• Fri. Mar 5th, 2021

ԲՀԿ-ն կանջատվի 17 ուժերից, պատրաստվում է արտահերթ ընտրությունների

Ընդդիմադիր դաշտում գործող 17 ուժերի փողոցային պայքարը կարծես թե մարում է։ Ըստ մամուլի հրապարակումների՝ 17 ուժերի առաջնորդներն այլևս նախկինի պես ակտիվ հանդիպումներ չեն անցկացնում։ Այս օրերին ոչ բոլոր ուժերն են մասնակցում մարզային հանդիպումներին։

17 կուսակցություններից ոչ բոլորի համար է ընդունելի եղել Վազգեն Մանուկյանին ՀՀ վարչապետի միասնական թեկնածու առաջադրելու գաղափարը, ու հատկապես օրերս Գյումրիում տեղի ունեցած տհաճ միջադեպից հետո ավելի է ամրացել քաղաքական լիդերների մոտ այդ տպավորությունը:

Թե ինչ արդյունքներ կգրանցեն մարզային այդ հանդիպումներով՝ առայժմ հստակ չէ։ Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ քաղաքական ցանկացած գործընթաց իր մեջ պարունակում է նախընտրական կոմպանիային բնորոշ երևույթներ։ «Դա կարող է լինել քաղաքացիական անհնազանդություն, իշխանափոխության պահանջ, թե Ազգային ժողովի ընտրություններ՝ դրանք ունեն որոշակի ընդհանրություններ։ Այդ յուրահատկություններից մեկը՝ պայքարն ամբողջ երկրով տարածելն է և ոչ միայն Երևանով սահմանափակվելը։ Եթե հիշում եք՝ անցյալ տարի այդ ուժերը կենտրոնացել էին Երևանում արժանապատվության երթեր անցկացնելով, որին սկզբնական շրջանում մասնակցում էին մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ։ Բայց 17-ի մեջ մտնող որոշ ուժեր պետք է մարզերում այցեր կատարեին, որպեսզի ՀՀ քաղաքացիները դա չընկալեին որպես մայրաքաղաքային պայքար իշխանությունների դեմ, այլ նույնպես ընդգրկված լինեին այդ գործընթացների մեջ։ 17 ուժերը անցած տարի դա չարեցին, ինչը իրենց համար բավականին կոպիտ սխալ էր»,- ասաց նա։

Ըստ Բադալյանի՝ մարզեր այցելելը ճիշտ է, բայց պետք է իմանալ, թե ինչ տեխնոլոգիաներ օգտագործել. «Այսինքն՝ ասել՝ քայլ արա, մերժիր Նիկոլին, որովհետև Նիկոլը դավաճան է, հանձնել է Արցախը… դա չաշխատող տարբերակ է։ Պետք է այնպիսի կարգախոսներ ու բովանդակություն մտածել, որը աշխատող կլինի և առանց այն էլ սակավացած պայքարողներին կկարողանա մոբիլիզացնել։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում առանց այն էլ պայքարողների քանակը էապես իջել է։ Մարզեր գնալուց պետք է ճիշտ տեխնոլոգիաներ կիրառես, այնպես չէ, որ գնացիր Գյումրիում քայլեցիր ու դա արդյունք կտա։ Ես չէի ասի, թե դա հաջողությամբ իրականացվում է։ Երբ դու գնում ես մարզեր, մարդկանց ներքաշում ես քաղաքական գործընթացի մեջ, դա անում ես այնպես, որ մարդիկ նեղացած չլինեն։ Դու պետք է կարողանաս որակով քայլեր անել ու իմանալ՝ ինչ ես ուզում։ Այնպես չէ, որ գնացիր մարդկանց տեղեկացրիր, որ Նիկոլը դավաճան է, ինչ-որ արդյունքի կհասնես։ Դա նպատակ լինել չի կարող։ Եթե դու մարզեր այցելություններ ես կատարում, հանդիպում ընտրողների հետ, պետք է ճիշտ տեխնոլոգիաներ կիրառես ու մտածես բովանդակության մասին։ Այնպիսի բովանդակություն, որը մարդկանց գիտակցության մեջ կդրվի։ Ես չէի ասի, թե այս ուղղությամբ իրենք հաջողություններ են գրանցում։ Եվ ընդհանրապես միշտ չէ, որ մարդկանց թվաքանակով ինչ-որ հարց է լուծվում։ Արդյո՞ք մարդկանց, այսպես ասած, ոտքի կանգնելը արդյունք կտա։ Անցյալ 30 տարվա պատմությունը ցույց է տալիս, որ մարդկանց քանակը չէ, որ լուծում է իշխանափոխության հարցը։ 2008 թվականին եղել են օրեր, երբ հրապարակում 300.000-ից ավելի մարդ է եղել, բայց դա դրական արդյունք չի տվել։ 2018-ի իշխանափոխությունն էլ բոլորովին այլ ծրագրով իրականացվեց։

Այսինքն՝ դու չպետք է այն խաբկանքի մեջ ընկնես, որ եթե դու կարողացար 100.000 մարդ ոտքի հանել, ապա կկարողանաս իշխանափոխություն իրականացնել։ Մարդիկ պետք են, որ քաղաքական գործընթացի մեջ կարողանան, կոպիտ ասած, մասովկայի դեր կատարել։ Բայց այդ մարդիկ չեն իշխանափոխություն իրականացնողները»։

Մամուլում կա տեղեկություն, որ առաջիկայում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կանջատվի 17 ուժերից։ Այդ կուսակցությունն, ըստ որոշ տեղեկությունների, արդեն իսկ պատրաստվում է արտահերթ ընտրությունների։

«Երբ «Փրկության ճակատը» քաղաքական պայքար է իրականացնում, բնականաբար կա դրա դեմ պայքար իշխանական թևից։ Տվյալ դեպքում նման տեղեկությունը կարող է և՛ ճիշտ լինել, և՛ մանիպուլյացիա լինել։ Եվ ընդհանրապես հիմա ավելի շատ չերևացող քաղաքական գործընթաց է լինում, քան երևացող։ ԲՀԿ-ի ենթադրյալ դուրս գալը «Փրկության ճակատից» կարող է անդրկուլիսային գործընթացների արդյունք լինել։ Նման գործընթացները հիմա շատ ավելի ակտիվ են, քան հրապարակային գործընթացները։ Դրա մաս են կազմում և՛ նախագահի նամակը Լոնդոնից, և՛ երրորդ նախագահի հայտնի փիառը ԱԺ նախագահի դեմ»,- ասաց Բադալյանը։

Միևնույն ժամանակ՝ ընդգծեց․ ԲՀԿ-ն քաղաքական կշիռ ներկայացնող ուժ է և գաղտնիք չէ, որ «Հայրենիքի փրկության ճակատում» այն թիվ մեկ քաղաքական ուժն է. «Որովհետև ունի և՛ ֆինանսական ռեսուրսներ, և՛ մարդկային, և՛ կազմակերպչական ռեսուրսներ, և՛ մեդիա ռեսուրս, և՛ Ազգային ժողովում մեծ խմբակցություն։ Իսկ մնացած կուսակցությունների զգալի մասը մարդ-կուսակցություններ են, որոնք իրենցից ոչ մի լուրջ կշիռ չեն ներկայացնում։ Ինչ-որ չափով այդպիսին է ՀՀԿ-ն, Դաշնակցությունը և թեթևակի նաև «Հայրենիք» կուսակցությունը։ Մնացածը՝ մարդ-կուսակցություններ են»։