• Tue. Mar 2nd, 2021

    Ով է ՀՀ առողջապահության նորանշանակ նախարարը

    ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը 2020 թվականի մայիսի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր 2019-ի տարեկան հայտարարագիրը։

    Համաձայն ներկայացված հայտարարագրի՝ նա 2019-ի սկզբում համատեղ սեփականության իրավունքով ունեցել է 3 անշարժ գույք՝ Երեւանի Արաբկիր վարչական շրջանում՝ բնակարան եւ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, ինչպես նաեւ այգետնակ՝ Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքում։ Տարեվերջում այդ գույքերը պահպանվել են։

    Նորանշանակ նախարարը 2019-ի սկզբում ունեցել է «Ford» մակնիշի ավտոմեքենա, որը եւս տարեվերջում պահպանվել է։

    Ըստ հայտարարագրի՝ Ավանեսյանն ունի 1 մլն դրամի չափով բաժնային արժեթղթեր։

    2019-ի սկզբում նրա բանկային հաշիվներին եղել է 1 մլն 950 հազար դրամ եւ 600 եվրո, որը տարեվերջում դարձել է 2 մլն 850 հազար դրամ եւ 600 եվրո։ Իսկ կանխիկ 1 մլն 300 հազար դրամը, տարեվերջում դարձել է 1 մլն 500 հազար դրամ։

    2019 թվականի ընթացքում Ավանեսյանն ունեցել է 2 եկամուտ՝ 12 մլն 603 հազար 263 դրամ ստացել է աշխատավարձից, 11 մլն 249 հազար դրամ ստացել է «Աբովյան 39» ՍՊԸ-ից, որպես շահաբաժին։

    Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը 2019-ի սկզբում համատեղ սեփականության իրավունքով ունեցել է 3 հողամաս Արաբկիր վարչական շրջանում, որը պահպանվել է տարեվերջում։

    Նա որպես շարժական գույք հայտարարագրել է 1 ավտոմեքենա՝ դարձյալ «Ford» մակնիշի, որը տարեվերջում պահպանվել է։

    Ըստ հայտարարագրի՝ նախարարի ամուսինն ունի 6100 դրամի չափով բաժնետոմս։

    Ստեփան Ավանեսյանի բանկային հաշիվներին 2019-ի սկզբում եղել է 1 մլն 450 հազար դրամ եւ 9750 դոլար, իսկ տարեվերջում այն նվազել է դառնալով՝ 400 հազար դրամ եւ 400 եվրո։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբում եղել է 1 մլն 450 հազար դրամ եւ 9250 դոլար, որը եւս նվազել է դառնալով՝ 500 հազար դրամ եւ 5200 դոլար։

    2019 թվականին Ստեփան Ավանեսյանն ունեցել է 2 եկամուտ՝ 890 հազար 740 դրամի չափով եւ 244 հազար 807 դրամի չափով, որոնք գոյացել են տարբեր աշխատավարձներից։

    Ինչպես արդեն հայտնել ենք, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:

    Առողջապահության նախարարությունը ներկայացրել է նորանշանակ նախարարի կենսագրությունը․

    Անահիտ Ավանեսյանը ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին: 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը:

    2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:

    Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում (2000-2001թթ.):

    2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:

    2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:

    2014-2015 թվականներին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետև՝ մինչև 2016 թվականը, նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն:

    2017-ից մինչև 2018 թվականը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:

    2018 թվականի մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 11-ից՝ առողջապահության նախարարի առաջին տեղակալի:

    2021 թվականի հունվարի 18-ին Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:

    Ամուսնացած է, ունի 3 զավակ:

    Հ․Գ․ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ազատվել է աշխատանքից։ Այդ մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։

    «Այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները:

    Վերջին 2,5 տարին շատ մեծ դպրոց է եղել ինձ համար: Ոլորտն այնպիսին է, որ միշտ սովորելու բան կա, ու դրա համար շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում առողջապահության նախարարության ողջ անձնակազմին:

    Շնորհակալ եմ նախարար Արսեն Թորոսյանին, ում շնորհիվ փորձել եմ դառնալ չափազանց բծախնդիր ու արագաշարժ՝ աշխատանքին առնչվող ամենամանր հարցերում:

    Շնորհակալ եմ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ, որոնց ձեռք եմ բերել ինձ համար այս ծանր ժամանակաշրջանում:

    Նաև շնորհակալ եմ գործընկեր լրագրողներին՝ այս տարիների համագործակցության և ըմբռնման համար»,- գրառել է Նիկողոսյանը:

    Spread the love
    •  
    •  
    •  
    • 0
    • 1
    •