• Sat. Mar 6th, 2021

Վիճաբանություն՝ Քոչարյանի, պաշտպանների, Խաչատուրովի և մեղադրող դատախազի միջև

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին վիճաբանություն տեղի ունեցավ Քոչարյանի պաշտպանների եւ մեղադրող դատախազներից Գեւորգ Բաղդասարյանի միջեւ:

Վիճաբանությունը սկսվեց այն բանից հետո, երբ դատախազը դիրքորոշում էր հայտնում պաշտպանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ՝ մասնավորապես անդրադառնալով Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանի այն մտքին, թե նա պաշտպանում է Շուշին հանձնողներին, Բաղդասարյանն ասաց. «Ես երբեք հանձնողներին չեմ պաշտպանում…»: Բաղդասարյանը չէր ավարտել միտքը, երբ պաշտպանական կողմից հնչեց արտահայտություն, թե դատախազն է հանձնել Շուշին. «Ո՞վ է հանձնել, խնդրում եմ պարզաբանել, հաղորդում ներկայացնել»,- ասաց Բաղդասարյանը: Ի պատասխան՝ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը, դիմելով դատախազին, ասաց. «Հանձնողներից մեկն ես, էլի»։

«Հանձնողներից մեկը դուք եք, ես հանձնո՞ղ եմ, ո՞վ ա հանձնող»,- հակադարձեց դատախազը: Փոխադարձ մեղադրանքներից հետո դատավորը ընդմիջում հայտարարեց:

Կարծիք արտահայտեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մյուս ամբաստանյալ Յուրի Խաչատուրովը:

Նա ասաց, թե երկու տարի գալիս է այս նիստերին ու չի հասկանում՝ ինչում է ինքը մեղավոր։ «Այն, ինչ կատարվեց սեպտեմբերին, հոկտեմբերին եւ նոյեմբերի սկզբին, սարսափելի էր: Ամենահետաքրքիրն այն է, որ նրանք, ովքեր մեղավոր են դրանում, ասում են նրանց` դատախազներին, որ մեզ բանտ նստեցնեն, ինչպե՞ս կարող է սա չվրդովեցնել, հարգելի դատարան, դուք դավաճանների աջակիցն եք», – ասաց Խաչատուրովը։

«Երկուսուկես տարի փորձում են դատել Շուշին ազատագրողներին, Քելբաջարն ազատագրողներին, դա ուղիղ նպաստել է այն ամեն ինչին, ինչ կատարվեց երկու ամիս առաջ, ուղիղ նպաստեց՝ վարկաբեկելով բանակը, վարկաբեկելով գեներալ-գնդապետներին, մի ասացվածք կա՝ «երբ ազգը չի մեծարում իր հերոսներին, մնում է առանց հերոսների», ընդամենն իմ ասածը սա է նշանակում»,- ասաց ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը։

Ամբաստանյալը նշեց, թե մարդիկ, որոնք նպաստում են այն պաշտոնյաներին, որոնք ուղղակի պատասխանատու են այս ամենի համար՝ հողերի կորստի համար, զոհերի, անհետ կորածների համար, կամա թե ակամա նպաստել են այդ ամեն ինչին․ «Սա իմ համոզմուքն է, եւ այդ համոզմունքը արտահայտելու եմ ամեն տեղ, ներառյալ՝ այս դատական նիստին»:

Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ իր մեղադրանքի մեխը արտակարգ դրություն մտցնելն է․ «Մոտ մեկ տարի է՝ մենք ապրում ենք կա՛մ արտակարգ դրության, կա՛մ ռազմական դրության պայմաններում: Դատախազները այստեղ անելիք ունե՞ն, թե՞ չունեն»:

Նա ասաց, որ ռազմական դրությունը պահելով՝ Շուռնուխում թուրքը գալիս ասում է՝ «էս տները պետք է ազատեք»։ Ու մեր սահմանը պահողը գյուղապետն է իր մի քանի գյուղացիով, պետական հիմնական ֆունկցիան երկրի սահմանները պահելն է, քաղաքացիների անվտանգությունը պահելն է, ով է անում, սահմանադրական կարգն այստե՞ղ է տապալվել, թե՞ Մարտի մեկին է տապալվել 2008 թվականին, կարո՞ղ եք ինձ բացատրել»։

Նրա գնահատմամբ՝ պետականությունը վարկաբեկվել է․ «Այս իշխանափոխության հիմնական կարգախոսը եղել է հպարտ քաղաքացիներ. ավելի նվաստացած քաղաքացի Հայաստանը իր պատմության մեջ երբեք չի ունեցել, ոչ միայն ՀՀ քաղաքացին, յուրաքանչյուր հայ աշխարհում։ Մոսկվայում ամաչում են, չեն կարողանում մի տեղ ռեստորան գնալ, որովհետև ադրբեջանցի են տեսնում՝ ամոթից մեռնում են, մկան ծակը փնտրում են, որ չերեւան: Այս ամենը սկսվեց այս քրեական գործից: Ինչ վերաբերում է դատախազին, ընդհանրապես տղամարդու կեցվածքի մեջ ինձ համար ամենաանընդունելին լաչառությունն է, գոռգոռալն է, բան եմ ասել, այո, մտածել եմ ասել եմ: Կարող էր ընդմիջման ժամանակ ասել՝ պարոն նախագահ, ինչո՞ւ եք այսպես արտահայտվում, նորմալ հանգիստ կզրուցեինք: Էս ինչ պահվածք էր: Իմ ուղեղի մեջ չի տեղավորվում նաեւ այս աստիճանի պաշտոնյայի այսպիսի պահվածքը, եւ դա գալիս է նրանից, որ մենք այս երկրում ունենք համար մեկ լաչառ»: