• Tue. Mar 2nd, 2021

    Մենք իրավունք չունենք տանուլ տալ այս պատերազմին հաջորդող խաղաղությունը

    Հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպումից և հաղորդուղիների բացման վերաբերյալ համատեղ հայտարարությունից ու պայմանավորվածություններից հետո Հայաստանում քննարկման առարկա է դարձել ապաշրջափակման, այսպես ասած, նպատակահարմարության հարցը:

    Նախ՝ ինչպես առիթ ունեցանք արձանագրելու նախօրեին, Հայաստանում պետք է ներքաղաքական և ներհասարակական լայն կոնսենսուս՝ անկախ քաղաքական հայացքից կամ շահից, որ չի կարող Երևանը գնալ որևէ ապաշրջափակման կոնկրետ որոշման, քանի դեռ լիարժեք և սպառիչ լուծում չկա ռազմագերիների և անհետ կորածների խնդրի առնչությամբ: Դրանով հանդերձ, ապաշրջափակման հարցում աշխատանքային գործողություններ ու քննարկումներ լինել, իհարկե, կարող են՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին տիրույթում: Առնվազն տարօրինակ կլինի պնդել, որ շրջափակված Հայաստանը ավելի նախընտրելի է ապաշրջափակվածից: Անցնող երեք տասնամյակում գլխավոր հարցն այդ առնչությամբ եղել է այն, թե որն է Հայաստանի ապաշրջափակման գինը: Եթե այդ գինը Հայաստանի անվտանգային համակարգի ապամոնտաժումն էր, այսինքն՝ Արցախի ազատագրված տարածքների հանձնումը Բաքվին, ապա այդ ապաշրջափակումը Հայաստանի համար անհամարժեք թանկ գին էր, ինչը բերում էր մերժում ենթադրող դիրքորոշման:

    Ի վերջո, ծանր, բարդ, սակայն հավաքական կամքի, նվիրումի, համազգային փոխհամաձայնության միջավայրի պայմաններում հայությունն ուներ շրջափակված պայմաններում գտնվող պետությունն անգամ զարգացնելու և դիմադրունակ պահելու ներուժ, հատկապես երբ դա հաղթանակը պահելու համար էր: Ցավալիորեն, Հայաստանը չունեցավ այն վերնախավը, որը կապահովեր այդօրինակ պետական ու համահայկական հավաքականություն: Ստացվեց անոմալ պատկեր՝ մի կողմից ապաշրջափակման մերժում հանուն հաղթանակի, մյուս կողմից՝ հաղթանակի համար մոբիլիզացիայի փոխարեն նույն հաղթանակի եղած փաստի տարաբնույթ և տոտալ մսխում հանուն անձնական կամ խմբային բարեկեցության: Մեծ հաշվով, այդ վտանգավոր և կործանարար ասիմետրիան հանգեցրեց նրան, որ Հայաստանը ներկայումս կանգնած է ապաշրջափակման հարցի առաջ, բայց արդեն որպես պարտված և անվտանգության համակարգով կազմաքանդված պետականություն: Այն, ինչից տագնապելով մենք մերժում էինք ապաշրջափակման հեռանկարը, չցանկանալով դրա համար վճարել մեր անվտանգությամբ, մենք կորցրին հափշտակվածության ռեժիմում ծայրահեղ անարդյունավետ կառավարման երեք տասնամյակի հետևանքով: Մյուս կողմից, անգամ այս պայմաններում, մենք դարձյալ ունենք կորցնելու բան: Այդ դեպքում խոսքը տարածքների մասին չէ, այլ մեր ազգային ու պետական իրավունքների: Ապաշրջափակումը չպետք է տեղի ունենա դրանց հաշվին: Ներկայումս առավելապես այդ իրավունքներն են, որ ապահովում են մեր սուբյեկտիվության թեկուզ բարակ մի թել: Այն կորցնելու դեպքում, ապաշրջափակումը իրականում կվերածվի մեր վզին փաթաթված օղակի:

    Մյուս կողմից, անվտանգային, ռազմա-քաղաքական սուբյեկտիվության ներուժի ահռելի մասը տանուլ տալուց հետո, հափշտակվածության ռեժիմը մեզ համար դառնում է անհամեմատ ավելի ծանր բեռ, քան մինչև պարտությունն էր՝ հաշվի առնելով ոչ միայն նոր ռազմա-քաղաքական ռեգիոնալ իրողությունները, այլ նաև մեր ներհայկական տրամադրություններն ու ծայրահեղացող բևեռացվածությունը: Պարտությունը փաստ է, ցավալի, ողբերգական, աղետալի, անամոք կորուստներով, սակայն փաստ, որը մեզանից պահանջում է այդ իրողությունից բխող որոշումներ: Մենք պետք է վերականգնվենք ապագա հաղթանակի համար: Ըստ այդմ՝ լրջորեն պետք է խորհենք, առանց էմոցիաների և առանց զգայական, ուռա-հայրենասիրական նախադեպային խաբկանքի, թե մեր վերականգնման համար որքանով է անհրաժեշտ կամ կարևոր ռեսուրս հաղորդուղիների բացումն ու ապաշրջափակումը:

    Այն բոլոր դեպքերում լինելու է ռիսկային և պահանջելու է մեզանից պատրաստ լինել տնտեսական, քաղաքական, ռազմա-քաղաքական ռիսկերի: Բայց, եթե մենք ի վիճակի չենք դրանց պատրաստ լինել բաց պայմաններում, ապա մենք ընդհանրապես անկարող ենք լինելու ռիսկերի պատրաստվել և դիմակայել փակ ռեժիմի դեպքում: Ամեն ինչ պետք է ծանրութեթև արվի հանգամանալից, առանց մանիպուլյացիաների, եթե ժամանակակից Հայաստանում դա ընդհանրապես հնարավոր բան է:

    Մենք պատերազմը պարտվեցինք, որովհետև տանուլ էինք տվել մեր հաղթական պատերազմին հաջորդած հարաբերական խաղաղությունը: Մենք իրավունք չունենք տանուլ տալ այս պատերազմին հաջորդող խաղաղությունը, հատկապես երբ առավել քան անորոշ է, թե որքան կտևի այն: Որքան երկար տևի, այնքան լավ է մեզ համար, բայց եթե մենք պատրաստ ենք դուրս լինել կարծրատիպերից և զգայականությունից և սառը ու վերքաղաքական մտայնությամբ ու էթիկայով քննարկել մեր հնարավորությունների ու ռիսկերի հարաբերակցությունը:

    Spread the love
    •  
    •  
    •  
    •  
    • 13
    •