• Tue. Mar 2nd, 2021

    Նպատակը՝ ռուս խաղաղապահների ուշադրությունն այս հարցին հրավիրելն էր. Դրմբոնի համայնքապետ

    Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի բնակիչները հունվարի 18-ին փակել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Քարվաճառ մեկնող ադրբեջանական շարասյան ճանապարհը: Այս մասին տեղեկացրեց Դրմբոնի համայնքապետ Աշոտ Հակոբյանը:

    «Ճանապարհը փակելու նպատակը  Վարդենիս տանող ճանապարհը մեզ համար ևս հասանելի դարձնելու պահանջն էր: Ադրբեջանցիները բեռնատարներով երթևեկում են և բեռներ են տեղափոխում Քարվաճառ: Մինչդեռ,  այդ նույն՝ բավականին կարճ ճանապարհով դեպի Վարդենիս երթևեկելն անհասանելի է մեզ համար: Մեր խաղաղ ակցիայի նպատակը ռուս խաղաղապահների ուշադրությունն այս հարցին հրավիրելն էր, որպեսզի անվտանգ պայմաններ ապահովեն՝ այս ճանապարհով Վարդենիս հասնելու համար»,- ասաց Դրմբոնի համայնքապետը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ՝ ճանապարհը փակելու գործողությունը դադարեցրել են, որովհետև ադրբեջանական ավտոշարասյանն ուղեկցող խաղաղապահ ուժերի ներկայացուցիչը  խոստացել է իրենց խնդրագիրը փոխանցել ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

    «Հույս ունենք, որ խնդիրը դրական լուծում կստանա, և կրկին ճանապարհը փակելու անհրաժեշտություն չի առաջանա», ավելացրեց Հակոբյանը:

    Հունվարի 18-ին «Ֆեյսբուք»-ի հայ օգտատերերից մեկի հրապարակած տեսանյութից հայտնի էր դարձել, որ Դրմբոնի բնակիչները փակել էին իրենց գյուղի տարածքով Քարվաճառ տանող ճանապարհը: Տեսանյութում խաղաղ ակցիայի մասնակիցներից մեկն ընդգծում է, որ Վարդենիս տանող 90 կիլոմետրանոց ճանապարհի փոխարեն՝ հարազատներին այցելելու համար, ստիպված են 500 կմ ճանապարհ անցնել: Ուստի խնդրում են ապահովել խաղաղ բնակչության անվտանգ ու անխոչընդոտ երթևեկությունը դեպի Վարդենիս: Նույն տեսանյութում, գյուղացիներին մոտեցած ռուս խաղաղապահը նշում է, որ իրենց առաքելության նպատակը հրադադարի ռեժիմի պահպանումն է և ենթակառուցվածքների աշխատանքի ապահովումը: «Այդ հարցը բարձր մակարդակում է որոշվում: Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի այդ խնդիրը լուծում ստանա»,- ասել է ռուս զինվորականը:

    Spread the love
    •  
    •  
    •  
    • 0
    • 1
    •