• Fri. Mar 5th, 2021

17-ի առաջնորդներն այլևս ակտիվ չեն. Վազգեն Մանուկյանը չընդունվե՞ց

Ընդդիմության փողոցային պայքարը, կարծես թե, մարում է: Համենայնդեպս, ինչ 2021 թվականը սկսվել է, փողոցային պայքարը չի շարունակվում, ու «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ 17 կուսակցությունների լիդերներն առաջվա ակտիվությամբ ու ջերմեռանդությամբ չեն հանդիպում միմյանց հետ, չեն քննարկում առաջիկա անելիքները, և ընդդիմության դաշտում այն նույն խուճապային ու անկումային տրամադրություններն են, ինչ իշխանությունների ներսում է:

Մենք բազմիցս ենք հրապարակել, որ 17 կուսակցություններից ոչ բոլորի համար է ընդունելի եղել Վազգեն Մանուկյանին ՀՀ վարչապետի միասնական թեկնածու առաջադնելու գաղափարը, ու հատկապես նախօրեին՝ Գյումրիում տեղի ունեցած տհաճ միջադեպից հետո, ավելի է ամրացել քաղաքական լիդերների մոտ այդ տպավորությունը: Հասկանալի է միաժամանակ նաև, որ ընդդիմությունը այս պահին չի կարող ՀՀ վարչապետի իր թեկնածուին փոխել, քանի որ ստացվելու է, որ դեռևս հաջողություն չունենալով՝ պարտվեցին, և Վազգեն Մանուկյանը, այնուամենայնիվ, չկարողացավ դառնալ միասնական թեկնածու:

17 կուսակցության լիդերներն էլ, իրենց օրակարգում ունենալով միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը՝ որպես նպատակ ու ծրագիր, որևէ այլ մեսիջ հանրությանը չկարողացան այդպես էլ փոխանցել:

Դեռևս նոյեմբերի 9-ից համախմբված 17 կուսակցությունները՝ որպես միասնական ընդդիմություն, մինչև այսօր գեթ մեկ հաջողություն չի կարողացել գրանցել»:

«Հայրենիքի փրկության շարժումը» շարունակում է մարզային հանդիպումները։ Այս անգամ Վանաձորում հանդիպմանը մասնակցում էին նաև ներկա և նախկին քաղաքապետներ։ Ներկա քաղաքապետներից հանդիպմանը մասնակցում էին Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանն ու Թումանյանի քաղաքապետ Լևոն Զավարյանը։ Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանին չի մտահոգում այն, որ, գնալով, շարժման աջակիցների շարքերը նոսրանում են։ Նա նշեց, որ ում հետ զրուցում է, բոլորն այն կարծիքին են, որ այս իշխանությունը չպետք է մնա։

«Իշխանությունը պետք է փոխվի՝ լինի դա ընտրությունների միջոցով, թե այս պահին ԱԺ-ի միջոցով, այնուամենայնիվ, պետք է փոխվի»,- ասաց քաղաքապետը։ Իսկ թե ինչու քաղաքացիները չեն աջակցում այդ հավաքներին, Գագիկ Սահակյանը նշեց․ «Դա երևի ձեր կարծիքն է, ես, օրինակ, այն օրը, որ հավաքվել էինք Վանաձորում, նման բան չտեսա, շատ մարդ կար»։ Հարցին՝ դեմ լինելով՝ ինչպես է շարունակում աշխատել իշխանությունների հետ, Սահակյանը նշեց, որ ինքը չի աշխատում իշխանությունների հետ, քանի որ ինքնակառավարում է։ «Ես չեմ աշխատում, և որևէ ՏԻՄ իշխանությունների հետ չեմ աշխատում, աշխատում եմ օրենքներով և կառավարության որոշումներով։ Մենք կատարում ենք մեր առջև դրված խնդիրները և կոնկրետ մեր բնակիչների պահանջներն ենք իրականացնում մեր լիազորությունների շրջանակներում։ Իշխանությունների մասին խոսում ենք, որովհետև պարտվել են մարդիկ, ինչու չեն գնում։ Իմ պահանջով՝ ԱԺ-ն ցրելը չէ կամ նոր արտահերթ ընտրություններ անելը չէ, այս պահին կա պարտված վարչապետ, որը պետք է հեռանա, որպեսզի կարողանանք նորմալ քննություն իրականացնել, մեր սխալները հասկանալ և առաջ գնալ։ Այլապես այս անորոշությունը որևէ մեկին ձեռնտու չէ»,- ասաց նա։

Իսկ թե ինչու են դեմ արտահերթ ընտրություններին, ինչու չեն ուզում մասնակցել ընտրություններին, տեսնել՝ որքանով է հանրությունը վստահում ուժերին, նշեց․ «Բայց հասարակությունը ամբողջությամբ տեղյակ չէ ամբողջ գործունեությունից, որն իրականացվել է համաճարակի և պատերազմի պայմաններում, և որպեսզի հասարակությունը ամբողջությամբ տեղյակ լինի և ճիշտ կողմնորոշվի, հարկավոր է, որ կոնկրետ վարչապետը հեռանա և տեղը զիջի թեկուզ իր թիմակիցներից որևէ մեկին, որ կարողանա քննություն իրականացնել, որպեսզի հասկանան՝ եթե սխալվել է այսօրվա իշխանությունը, նորից ժողովուրդը կբերի՞ իշխանության իրենց, և եթե չեն բացահայտում, ուրեմն ժողովուրդը կարող է իրականացնել շատ սխալ ընտրություն, ինչպես, իմ կարծիքով, եղել է 2018-ին»։

Գագիկ Սահակյանը կարծում է, որ պետք է շարունակել պայքարը, եթե մենք ուզում ենք ունենալ մեր երազանքի երկիրը, ազատ և պաշտպանված, ապագա ունեցող բարեկեցիկ կյանքով ապրող ժողովուրդ, պայքարը երբեք պետք չէ դադարեցնել․ «Սա անընդհատ պայքար է, և այսօր պայքարը նրա համար է, որ բոլոր խոչընդոտները վերացնենք, իսկ հիմա հասարակությանը զերծ են պահում իրականությունն իմանալուց։ Ինձ համար անընդունելի է, երբ երկրի վարչապետին ասում են դավաճան, և որևէ մեկը զրպարտելու համար պատասխանատվություն չի կրում, եթե զրպարտել է։ Այդ իսկ պատճառով վարչապետը մեծահոգաբար պետք է հեռանա և իր տեղը զիջի իր թիմակիցներին»։

Քաղաքապետի դիտարկմամբ՝ «Հայրենիքի փրկության շարժմանը» մասնակցել դա դեռ չի նշանակում, որ ինքն անվերապահ վստահում է Վազգեն Մանուկյանին։ «Այս պահին իմ թիմակիցների, իմ ընկերների և իմ առջև կա խնդիր՝ անաչառ քննություն իրականացնել, իսկ դրա համար պետք է վարչապետը հրաժարական տա»,- ասաց Գագիկ Սահակյանը։

Թումանյանի քաղաքապետ Լևոն Զավարյանը գտնում է, որ ճիշտը «Հայրենիքի փրկության շարժմանը» միանալն է, դրա համար միացել է, իսկ այն, որ քչերն են միանում, այս քաղաքապետին մտահոգում է․ «Ամեն մարդ մի ձև է մտածում»,- ասաց նա։

Նա կարծում է, որ լիդերի հարցը Փաշինյանից հետո արագ կլուծվի․ «Իմ ազգը ինչի տե՞նց ազգ է, որ լիդեր չունենա, ամբողջ աշխարհը զարմացած է մեր հայ ազգով, ուրեմն մենք չենք կարո՞ղ լիդեր ունենալ։ Ընթացքում լիդեր կլինի»։

Այնուամենայնիվ, արտահերթ ընտրություններն այս պահին, ըստ նրա, սխալ են, ընտրություններ կարելի է մեկ տարի հետո անել։ «Նախ՝ խաղաղվի էս վիճակը, ճգնաժամից դուրս գանք, նոր»,- ասաց նա։

Տեսակետ կա, որ ապակայունացում են մտցնում 17 ուժերն իրենց քայլերով։ Քաղաքապետը համաձայն չէ․ «Այդ տեսակետը գիտենք՝ ումից է գալիս, էս երկիրը էս վիճակից հասցնողներն են այդ տեսակետը հայտնում, իսկ այս վիճակին հասցրել է այս կառավարությունը»։ Նախկին իշխանությունները դրա հետ, ըստ նրա, որևէ կապ չունեն․ «Նախկինների հետ բոլորի հետ աշխատել եմ, ժամանակ է եղել, որ երկիրը ծաղկել է, լույս չունեինք, հաց չունեինք, ոչինչ չունենք, 1999-2000 թվականներին աշխատավարձ չէինք ստանում, հետո աշխատավարձերն էլ բարձրացան, լուսավորություն եղավ, ծրագրեր էլ իրականացրինք, գազաֆիկացում արինք, դա նախկինների ժամանակ չի եղե՞լ։ Էդ որ ասում եք՝ նախկիների կոռուպցիա, ուր է, որևէ մեկին չդատեցին, հիմա չկա՞ կոռուպցիա։ Ամբողջ աշխարհում կոռուպցիա է, ուզում եք՝ Հայաստանում կոռուպցիա չլինի՞»։