• Fri. Mar 5th, 2021

Որքանո՞վ են թշնամի երկրների զորավարժությունները վտանգավոր Հայաստանի համար

2020թ.-ին Թուրքիայի բանակի սպառազինություն մտած Սոնգար (Songar) հրաձգային ԱԹՍ-ները համակցվել են զրահամեքենայի հետ, որն անհրաժեշտության դեպքում կարող է հեռակառավարվել, գրում է ermenihaber-ը:

Սոնգար ԱԹՍ-ն կարողանում է ինքնուրույն թռիչք ու վայրէջք կատարել’ շնորհիվ այս գործողությունների համար զրահամեքենայի տանիքին հարմարեցված պլատֆորմի:

Նշվում է, որ այս համակցման շնորհիվ զրահամեքենաները կարող են նախապես օդից հայտնաբերել թիրախները և ավելի հեռու տարածությունից կատարել իրենց օպերացիան:

Սոնգար մարտական ԱԹՍ-ների վրա տեղադրված է ինքնաձիգ և առանձին փամփշտատուփ՝ 200 փամփուշտով: 3 կմ խոցման հեռավորություն ունեցող համակարգը կարողանում է մարտական խնդիրներ լուծել թե՛ ցերեկային, թե՛ գիշերային պայմաններում: ԱԹՍ-ի վերջին մոդիֆիկացման արդյունքում այն կկարողանա նաև ռումբեր նետել:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը զբաղված են սեփական օրակարգերով, իրար հասցեին մեղադրանքներ և վիրավորանքներ հնչեցնելով, իսկ իրականում՝ աթոռակռվով, թշնամական երկու երկիր՝ Թուրքիան և Ադրբեջանը, փետրվարի 1-ից 12-ը պատմական Հայաստանի Կարս քաղաքում համատեղ զորավարժություն կանցկացնեն, որին կներգրավվեն տանկային ստորաբաժանումներ, դիպուկահար խմբեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմ, հատուկ ջոկատայիններ և օդուժ:

Ինչպես հայտնում է Թուրքիայի իշխանամերձ «Ahaber» լրատվամիջոցը, առաջիկա այդ զորավարժությունը ուժի ցուցադրում է Հայաստանին։ Նկատենք՝ նախորդ անգամ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները տեղի էին ունեցել 2020-ի օգոստոսին, որից մեկ ամիս անց Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հարձակվեց Արցախի վրա:

Ընդ որում, ադրբեջանաթուրքական զորավարժությունների մասին հայտարարվեց Տավուշի մարզի Մովսես, Չինարի գյուղերի ուղղությամբ հուլիսի 12-ին սկսված հայ-ադրբեջանական ռազմական գործողություններից հետո, որոնց արդյունքում հայկական կողմը, փաստորեն, ունեցել էր դիրքային առավելություն: Ֆիքսենք, որ այս անգամ ևս զորավարժությունները տևելու են տասը օր, ինչպես և եղավ ամռանը:

Որքանո՞վ են այս անգամ զորավարժությունները վտանգավոր Հայաստանի համար, և ի՞նչ դեր պետք է ունենա ՀՀ անվտանգության երաշխավոր Ռուսաստանի Դաշնությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՌԴ պետդումայի պատգամավոր Օլեգ Մորոզովի հետ, որը շտապեց հայտնել, թե չպետք է անհանգստանալ այդ զորավարժություններից՝ հիշեցնելով, որ այժմ Ղարաբաղի տարածքում ռուս խաղաղապահներն են. «Աշխարհաքաղաքական իրավիճակը, որն այժմ ստեղծվել է Կովկասում, հնարավորություն է տալիս խաղաղություն պահպանել տարածաշրջանում՝ շնորհիվ ռուս խաղաղապահների առկայության: Ի տարբերություն Թուրքիայի, որն առաջին օրերից ամեն կերպ աջակցում էր Ադրբեջանին, Ռուսաստանի Դաշնությունը խաղաղության կողմնակից էր: Իհարկե, Հայաստանը նոյեմբերի 9-ի հայտարարությունը պարտություն է համարում, սակայն դա միակ խելացի փոխզիջումն էր: Հայաստանում իշխանության պետք է գա ազգային լիդեր, որը Հայաստանը կհանի այս վիճակից»:

Եվ չնայած թուրք-ադրբեջանական զորավարժություններն անցկացվելու են Հայաստանի սահմանի մոտ, սակայն ռուս պաշտոնյան այդ ամենից Հայաստանի համար որևէ վտանգ չէր տեսնում: Իսկ ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Թուրքիան այսպես ցանկանում է բարձր պահել իր քաղաքական դերակատարությունը, քանի որ արցախյան պատերազմով հույս են ունեցել գոնե խաղաղապահներ տեղակայել, որը կրկին չի կայացել:

«Ռուս խաղաղապահների առկայությունը փաստացի բացառում է պատերազմի հավանականությունը: Ես չեմ հավատում մասշտաբային պատերազմի հավանականությանը: Բոլորն էլ հասկանում են, որ ռուսական կողմն առանց հետևանք չի թողնի իր խաղաղապահների վրա հարձակումը», – նկատեց նա՝ հավելելով՝ ժամանակն է, որ Հայաստանի Հանրապետությունում ռուսական կողմը ևս մեկ ռազմական բազա ունենա:

Հավելենք, որ մինչ Հայաստանի թշնամիներ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժության են պատրաստվում, Հայաստանում իշխանությունն ու ընդդիմությունը զբաղված են իրենց օրակարգերով՝ աթոռակռվով ու ընտրություններին պատրաստվելով՝ չմտածելով, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ մեր քթի տակ ռազմական ծանր տեխնիկայի կուտակումը»: