• Tue. Mar 2nd, 2021

    Մանախ մականունով Արթուր Այվազյանը կոնկրետ դավաճանությունների դրվագներ էր նկարագրել

    «Պատերազմից անմիջապես հետո արդեն իսկ մի քանի քրեական գործեր պետք է հարուցված լինեին։ Պատերազմի առաջին օրերից բոլորը խոսում են դավաճանների մասին, դավաճանների անունները տալիս են, բայց որևէ քրեական գործ չի հարուցվել այդ առիթով»,- ասաց բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

    Նրա խոսքերով՝ այն փաստը, որ իշխանությունները, իրավապահ մարմինները չեն գնում դավաճանությունների վերաբերյալ հայտարարությունների հետքերով, խոսում է իրենց անպատասխանատու վարքագծի մասին։ «Սա նշանակում է, որ պատերազմից հետո էլ շարունակվում է նույն անպատասխանատու, անփույթ գործելաոճը։ Դավաճանությունների վերաբերյալ հայտարարությունները անպատասխանատու հայտարարություններ չեն։ Դրանք շատ կոնկրետ փաստեր են, թե ովքեր են պատերազմի օրերին, պատերազմի դաշտում զինվորներին ապատեղեկատվություն տվել, ապակողմնորոշել։ Մամուլում տարբեր անձանց կողմից կոնկրետ անուններ են հնչում։ Չգնալ այդ անունների, փաստերի հետևից, չպարզաբանել հանրության համար, թե ինչ է կատարվել իրականում, նշանակում է, որ իշխանությունը չի կրում պատասխանատվություն։ Այն, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե ինքը թիվ մեկ պատասխանատուն է կատարվածի, դա գործնականում ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը։

    Պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Շարունակ հնարավոր չէ մութ անտառում ապրել ու անընդհատ խոսել դավաճանության ու դավաճանների մասին միայն այն պատճառով, որ իշխանությունը քրեական գործեր չի հարուցում»,- ընդգծեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ հիմա արդեն երկու հարց է կարևոր՝ քրեական գործերի հարուցումը, և եթե չեն հարուցվում՝ դրանում իշխանության դրդապատճառները։

    Իրավապաշտպանի խոսքերով՝ հասկանալի է իրավապահ համակարգի նկատմամբ եղած անվստահությունը, բայց դա էլ է իշխանության մեղքը։ «Մենք մեղավոր չենք, որ մոտ 3 տարում իշխանությունը չկարողացավ իր համար վստահելի իրավապահ համակարգ ձևավորել։ Իրենք անգամ իրենց իշխանության համար դա չարեցին, էլ չասած՝ շարքային քաղաքացիների։ Հիմա ասել, որ իրավապահ համակարգին չենք վստահում և դրա համար քրեական գործեր չենք հարուցում դավաճանության հոդվածներով, անլուրջ և անպատասխանատու գործելակերպ է։ Դավաճանությունների հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել, ու դրա պատճառները պետք է պարզվեն, ու պատասխանատուները պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Իսկ եթե դա չի արվում, թող վարչապետը բացատրի, թե ինչու։ Չի՞ վստահում գլխավոր դատախազին, չի՞ վստահում իրավապահ համակարգին։ Թող հստակ ասի»,- ասաց Ալեքսանյանը՝ հավելելով, որ չի կարելի այս աստիճանի անլուրջ վերաբերմունք ունենալ մարդկային կյանքերի, զոհերի ընտանիքների նկատմամբ և այդ գործելակերպով իսկ հնարավորություն տալ դավաճաններին ամրապնդվել իրենց դիրքերում ու հաջորդիվ դիմել նմանատիպ այլ քայլերի։

    Հիշեցնենք, որ դավաճանությունների վերաբերյալ մամուլի մի քանի հրապարակումների հիման վրա Արցախի իրավապահ մարմինների կողմից կա հարուցված քրեական գործ, սակայն դրանք քննվում են շատ մակերեսային, չեն հարցաքննվում կոնկրետ անձինք, որոնք կարող են ավելի շատ մանրամասներ տրամադրել իրավապահ մարմիններին։

    Օրերս պատերազմի մասնակից Մանախ մականունով Արթուր Այվազյանը կոնկրետ դավաճանությունների դրվագներ էր նկարագրել, տվել մի քանի անուններ՝ պաշտպանության փոխնախարար Դավիթ Մանուկյան, Արցախի հերոս Արթուր Աղաբեկյան և այլ անուններ։

    Արթուր Այվազյանն այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ իր հարցազրույցից հետո իրեն հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն։ Ինքն արդեն իսկ հարցաքննվել է, բայց դժգոհ է քննությունից, քանի որ քրեական գործ է հարուցվել ոչ դավաճանության հոդվածով։ «Քրեական գործ է հարուցվել պատերազմական գործողությունների ժամանակ պաշտոնական լիազորությունների թերի կատարումը կամ չկատարումը, որը զավեշտալի է։ Քրեական գործ պետք է հարուցվեր դավաճանության հոդվածով։ Բայց արդեն առաջադրված հոդվածից երևում է, որ ջրոցի է գնում։ Ես հստակ դավաճանության մասին եմ խոսում, իրենք ասում են՝ պաշտոնական լիազորությունների թերի կատարում»,- ասաց Այվազյանը՝ հավելելով, որ ամբողջ ջանքերը ներդնելու է, որ դավաճանները պատասխան տան, քանի որ դրա հետևանքով իր ընկերներն են զոհվել։

    Spread the love
    •  
    •  
    •  
    •  
    • 15
    •