• Fri. Mar 5th, 2021

Գերիների հարցն ընդդիմությունը շահարկում է էժան դիվիդենտների համար

ԱԺ – Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը բարձրացրեց Ադրբեջանում հայ գերիների հարցը, և ըստ այդմ՝ հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ պատգամավորներն այս բնույթի հարցերով նպաստում են, որ ոչ թե լուծվի գերիների հարցն, այլ որքան հնարավոր է ձգձգվի այն, որի արդյունքում շրջանառության մեջ կդրվեն նոր հարցեր։ Ի մասնավորի, ՀՀ վարչապետն իր հերթին հարցեր ուղղեց, թե ինչու նախկինում չէր խոսվում գերիների վերադարձման մասին, ինչու չէր բարձրաձայնվում, թե ինչու չստորագրվեց Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրն ու համանման հարցեր, մինչդեռ հիմա էժան դիվիդենտներ հավաքելու համար անընդմեջ բարձրաձայնվում են հարցեր ․․․

«Բավական երկար տարիներ ՀՀ-ից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում։ Հիմա պարզապես պարզ է, որ գերիների թիվը մեծ է, բայց եթե այդ տրամաբանությամբ նայենք, այդ ողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո։ Ինչո՞ւ այս դահլիճում այդ հարցը երկար տարիների ընթացքում չի հնչել։ Ընդ որում, այդ հարցը միշտ եղել է Հայաստանի օրակարգում՝ գերիների վերադարձը։ Ինչո՞ւ այդ հարցը չի հնչել, որ երկար տարիներ եղել են հայ-ադրբեջանական բանակցություններ, ինչո՞ւ մենք ամեն անգամ այդ հարցը չենք բարձրացրել՝ դուք գնացիք, գերիների հարցը չլուծվեց, հետևաբար, ինչո՞ւ հրաժարական չեք տալիս։ Ինչո՞ւ չի հնչել ամեն անգամ՝ այ դուք, գնացիք, բանակցեցիք, Ղարաբաղի հարցը չկարողացաք լուծել, ինչո՞ւ հրաժարական չեք տալիս։ Դուք գնացիք բանակցեցիք և Ասոցացման պայմանագիրը չկարողացաք ստորագրել, ինչո՞ւ հրաժարական չեք տալիս։ Պետք է հասկանանք՝ մենք ուզում ենք գերիները վերադառնան, թե՞ մենք ուզում ենք գերիների չվերադառնալու վրա քաղաքական միավորներ շահենք։ Ես չեմ տեսել ընդդիմադիր դաշտից մի գործողություն, որն առնվազն չխանգարի գերիների վերադարձին»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ շատ դժվար է հինգ ճակատով պայքարել գերիների վերադարձի հարցի շուրջ։ «Դուք այսօր հարցեր եք տալիս, որոնց արձագանքներն առաջիկայում կտեսնենք։ Թվում է, թե դուք հարց եք տալիս ճանապարհների անվտանգությունն ապահովելու համար, բայց իրականում հարց ենք տալիս էժան քաղաքական միավոր շահելու համար, որի արդյունքում այդ ճանապարհի գործունեության համար ձևավորվում է շատ կոնկրետ վտանգ»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ գերիների վերաբերյալ հարցերը ևս վնասում են գործընթացին։

«Իշխանությունը պատկանում է ժողովրդին, և իշխանության վերաբերյալ որոշումներ պետք է կայացնի ժողովուրդը, իշխանության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը։ Մենք չենք անի այնպիսի քայլ, որը ժողովրդին կզրկի իշխանության վերաբերյալ որոշումներ կայացնելու հնարավորությունից և լծակներից և իշխանության հարցը կտեղափոխի փակ սենյակներում քննարկումների տրամաբանության»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր հրաժարականի հարցին։

Նա ասաց, որ իր առաջարկը՝ արտահերթ ընտրությունների հարցով խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ, շարունակում է մնալ ուժի մեջ։ Բայց խորհրդարանական ուժերը մերժում են դա։ «Եթե խորհրդարանական ընդդիմադիր ուժերը շարունակեն մերժել այդ տրամաբանությունը, մենք համապատասխան դիրքորոշում կձևավորենք արդեն այդ իրողության նկատմամբ։ Բայց հարցը այն է, որ բոլոր հարցերի լուծման համատեքստում վճռորոշ խոսքը պատկանում է ժողովրդին։ Եվ մենք թույլ չենք տա այնպիսի զարգացում, որ այս բանաձևը խախտվի»,- նշեց Փաշինյանը։

Ըստ նրա՝ եթե այդ ուժերը մերժում են արտահերթ ընտրությունների անցկացումը, նշանակում է այս գլխից արձանագրում են իրենց պարտությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ «Քննարկումները շարունակվում են, և մենք պատրաստ ենք քննարկել բոլոր ուժերի հետ այդ օրակարգը։ Բայց այն պայմաններում, երբ ընդդիմությունն ասում է՝ ոչ մի արտահերթ ընտրություն, անտրամաբանական է, որ իշխող մեծամասնությունն ասի՝ չէ որ չէ, պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- հավելեց Փաշինյանը։

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցին՝ վարչապետը նշեց, որ անընդունելի է համարում Ադրբեջանում հայատյացություն քարոզող դրոշմանիշի ստեղծումը։

«Ադրբեջանի ղեկավարությունը վերջերս հաճախ խոսում է հայկական ֆաշիզմի մասին, բայց ակնհայտ է, որ ֆաշիզմի դրսևորումներ մենք տեսնում ենք, ընդ որում՝ նյութական ապացուցելի դրսևորումներ մենք տեսնում ենք Ադրբեջանում, որովհետև, ինչքան ինձ հայտնի է, նմանատիպ դրոշմանիշ, որը Ադրբեջանում հրապարակվել է, համենայն դեպս այդպիսի դրոշմանիշ եղել է մեկ էլ ֆաշիստական Գերմանիայում, և այս փաստը ինքնին շատ խոսուն է»։

Ըստ Փաշինյանի՝ այս պարագայում անելիք ունի ոչ միայն Կառավարությունը, այլ նաև խորհրդարանը։ «Պարզապես պետք է այդ դրոշմանիշը ցույց տալ, ի ցույց դնել հնարավորինս լայն շրջանակներում։ Ես նկատի ունեմ միջազգային կազմակերպություններին և գործընկերներին»։

Անդրադառնալով պատերազմից հետո Ադրբեջանում հայատյացության քարոզի ծավալների մեծացմանը՝ վարչապետը նշեց, որ պատերազմը ունի հետցնցումներ։ «Ոչ միայն մեր պատերազմը, այլև ընդհանրապես ցանկացած պատերազմ ունի հետցնցումներ, այսինքն՝ այնպես չէ, որ պատերազմը ուղղակի մի օրում կանգնում է։ Ձեր հարցը մեկն էր, բայց ուներ բազմաթիվ շերտեր, և այդ շերտերից յուրաքնաչյուրին առանձին չանդրադառնալու համար կասեմ, որ մեր խնդիրն է կառավարել այդ իրավիճակը։ Նոյեմբերի 9-ից հետո բազմիցս առիթ ունեցել եմ ասելու, որ մեր հիմնական խնդիրը Հայաստանի և Արցախի շուրջ որոշակի կայունություն ապահովելն է, և նաև, այո, որոշակի կառավարելը և արձագանքելը այն իրավիճակներին, որոնց վերաբերյալ դուք ձեր հարցում նշեցիք»։