• Fri. Mar 5th, 2021

Ռուսական գազային հսկան կարող է հայտնվել Ռուսաստանի քաղաքական իշխանության հանդեպ ․․․

Եվրապարտատոմսերի էմիսիայի վերաբերյալ զեկույցում «Գազպրոմ» ընկերությունն առաջին անգամ արտահայտվել է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի նախագծի դադարեցման հավանականության մասին: Ընկերությունը նշում է, որ բախվում են քաղաքական լուրջ ճնշումների և չեն կարող բացառել, որ նախագծի իրագործումը ստիպված կլինեն դադարեցնել այդ ճնշումների հետևանքով:

Իհարկե, «Գազպրոմի» գնահատականը այդպիսի հավանականությունը դիտարկում է ծայրահեղության համատեքստում, սակայն այն, որ առաջին անգամ խոսվում է այդ մասին, հատկանշական է: Միացյալ Նահանգները ավելացնում է ճնշումը Եվրոպայի վրա «Հյուսիսային հոսք-2»-ից հրաժարվելու հարցում: Կիրառվում են նոր պատժամիջոցներ այն ընկերությունների հանդեպ, որոնք կներգրավվեն շինարարությանը: Թեև Գերմանիան փորձում է անել ամեն ինչ նախագիծը փրկելու համար, սակայն այն, որ «Գազպրոմը» անգամ խոսում է դադարեցնելու մասին, վկայում է, թե որքան լուրջ է ամերիկյան ճնշումը:

Այստեղ հարցը, անշուշտ, միայն էներգետիկ-ենթակառուցվածքային չէ, այլ նաև քաղաքական: Ընդ որում, եթե ավելացող ճնշումների ֆոնին «Գազպրոմը» խոսում է դադարեցման հնարավորության մասին, կարող ենք մտածել, որ խոսքը գուցե նույնիսկ ՌԴ ներքաղաքական համատեքստի մասին է: Չի բացառվում, որ «Գազպրոմի» անդրադարձն ու դադարեցման հավանականության վերաբերյալ աննախադեպ դիտարկումը վկայում է Ռուսաստանի ներսում առկա հակասությունների մասին: Ի վերջո, «Գազպրոմը» որքան էլ պետական, այդուհանդերձ, տնտեսական սուբյեկտ է: Որքան էլ պետությունը գազը օգտագործում է նաև իբրև արտաքին քաղաքական գործիք, ընկերությունն այդուհանդերձ առաջնորդվում է տնտեսական շահերով ու պատկերացումներով: Երբ արտաքին քաղաքական գործիքը աշխատում է, «Գազպրոմի» համար խնդիր չէ, քանի որ ոչ միայն չի խանգարում տնտեսականին, այլ կարող է նույնիսկ նպաստել: Սակայն երբ Ռուսաստանի քաղաքականությունը արդեն խնդիրներ է ստեղծում «Գազպրոմի» տնտեսական հեռանկարների համար, իսկ գազային մահակի դերը նվազում է, այստեղ արդեն առաջանում է շահերի բախում ՌԴ պետական քաղաքականության ու «Գազպրոմի» տնտեսական նպատակների կամ մոտիվների միջև:

Իսկ սա իր հերթին նշանակում է, որ ռուսական գազային հսկան, իհարկե, ոչ բացահայտ, ոչ ուղիղ քաղաքականության, բայց խորքային իմաստով կարող է հայտնվել Ռուսաստանի քաղաքական իշխանության հանդեպ, այսպես ասած, ընդդիմության կարգավիճակում: Ասել կուզի, դժգոհությունն, իհարկե, չի արտահայտվի ուղիղ, սակայն հնարավոր է՝ գազպրոմյան շահառուները կփորձեն իրենց ներիշխանական ազդեցությունը բանեցնել Ռուսաստանին Արևմուտքի հետ որոշակի պայմանավորվածությունների մղելու համար, այդ թվում և հարկ եղած դեպքում նրբորեն աշխատելով ՌԴ իշխանության ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու վրա: Այդ գործընթացներին Հայաստանից պետք է հետևել ուշի-ուշով: