ունեցել է «շատ կառուցողական հեռաձայնային   հաղորդակցություն»։

    Թուրքական դիվանագիտության ղեկավարի համաձայն՝ ամբողջ Եվրամիության հետ իր երկրի հարաբերությունները կարիք ունեն «ավելի լավ մթնոլորտի»։

    Եվրահանձնաժողովի արձագանքը չուշացավ։ Հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ ԵՄ-ն ձգտում է վերականգնել Թուրքիայի հետ կառուցողական հարաբերությունները: Իսկ այս առումով պարզ է դառնում, որ Էրդողանի եւ եվրոպացի պաշտոնատարների միջեւ տեսազանգի ընթացքում քննարկվել է կառուցողական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: Շրջվել էին նաեւ Եվրամիության անդամակցությունը մերժող Անկարայի նախապես կատարած հայտարարությունները: Էրդողանը ԵՄ-ին հորդորել էր «Բրեքսիդից» հետո Թուրքիային ընդունել միության կազմում։

    Այնուհետեւ հարապարակվել է Մակրոն-Էրդողան «սիրաբանական» նամակագրությունը:

    Հետագա հայտարարողական իրադարձությունները ըստ էության ածանցյալ նյութեր են հարաբերությունների վերաբնականոնցման առաջադրանքին:

    Արաբականին եւ եվրոպականին առընթեր սպասվում էր հիմնական վեկտորը՝ դեպի Վաշինգտոն ուղերձը, որը չուշացավ: ԱյսպեսԹուրքիայի արտգործնախարարը հայտնեց, որ ԱՄՆ նորընտիր նախագահի իշխանությունը ստանձնելուց հետո Անկարան վերստին պիտի առաջարկի Վաշինգտոնի հետ աշխատանքային միացյալ խմբակ ստեղծել քննարկելու համար ռուսական «S-400» հակաօդային պաշտպանության համակարգ գնելուն առնչված տեխնիկական հարցերը։ Նա  հայտնեց, որ իր երկիրը անկեղծ ջանք պիտի գործադրի բարելավելու համար ամերիկյան վարչակազմի հետ հարաբերությունները` նույն գործելաոճը ակնկալելով Բայդենի վարչակազմից:

    Այս երեք ուղղություններից առայժմ ամերիկյանը ունի որոշ տարբերություն: Եթե  արաբականն ու եվրոպականը ընդառաջել են Անկարայի վերաբնականոնացման հայտարարություններին եւ դրական նախանշաններ են ցույց տվել, ապա ամերիկյանը դեռ լուռ է, չասելու համար, որ շարունակում է երեւութական անհանգստություններ դրսեւորել Անկարայի նկատմամբ :

    Վաշինգտոնն անցյալ ամիս Անկարայի դեմ հաստատեց վաղուց սպասված պատժամիջոցներ` «S-400» համակարգեր գնելու համար: Թուրքիան այդ քայլը նկատեց «մեծ սխալ», ինչպես նաեւ բացառեց, հակառակ ՆԱՏՕ-ի անդամ լինելուն, այդ քայլի պատճառով ամերիկյան «F-35» կործանիչների ծրագրից հեռացվելը։

    Ռազմական առեւտրի գործարկում-առկախում այս բեմականացումը եթե ընդունենք, որ սատարում է Թուրքիայի ամերիկյան Տրոյական ձիու կարգավիճակի ամրապնդմանը, ապա ավելի ըմբռնելի կլինի, որ Վաշինգտոնը ինչո՛ւ ականատեսի դիրքերից հետեւեց կովկասյան պատերազմին, որի համար նույնքան միջազգային իրավասություն ուներ, որքան Մոսկվան: Այդ ամբողջ պատերազմում Վաշինգտոնը ամենից շատ շահագրգռվել էր Իրանի սահմանների խոցելի լինելուն, սահմանային փոփոխություններին, իրանամերձ գոտին ահաբեկչական տարրերով ողողելուն: Անկարան լիարժեք ծառայեց այդ առաջադրանքին:

    Չի բացառվում, որ նոր վարչակարգը դիմի միջնորդի դերի վերստանձնման՝ վերագործարկելով ԵԱՀԿ-ն ու միջնորդական ավանդական ձեւաչափը:

    Հետաքրքիր է, որ Անկարան արտաքին քաղաքականության բազմավեկտոր փոփոխությունների քաղաքականություն որդեգրեց արցախյան պատերազմի հրադադարից հետո միայն: Այսինքն, ռուսական համատեղ գործողություններ իրականացնելուց եւ Կովկասում զինվորական ներկայություն լինելուց հետո։

    Թուրքիայի նախագահի գրասենյակը, Էրդողան-Պուտին հեռաձայնային հաղորդակցությունը մեկնաբանելով, վստահեցրել էր, որ ՌԴ-Ն եւ Թուրքիան կձգտեն ստեղծել պայմաններ, որոնք ադրբեջանցիներին եւ հայերին թույլ կտան միասին ապրել Լեռնային Ղարաբաղում` առանց խաղաղապահ կամ հսկողության առաքելության գործունեություն ծավալելու անհրաժեշտության:

    Եթե նկատենք, որ թուրքական զորամիավորները Կովկասում տեղակայվել են արդեն իբրեւ Ադրբեջանում ռազմախարիսխ ունեցող երկիր, իսկ Արցախում խաղաղապահ    առաքելությունն իրականացնում են ռուսական զորքերը, ապա այս հայտարարությունը   կընկալվի իբրեւ ռուսական ուժերի Արցախից հեռացման պահանջ Անկարայի կողմից:

    Հիմա պետք է սպասել, որ Վաշինգտոնի եւ Բրյուսելի հետ մերձեցման առաջադրանք հայտարարող Անկարայի այս քայլերը ինչպես պիտի ընկալի Մոսկվան: Մանավանդ՝ իր հետ համատեղ գործողություններ իրականացնելու համար Կովկասում տեղակայվելուց հետո ռուսական զորքերը Արցախում ժամանակավոր համարող երկրի քայլերը։

    ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

    «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

    Spread the love
    •  
    •  
    •  
    •  
    • 1
    •