• Sat. Mar 6th, 2021

Մեծ ծավալով աշխատանքներ են տարվում՝ անհետ կորածներին և գերեվարվածներին հայտնաբերելու ու վերադարձնելու ուղղությամբ

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց, որ վերջին օրերին գործընկեր պատգամավորների հետ հանդիպում է ունեցել անհետ կորած զինծառայողների հարազատների հետ։

«Ներկայացրեցինք նրանց զավակներին հայտնաբերելու ուղղությամբ տարվող աշխատանքների հաջորդականությունը, ինչպես նաև լսեցինք նրանց կարծիքները կատարվածի վերաբերյալ: Տարբեր հարթակներում անդադար խոսվում է գերիների մասին, առանց գիտակցելու, որ այս հարցը շուտափույթ լուծում չունի և այդ քննարկումները միայն վնասելու են գործընթացին»։

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ մեծ ծավալով աշխատանքներ են տարվում՝ անհետ կորածներին և գերեվարվածներին հայտնաբերելու ու վերադարձնելու ուղղությամբ, որոնց ներգրավված են նաև նրանց հարազատները:

«Յուրաքանչյուրս մեր առավելագույնը պետք է անենք զոհվածների, գերի ընկածների և անհետ կորածների ընտանիքներին մեր բարոյահոգեբանական աջակցությունը ցուցաբերելու համար։ Պետք է փորձենք մեղմել նրանց ապրումներն ու չթողնենք, որպեսզի նրանք իրենց միայնակ զգան, ու սա պետք է անել հնարավորինս աննկատ՝ առանց ցուցադրական կոչերի ու գրառումների»։