• Tue. Mar 2nd, 2021

    Հայրենիքի փրկությունը հայկական նպատակ չէ, որովհետև այն արդեն հայկական ընդդիմության մի մեծ պաստառ է

    ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարում է, թե, եթե այսքանից հետո հայ ժողովուրդը դուրս չգա փողոցներ Նիկոլ Փաշինյանի դեմ, ապա արդեն պետք է կասկածել ժողովրդի հայկական արյան վրա:

    Հասանք, ինչպես ասում են՝ Վահրամ Բաղդասարյանի մոտ կասկածներ են առաջանում հայ ժողովրդի արյան հայկականության առնչությամբ: Գենետիկայի մասնագետները իհարկե հնարավոր է մասնագիտական հետաքրքիր պատասխաններ գտնեն Վահրամ Բաղդասարյանի և ընդհանրապես հայ ժողովրդի հայկական արյան վրա կասկածողների համար: Քաղաքական մակարդակում հարցի պատասխանն ավելլի պարզ է: Հայ ժողովուրդը թերևս վաղուց դուրս եկած կլիներ Հայաստանում քաղաքական և իշխանական փոփոխության պահանջով, եթե նոյեմբերի 9-ի գիշերվանից փողոցում չհայտնվեին մարդիկ, որոնք խուլիգանությամբ դրեցին քաղաքական մի այսպես ասած պայքարի հիմք, որի խորքային նպատակը թերևս հենց Հայաստանում ժողովրդական պայքարի որևէ հնարավորություն թույլ չտալն էր:

    Դրա համար պետք էր, որ առաջնային պլան գար նախկին կառավարող համակարգը՝ իր հանդեպ հանրային մեծ անվստահության պայմաններում, և պետք էր սկսել խուլիգանությամբ: Այդ ամենն էլ բնականաբար պետք էր Ռուսաստանի Դաշնությանը, որի անվերապահ լոյալությամբ է աչքի ընկնում նոյեմբերի 9-ի գիշերվանից Երևանի փողոցներում ծավալված պայքարը, որը Նոր Տարվա տոներից հետո պայքարող սուբյեկտները տեղափոխել են մարզեր՝ Երևանում մատնվելով անհաջողության: Մարզերում էլ գոնե առայժմ նրանք չեն արժանանում հանրային վստահության, ինչն էլ առաջացնում է «հայկական արյան» հետ կապված կասկածներ: Այն դեպքում, երբ հայ ժողովուրդը պարզապես մեղմ ասած կասկածներ ունի ներքաղաքական պայքար կոչվածի հայկական նպատակների լինել-չլինելու առնչությամբ, կամ գուցե ունի ոչ թե կասկած, այլ համոզում, որ այդ պայքարում չկան հայկական նպատակներ:

    Հայրենիքի փրկությունը հայկական նպատակ չէ, որովհետև այն արդեն ավելի քան քառորդ դար պարզապես հայկական ընդդիմության մի մեծ պաստառ է: Հայկական նպատակի ցուցիչը պետք է լիներ իշխանափոխության և անձնափոխության փոխարեն, կամ դրանից բացի, Հայաստանին պարտադրված խաղաղությանն առնչվող որոշակի պայմանների փոփոխության շուրջ առարկայական քննարկումները: Դրանք չկան: Ավելին, կան հավաստիացումներ Ռուսաստանին, որ ըստ էության որևէ բան չի դրվելու կասկածի տակ, կասկածի տակ փաստորեն կդրվի միայն հայ ժողովրդի հայկական արյունը: Դա կգոհացնի նաև Ռուսաստանին: Պատասխանատվությունը պետք է թողնել բացառապես հայ ժողովրդի վրա և ազատել Ռուսաստանին իր դաշնակից ու բարեկամ ժողովրդի ողբերգական պարտության համար պատասխանատվությունից:

    Spread the love
    •  
    •  
    •  
    •  
    • 1
    •