• Tue. Mar 2nd, 2021

    Հիմարությունները երկրի երեսին արվում են դեմքի խելոք արտահայտությամբ

    Գյումրի այցի ընթացքում իր ճանապարհը փակած գյումրեցիներին տրված Վազգեն Մանուկյանի հայտնի բնորոշումը առաջացրեց հասկանալի աղմուկ և հանրային վրդովմունք, սակայն միջադեպը կամ, այսպես ասած, գնահատականը իրականում արտացոլում է ոչ միայն Վազգեն Մանուկյանի ներքաղաքական դիրքավորման, ընդհանրապես ներկայիս ներքաղաքական դիմակայության խնդիրներ:

    Տեղի ունեցածն արտացոլում է հայկական քաղաքական կյանքի հետանկախական շրջանի խորքային խնդիրներից մեկը, այսպես ասած՝ էլիտաների վերաբերմունքը հասարակությանը, շարքային քաղաքացիներին, երբ նրանք չեն համարվում այսպես ասած՝ երաշխավորված լսարան, երբ նրանք չեն դիտվում համակիր: Ընդ որում, խոսքը չի վերաբերում միայն կառավարող էլիտաներին, այլ նաև ընդդիմադիր: Կրկնենք, դա եղել է հայկական հետխորհրդային, անկախ պետականության գործնականում ամբողջ պատմության խորքային խնդիրներից մեկը: Թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր էլիտաները Հայաստանի շարքային քաղաքացուն, Հայաստանի ժողովրդին դիտարկել են իրենց «անարժան» հասարակություն, համարել են՝ երբեմն բարձրաձայն, երբեմն նեղ շրջանակում, և գործնականում մշտապես մտքի խորքում, որ այս ժողովուրդը արժանի չէ իրենց: Ժողովուրդը, հանրությունը դիտարկվել է հենց իբրև «բոմժ», որոնց պարզապես պետք է օգտագործել քաղաքական նպատակների համար:

    Նույն Վազգեն Մանուկյանը 1996-ին դարձել է այդ մտածողության զոհը, երբ իշխանության մեջ եղած մարդիկ մտածել են, որ ժողովուրդը չի հասկանում, թե ում է ընտրում, հետևաբար՝ ընդդիմությունը 100 տոկոս էլ հավաքի, չպետք է հանձնել իշխանությունը: Բայց նույն Վազգեն Մանուկյանն ինքը ևս այդ մտածողության կրող է, ինչը դրսևորվել է հետագայում նրա մի քանի գործողություններում և դրսևորվեց փաստորեն այժմ: Ընդ որում, «էլիտաները» համարել են, որ մարդիկ չունեն բավականաչափ միտք, խելք, ինտելեկտ՝ հասկանալու համար, թե իրենց ինչպես են վերաբերվում: Այդ պատճառով է նաև, որ, այսպես ասած, հուզական պահերին առանձնապես ջանք չեն գործադրում իրենց մտածողությունը դուրս չբերելու համար, համոզված, որ միևնույն է՝ հանրությունը մարսելու է: Հանրությունն իրականում, իհարկե, չի մարսում, պարզապես մշտապես բավականին գիտակից է եղել և, ի տարբերություն «էլիտաների», պետական ինստիտուցիոնալությունը, կայունությունն ու շահը դասել է ավելի բարձր՝ մշտապես զերծ մնալով իր հանդեպ արհամարհական վերաբերմունքի համար «էլիտաների» հետ հաշվեհարդարից:

    Այդ իմաստով, Հայաստանի հետանկախական պատմության ընթացքում հանրությունը, ժողովուրդը առավել է աչքի ընկել էլիտային բնորոշ պատկերացումով և վարքագծով, քան քաղաքական այն խմբերը, որոնք պետք է լինեին ժողովրդին առաջնորդող ընտրախավ: Այդ խորքային հակասականությունն է նաև եղել պատճառը, որ հաղթանակի վրա կառուցվող պետությունը իրականում մնացել է առանց խորքային հիմքի, որովհետև խախտվել է առաջնահերթությունը՝ որևէ պետության համար զարգացման հաջորդականության առաջնահերթությունը. ժողովուրդը, հասարակությունն առնվազն ենթագիտակցական մակարդակում, պետության շահի դասակարգման և պետության հանդեպ հոգածության մակարդակում առնվազն եղել է իր ընտրախավերից կամ «էլիտաներից» մեկ քայլ առաջ: Այդ ամենը, իհարկե, հագուկապի արժեքով, կենցաղավարության մակարդակով, ճանապարհորդություններով, դղյակների սենյակների կամ տան սպասարկող անձնակազմի և թիկնապահների թվով, կամ հռետորաբանության մեջ գործածվող տերմինաբանությամբ չէ, որ դրսևորվել է:

    Ինչպես դասական հերոսներից մեկը հայտնի ֆիլմում՝ ի վերջո, բոլոր հիմարությունները երկրի երեսին արվում են դեմքի խելոք արտահայտությամբ: Այդպես, դեմքի խելոք արտահայտությամբ քաղաքական էլիտաները կամ արտահայտել, կամ էլ իրենցից գոհ թաքցրել են սեփական ժողովրդի հանդեպ իրենց իրական վերաբերմունքը՝ իր համբերությամբ և համառությամբ արցախյան հաղթանակ կերտած ժողովրդին երեք տասնամյակի ընթացքում հասցնելով պարտության: Ու դեռ բոլորին թվում է, թե մարդիկ այդ ամենը չեն հասկանում:

    Spread the love
    •  
    •  
    •  
    •  
    • 1
    •