• Fri. Mar 5th, 2021

Այսքանով շարժը ներիշխանական համակարգում չի ավարտվելու

Հայաստանում շարունակվում են ներիշխանական վերադասավորումները, մասնավորապես կառավարության շրջանակում: Պաշտոնապես հայտնի է դարձել առողջապահության նախարարի փոփոխության մասին: Արսեն Թորոսյանը հեռանում է, նրա փոխարեն նախարար է նշանակվում փոխնախարար Անահիտ Ավանեսյանը: Սակայն դրանով շարժը չի ավարտվելու:

Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Էդուարդ Աղաջանյանի փոխարեն նշանակվեց Արսեն Թորոսյանը: Պատերազմի պարտությունից հետո վարչապետ Փաշինյանի հայտարարած կադրային փոփոխությունները շարունակվում են, միաժամանակ ակնհայտ է նաև, որ դրանք այլևս ոչ թե հետպատերազմյան, այլ նախընտրական բնույթի են: Իշխանությունը պատրաստվում է իր իսկ հռչակած արտահերթ ընտրության հեռանկարին: Մեծ հաշվով, դրանով ներկայումս զբաղված է ամբողջ քաղաքական դաշտը, ինչը նաև միանգամայն օրինաչափ և տրամաբանական է՝ ընտրություններում հաջողության կամ հաղթանակի հասնելը կուսակցությունների ֆունկցիոնալ իմաստն է, որպեսզի նրանք կարողանան իրագործել իրենց ծրագրերն ու խոստումները: Ամբողջ հարցը, սակայն, Հայաստանում շարունակում է մնալ այն, թե գաղափարական, բովանդակային ինչ իմաստ է դրվում ֆունկցիոնալ իմաստի իրագործմանը զուգահեռ:

Այստեղ շարունակվում է ահռելի վիհը՝ խիստ հազվադեպ բացառություններով հանդերձ: Եվ առավել մտահոգիչ է այն, որ իշխանությունը այդ բացառությունների շարքում չէ, այսինքն՝ կառավարող քաղաքական մեծամասնությունն իր ֆունկցիոնալ իմաստի մեջ լինելով, շարունակում է դուրս լինել բովանդակային իմաստից, ինչպես, խոշոր հաշվով, եղել է հետհեղափոխական ամբողջ շրջանում: Այժմ, իհարկե, մի նոր փուլ է, որտեղ այլևս պահանջվող բովանդակային իմաստավորումը թե՛ իշխանության, թե՛ որևէ ուժի համար պահանջում է հիմնավորապես նոր գաղափարաբանություն և նոր որակի քաղաքական միտք, Հայաստանի չափազանց բարդ վիճակում հայտնված պետականության թե՛ ներազգային, թե՛ համաշխարհային իմաստավորման համար: Այստեղ է, որ լոկոմոտիվը պետք է լինի քաղաքական մեծամասնությունը, քաղաքական մեծամասնությունը պետք է լինի բովանդակային պայքարի թելադրողը:

Առայժմ քաղաքական մեծամասնությունը գերադասում է կառուցել իր մարտավարությունը ոչ պակաս անբովանդակ արմատական ընդդիմության գործողությունների վրա, չստանձնելով ավելորդ նախաձեռնություն և հասկանալով, որ իր խնդիրը ներկայումս ընդամենը արմատական ընդդիմությանը չխանգարելն է, որպեսզի այն «ծավալվի իր ամբողջ շուքով», այդպիսով ծածկելով կառավարող մեծամասնության քաղաքական անշուքը:

Մեծ հաշվով, Հայաստանն այդ քաղաքական տրամաբանության կամ անտրամաբանականության գերազդեցության գոտում էր մինչև պատերազմը, ցավալիորեն նույն տեղում է պատերազմից հետո: