• Fri. Mar 5th, 2021

Զինվորի թափած ամեն կաթիլ արյան համար պետք է պատասխան տան

Երեկ հայտնի դարձավ, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավո մականունով, որպես մեղադրյալ է ներգրավվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործերից մեկով։ Այդ մասին ԱԱԾ-ն տեղեկացրել էր «Սիվիլնեթի» գրավոր հարցմանը:

Ըստ ԱԱԾ-ի՝ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ մի շարք առևտրային ընկերությունների, այդ թվում՝ Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ծառայողների հետ նախնական համաձայնության գալով, ՀՀ պետական բյուջեից ապրանքներ ձեռք բերելու համար իրեն տրամադրված, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործով որոշում է կայացվել Դավիթ Գալստյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Գալստյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար։ Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում քննվող չորս քրեական գործերով, որոնք վերաբերում են նրան պատկանող ընկերությունների կողմից մատակարարումներին: ԱԱԾ-ն ձեռք է բերել առերևույթ փաստական տվյալներ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները և դիրքը չարաշահելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու և յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ:

ՀՀ ԱԱԾ-ից, սակայն, չեն պատասխանել՝ Պատրոն Դավոն Հայաստանում է, թե արդեն ոչ:

Պաշտպանության նախարարության գնումների մասին բարձրաձայնող, դրանցում առանձնապես խոշոր չափերի չարաշահումների մասին բարձրաձայնող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ չգիտի, թե խոսքը որ քրեական գործի մասին է, բայց մի բանում համոզված է, որ ԱԱԾ-ում քննվող քրեական գործը կամ գործերը չպետք է սահմանափակվեն միայն Դավիթ Գալստյանի անձով:

«Քննությունը պետք է մի շարք հարցերի պատասխան տա ու մի շարք անձանց նստեցնի մեղադրյալի աթոռին: Գնումների հետ կապված հարցերը շատ-շատ են: Քննությունը, եթե ընթանա օբյեկտիվ, պետք է պարզի, թե ինչու են D 30 սնարյադների փոխարեն գնվել խոտանված, անհայտ ծագման սնարյադներ, ինչու են «Կորնետ» հրետանային համակարգերը 90 հազար դոլարի փոխարեն գնվել 300 հազար դոլարով: Պետք է պարզվի, թե ինչու է զինվորի սնունդը մի քանի անգամ թանկ եղել նախատեսվածից: Պետք է պարզվի, թե ինչպես է ստացվել, որ 250 դոլարանոց բրոնեժիլետները գնվել են 1300 դոլարով և արդյունքում զինվորի կյանք չեն փրկել: Պետք է պարզել, թե ինչպես է ստացվել, որ թղթի վրա «Կալաշնիկով» ավտոմատի գործարան է բացվել Հայաստանում, իսկ իրականում չկա այն: Պետք է պարզել, թե ինչպես և ով է միտումնավոր տապալել ծրագիրը, որ Հայաստանում փամփուշտ չարտադրվի, այլ դրսից բերվի: Պետք է պարզել, թե ինչու է պատերազմի ժամանակ ՊՆ-ն հրաժարվել ձրի զենքից, որը առաջարկել է «Օրսիսը»՝ որպես դաշնակցի: Ինչպես նաև, թե Դավիթ Տոնոյանը պաշտոնանկությունից մի քանի ժամ առաջ 27 միլիոն դոլարը ուր էր ուզում փոխանցել: Եվ, իհարկե, պարզել, թե ինչպես եղավ, որ պատերազմից հետո, երբ տոնոյաններ ու դավիթգալստյաններ չկան, փամփուշտի գինը կրկին երկու անգամ նվազել է»,- ասաց Սիրունյանը:

Փաստաբանի խոսքերով՝ ԱԱԾ-ի մտքով չպետք է անցնի, որ մյուս գործերի պես այս գործն էլ հարուցի ու չքննի, հետո էլ փակի։ «Չի լինելու նման բան:

Զինվորի թափած ամեն կաթիլ արյան համար իրենք պետք է պատասխան տան: Մենք ԱԱԾ-ին անընդհատ կհիշեցնենք, որ այդ գործերը իրենք պետք է քննեն, մեղավորներին էլ՝ պատժեն: Եվ գուցե այս քննությունը պարզի, թե ինչպես է լինում, որ պաշտպանության արդեն նախկին նախարարն ու իր նախկին տեղակալը քավոր-սանիկ են, ոնց է լինում, որ պաշտպանության նախկին նախարարն ու գնումների պատասխանատուն փեսա-աներձագ են, ոնց է լինում, որ զինդատախազը ՊՆ մեկ այլ պաշտոնյայի հետ բաջանաղներ են: Այս ամենը պետք է պարզվի»,- ընդգծեց Սիրունյանը:

Հիշեցնենք, որ «Օրսիսի» կողմից պատերազմի ժամանակ անվճար զենք առաջարկելու և ՀՀ ՊՆ-ի կողմից այն ձեռք չբերելու դրվագով ևս զինվորական քննչական ծառայությունում հարուցված քրեական գործ կա: Այս գործով, սակայն, դեռևս մեղադրյալներ հայտնի չեն: