• Tue. Mar 2nd, 2021

    Միքայել Համբարձումյանը ԱԱԾ-ում հրամանով գործ կարող էր. Մեզ դատեցին միայն նրա համար, որ աշխատում էինք Խ. Սուքիասյանի բանկում

    ԱԱԾ նախկին մի աշխատակցի պատմություն, ով ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար, ներկայումս ընդդիմադիր Միքայել Համբարձումյանի քննած գործով դատապարտվել էր անազատության միայն այն բանի համար, որ ԱԱԾ-ից ազատվելուց հետո աշխատանքի էր անցել այդ ժամանակ ընդդիմադիր գործիչ, գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «ՀայԷկոնոմբանկում» որպես անվտանգության ծառայության ղեկավար։

    ԱԱԾ նախկին աշխատակից Լևոն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ իր համար առնվազն զարմանալի է ԱԱԾ քննչական վարչության նախկին ղեկավար Միքայել Համբարձումյանի վերջին շրջանի քաղաքական ակտիվությունը, քանի որ նա համակարգում սովորական կամակատար է եղել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի ու Սերժ Սարգսյանի ձեռքին։

    Ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Միքայել Համբարձումյանն անդրադարձել է հրապարակմանը՝ նշել, որ «դա թույլ, անհիմն, ոչինչ չասող հրապարակումներ են։ Հրապարակումները ընդամենը մեսիջներ են՝ ուղղված իրեն»։

    Համբարձումյանի այս արձագանքից հետո «Առաջին լրատվական»-ի խմբագրություն է դիմել Միքայել Համբարձումյանի թեթև ձեռքով ևս 2 տարի անազատության դատապարտված մեկ այլ նախկին ԱԱԾ-ական՝ Տիգրան Մելքոնյանը, ով ևս Լևոն Խաչատրյանի հետ նույն գործով է անցել։

    Տիգրան Մելքոնյանը «Առաջին լրատվական»-ին պատմեց, որ ԱԱԾ-ից դուրս է եկել 2003 թվականին, անցել է թոշակի և 2004 թվականին աշխատանքի է անցել «ՀայԷկոնոմբանկի» ինկասացիոն ծառայությունում։ 2008 թվականի փետրվարի 28-ին, այսինքն՝ մարտի 1-ից մեկ օր առաջ, Լևոն Խաչատրյանի հետ միասին իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել ԱԱԾ օպերատիվ-փնտրողական վարչության կողմից նախապատրաստված նյութերի հիման վրա՝ պետական գաղտնիք բացահայտելու մեղադրանքով։

    Ըստ գործի նյութերի՝ Մելքոնյանը, աշխատելով ՀՀ ԱԱԾ օպերատիվ-փնտրողական վարչությունում, ծառայության բերումով տեղեկացված է եղել օպերատիվ-հետախուզական գործունեության ուժերի, միջոցների, աղբյուրների, մեթոդների և պլանների մասին, ինչը հանդիսանում է պետական գաղտնիք։ Ըստ մեղադրանքի՝ ծառայությունից ազատվելուց հետո, պարտավորություն ունենալով չհրապարակել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած այդ տեղեկությունները, 2008 թվականի փետրվարի 27-ին, հերթական անգամ մասնակցելով Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին, իբր Խաչատրյանը և Մելքոնյանը հանրահավաքի մասնակիցներին գլխի շարժումով տեղեկացրել են հանրահավաքի վայրում գտնվող օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող ԱԱԾ աշխատակիցների մասին, որից հետո հանրահավաքի մասնակիցները ԱԱԾ աշխատակիցներին ենթարկել են անձնական խուզարկության և նրանց մոտից հայտնաբերել հատուկ սարքավորումներ։

    Մելքոնյանի խոսքով՝ ինքն այդ օրը առհասարակ Ազատության հրապարակում չի եղել, տանն է եղել, որը փաստող բազմաթիվ վկաներ են եղել. «Ես այդ օրը ատամս էի սարքել, գնացել տուն, պառկել դիվանին։ Այսինքն՝ տանն եմ եղել, ոչ թե Օպերայի հրապարակում։ Ատամնաբույժը, հարևաններս, տղայիս ընկերները, բոլորը դա վկայել են, որ ես տանն եմ եղել։ Երեկոյան 8-ին մտել եմ տուն ու 23։00-ին պառկել քնելու, բայց մեկ է՝ Միքայել Համբարձումյանի իբր քննած գործով 1 տարի 6 ամիս նստեցի։ Ես ասում էի՝ այդքան կամերաներ ունեք, անտենաներով հեռախոսների տեղը որոշում եք, արեք, մի կամերայով ցույց տվեք, որ ես Ազատության հրապարակում եմ։

    Բայց ոչ մի բան չկարողացան ցույց տալ։ Բայց մեկ է՝ ասում էին, որ ես երեկոյան 23։00-ին եղել եմ Ազատության հրապարակում, իսկ Լևոն Խաչատրյանը այդ մութ ժամին ծխերի ու կրակի միջից կանգնած տեղը գլխով շարժում է արել, ու մի քանի մետր այն կողմ ընդդիմադիրները իբր հասկացել են, թե ովքեր են հրապարակում կանգնած ԱԱԾ աշխատողները»,- ասաց Մելքոնյանը:

    Նա հավելեց. «Հիմա Միքայել Համբարձումյանը եկել, ասում է՝ ես մաքուր եմ և այլն։ Բայց ինքը ոնց կարող է մաքուր լինել, եթե քաղաքական դրդապատճառներով հարուցված գործը առանց ապացույցների ուղարկում է դատարան, ու մարդկանց դատում են դրա հիման վրա։ Այդ գործը բարդեցին մեզ վրա միայն մեկ բանի համար, որ մենք աշխատում էինք Սուքիասյանների «ՀայԷկոնոմբանկում», իսկ Խաչատուր Սուքիասյանը այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին էր։ Միքայել Համբարձումյանին էլ հրաման էին տվել գործը կարել, և քանի որ նա կատարածու էր, կարեց գործը, քանի որ նրան հանձնարարություն էր տրված մեզ դատել։ Նա կիսատ քննություն էր կատարել»։

    Մելքոնյանն ու Խաչատրյանը նշեցին, որ արդեն իսկ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան և առաջիկայում կդիմեն վճռաբեկ դատարան՝ արդարացման պահանջով: «Մինչև վերջ գնալու եմ։ Բա անմեղ տեղը գնամ 1 տարի 4 ամիս նստե՞մ, ինչի՞ համար։ Միանշանակ մինչև վերջ ենք գնալու»,- նշեց Մելքոնյանը։

    Spread the love
    •  
    •  
    •  
    •  
    • 1
    •