• Fri. Mar 5th, 2021

Լարսի խնդիրն ու Հայաստանի ապաշրջափակումը

Արդեն մի քանի օր է՝ փակ է Վերին Լարսի ավտոճանապարհը, որը Հայաստանն իր արտահանման հիմնական շուկային՝ Ռուսաստանին կապող միակ ճանապարհն է: Լարսը փակ է ձնահոսքի վտանգի, եղանակային վատ պայմանների պատճառով և վրացական կողմում կուտակված են բազմաթիվ հայկական բեռնատարներ, կիլոմետրանոց հերթեր են: Հերթեր են նաև ռուսական կողմում, որտեղից Հայաստան է ներկրվում տարբեր նշանակությամբ ապրանքներ:

Ձմեռային շրջանում Լարսի հետ կապված այդ պատմությունը ցավոք սրտի շատ սովորական է տարիներ շարունակ: Եվ տարիներ շարունակ Հայաստանի համար խնդիր է եղել այլընտրանքային ուղիների փնտրտուքը, թեև այստեղ Հայաստանից կախվածը եղել է շատ քիչ: Ներկայումս Լարսի հարցը և ընդհանրապես հաղորդուղիների հարցը հայտնվել է բոլորովին նոր հարթության վրա, կապված նոյեմբերի 9-ի հայտնի համաձայնությունների և Հայաստան-Ադրբեջան հաղորդուղիների բացման հեռանկարի հետ: Դժբախտաբար այդ հանգամանքը ևս եղել է Հայաստանից անկախ, որովհետև հարցը օրակարգում է հայտնվել ոչ թե այն բանի շնորհիվ, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը եկել է գիտակցման, որ չնայած քաղաքական խնդիրների առկայությանը, պետք է բացել Հայաստանի շրջափակումը, այլ հարցը օրակարգում է հայտնվել Հայաստանի ռազմական պարտության հետևանքով:

Այդուհանդերձ, այն օրակարգում է, մերժելով այդ օրակարգը Հայաստանը հետ չի բերի իր պարտությունը, այն ավտոմատ չի վերածի հաղթանակի: Բայց, միևնույն ժամանակ ապագա հաղթանակի պատրաստ Հայաստան ունենալու համար, կարևոր է ունենալ տնտեսական առավելագույն հնարավորություններ: Հաղորդուղիները, ճանապարհները այդ շարքում են, ըստ այդմ Հայաստանի համար ապաշրջափակումը կարևոր գործընթաց է, թեկուզ ծանր և ցավագին պարտությունից հետո, գոնե պարտությունից հետո:

Այսօր արդեն տևական ժամանակ Լարսի փակ լինելու և Հայաստանի տնտեսական վնասներ կրելու հանգամանքը առավել ընդգծում է խնդիրը, որովհետև կորոնավարակից և պատերազմից հետո առավել ծանր վիճակում գտնվող հայկական տնտեսության համար շնչուղիների բաց լինելը այսօր առավել մեծ կարևորություն է ստացել, Լարսի փակ լինելու ամեն օրը ներկայումս Հայաստանի տնտեսության համար թերևս առավել զգայուն է դարձել:

Սա չի նշանակում անշուշտ, որ ապաշրջափակումը վաղը տեղի ունենալիք մեխանիկական քայլ է: Այն իհարկե չափազանց բարդ քաղաքական քննարկումների և տնտեսա-քաղաքական դիմակայության գործընթաց է, բայց Հայաստանը պետք է գնա դրան, հետ չքաշվի և փորձի ստանալ առավելագույնը, այլևս չկորցնելով ոչինչ: Այս իմաստով շատ կարևոր են քննարկումները այն գնի թեմայով, որ ունի Հայաստանի համար ապաշրջափակումը, անվտանգային այն հարցերի թեմայով, որ կա հեռանկարների հետ կապված: Սակայն, քաղաքական շահարկումներից անդին, Հայաստանում այդ հարցադրումները պետք է հնչեն ոչ թե ««անվտանգություն, թե ապաշրջափակում» ձևակերպումով, այլ՝ «անվտանգություն և ապաշրջափակում» բանաձևով կամ տրամաբանությամբ: