• Fri. Mar 5th, 2021

Հայաստանին պետք է ոչ թե արագ, այլ նույնիսկ կայծակնային արդյունավետություն

Պետական կառավարման համակարգն ունի ռեստարտի կարիք և այդ ռեստարտը պետք է սկսել վարչապետի աշխատակազմից: Այդ հայտարարությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարող թիմում կադրային փոփոխությունը: Արսեն Թորոսյանը, որն առողջապահության նախարարն էր, պաշտոնը թողել է և նշանակվում է վարչապետի աշխատակազմի ղեկավար:

Նախկինում ղեկավարը Էդուարդ Աղաջանյանն էր, որին Նիկոլ Փաշինյանը այսօր գնահատել է իր քաղաքական մերձավոր՝ ակնարկելով, որ համատեղ աշխատանքը կշարունակվի: Ինչ տրամաբանությամբ, բարդ է ասել, սակայն, մեծ հավանականությամբ, Էդուարդ Աղաջանյանի այսպես ասած պաշտոնական «կապանքները» ազատվում են ավելի քաղաքական-նախընտրական ազատություն տալու և այդ ռեժիմում քաղաքական թիմի հետ կապված աշխատանքները կազմակերպելու նպատակով: Հանրությանն, իհարկե, ավելի շատ հետաքրքրում է այն, թե երբ է ի վերջո լինելու կառավարման համակարգի ռեստարտն ու Հայաստանի կառավարումը երբ է բարձրանալու արդյունավետության և առարկայականության նոր աստիճանի: Այդ հարցը արդիական էր դարձել նախապատերազմական փուլում իսկ, հարցը առավել քան արդիական, սուր, հրատապ ու կենսական է պատերազմի ցավագին, ողբերգական հետևանքից հետո: Միևնույն ժամանակ առկա է այդ ռեստարտի չափելիության հարցը: Ինչպես է չափվելու ռեստարտը, որպեսզի արձանագրվի՝ այն տեղի՞ է ունենում, թե՞ ոչ: Այլապես, կադրային փոփոխությունները դեռևս ոչինչ են, եթե հանրությունը, դրանից բացի, չի տեսնում կառավարման որակի էական փոփոխություն:

Հասկանալի է, որ դրա համար կադրերին պետք է ժամանակ, սակայն մյուս կողմից այդ հանգամանքը այլևս դարձել է ծեծված ու արժեզրկված: Այլևս ոչ ոք չի սպասում, ընդ որում՝ չի սպասում հանրությունը ներսում, բայց չեն սպասում նաև Հայաստանի հակառակորդները, թշնամիները դրսում: Հայաստանի դեմ պատերազմական ակտիվ գործողությունների դադարի, թեև դեռևս ռազմական լարվածության փուլի շարունակության պայմաններում Հայաստանին պարտադրվել է արդեն տնտեսական մրցակցության կամ, այսպես ասած, խաղաղ պատերազմի մի ռեժիմ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են ռեգիոնը վերցնել ենթակառուցվածքային, տնտեսական ցանցի մեջ: Այդ իմաստով, եթե անգամ բացվում են Հայաստանը շրջափակող ճանապարհները, ապա Հայաստանը որոշակի իմաստով շրջապատված է լինելու ադրբեջանա-թուրքական ենթակառուցվածքներով: Ըստ այդմ, Հայաստանին պետք է ոչ թե արագ, այլ նույնիսկ կայծակնային արդյունավետություն: Մի բան, որ տեղի չի ունենում առ այսօր: