• Tue. Mar 2nd, 2021

    Հիմա ով ինչ ասի, պիտի վազելով գանք, խորհրդարանում քննարկե՞նք, թե որ օգտատերը ինչ ասաց

    Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հայտարարությանը, ըստ որի՝ Աժ նախագահ Արարատ Միրզոյանը գործակալ է։ 

    Նրա խոսքով՝ մինչև այդ մեկնաբանություններն էլ իր համար ամեն ինչ պարզ էր։ «Ես ունեմ կյանքի փորձ նրա հետ (Արարատ Միրզոյանի, խմբ․) աշխատելու, իմ գործընկերն է, իմ ընկերն է, իմ զինակից ընկերն է, ինձ համար մինչև նույնիսկ այդ թուղթը մեկնաբանելը ամեն ինչ պարզ էր, ու ես վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր փորձում են այդ շահարկել, իրենց վերջին ժամանակահատվածում շատ սխալ ձևի մարտավարություն ընտրեցին և մարդկանց սխալ, ճիշտ, կիսաճիշտ, կիսասխալ ինֆորմացիայով գժվեցրին և բերեցին մի իրավիճակի, երբ շատ դժվար է այսօր որևիցե բան հայտարարել ու մարդկանց ստիպել, որ մարդիկ հավատան։ Մարդիկ սկսել են որևիցե մեկի խոսքին չհավատալ, ինքն իրենով վերլուծել և որոշում կայացնել»։

    Ալեն Սիմոնյանը նշեց, որ այս հարցը խորհրդարանում քննարկելու կարիք չի տեսնում։ «Հիմա ով ինչ ասի, պիտի վազելով գանք, խորհրդարանում քննարկե՞նք, թե որ օգտատերը ինչ ասաց»։

    Փոխխոսնակը չբացառեց, որ նմանատիպ դեպքեր դարձյալ կլինեն։ «Ես չեմ բացառում, որ էլի ինչ-որ նմանատիպ բաներ կլինեն, եղել են դաշտում նմանատիպ բաներ, ամեն բանի հետ կապված ընկնենք, ասենք, ապացուցենք, որ սա սենց չէ, նա նենց չէ։ Գործ կա անելու, հիմա մարդիկ ուզում են տեսնեն, որ կոնկրետ գործողություններ են արվում կոնկրետ հարցերի շրջանակում։ Թե ով որ ժամանակ ինչ թուղթ է գրել, ինքն է գրել, ինքը չի գրել, իր սկեսուրն է գրել, թե ով է գրել, կարծում եմ՝ դա բամբասանքի ավելի շատ նմանվող բան է»։

    Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը օրերս հայտարարել էր, թե Արարատ Միրզոյանը 2005 թվականից Թուրքիային տեղեկություններ է վաճառել, իսկ երբ ՀՀ ԱԱԾ-ն հայտնաբերել է այս հանգամանքը, Արարատ Միրզոյանը սկսել է տեղեկություններ փոխանցել նաև Հայաստանի ԱԱԾ-ին։ Նա նաև կից փաստաթուղթ էր ներկայացրել, որը, ըստ Մինասյանի, Արարատ Միրզոյանի նամակն է՝ ուղղված ՀՀ ԱԱԾ-ին։ Մինասյանի այս հայտարարությունը հերքել է Արարատ Միրզոյանը՝ այդ պնդումները «ցնդաբանություն» անվանելով:

    Spread the love
    •  
    •  
    •  
    •  
    • 1
    •