• Tue. Mar 2nd, 2021

    Մեղրիի միջանցքը Լաչինի միջանցքի դիմաց. Լավրովի պատասխանը

    Տասնամյակներ շարունակվող բանակցությունների ընթացքում երբեք չի հնչել Հայաստանն ու Ղարաբաղը միմյանցից կտրելու հարցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչու են հայ պաշտոնյաներն այցելում Ղարաբաղ «առանց Բաքվի թույլտվության, եւ որն է այդ առնչությամբ Մոսկվայի դիրքորոշումը»:

    «Բոլոր պայմանավորվածություններում, առաջին հերթին, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, արձանագրված է կողմերի համաձայնությունը, որ կապահովվի կապը Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ Լաչինի միջանցքի միջով, որը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության տակ: Ղարաբաղի հետ Հայաստանի կապը ոչ ոք երբեք չի մերժել: Տասնամյակներ շարունակվող բանակցությունների ընթացքում երբեք չի հնչել Հայաստանն ու Ղարաբաղը միմյանցից կտրելու հարցը։ Եվ հենց այդ պատճառով Լաչինի միջանցքը՝ որպես հայեցակարգ, որեւէ մեկի կողմից չի մերժվել: Եվ այն նախկինի պես կողմերի համաձայնության, այդ թվում՝ մեր ադրբեջանցի հարեւանների համաձայնության առարկա է հանդիսանում։ Ճիշտ այդպես հուսալի և մշտական կապ կհաստատվի Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ:  Դա ամրագրվել է եռակողմ հայտարարության մեջ: Եթե մենք համաձայն ենք (իսկ բոլորը դրանում համաձայն են), որ պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հայերի ու Հայաստանի հայերի միջեւ կապ, չեմ տեսնում այդ մակարդակում շփումներին խոչընդոտելու պատճառներ»,- ասել է Լավրովը:

    Հայաստանի պաշտոնյաները ներգրավված են ԼՂ-ին մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործընթացում, ինչը որեւէ բացասական արձագանք չի ստանում Ադրբեջանի կողմից, և, Լավրովը նշում է՝ տարօրինակ կլիներ, եթե այլ կերպ լիներ:

    Spread the love
    •  
    •  
    •  
    •  
    • 1
    •