• Fri. Apr 23rd, 2021

ԱՄՆ նոր վարչակազմը որքանով է պատրաստ էական կոնֆլիկտի մեջ չմտնել Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում իր թեկնածության լսումներից հետո ուղղված գրավոր հարցերի պատասխաններում ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը նշել է, թե Ջո Բայդենի վարչակազմը կարող է վերանայել Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը: Խոսքը, բնականաբար, Արցախի դեմ պատերազմի հետևանքով առկա իրադրության, պատերազմի հանգամանքի և դրանից բխելիք մոտեցման մասին է:

Ըստ Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության՝ պետքարտուղարի թեկնածու առաջադրված Բլինքենը ասել է, որ ԱՄՆ-ը կարող է դիտարկել 907 բանաձևի, այսինքն՝ Ադրբեջանին զենքի վաճառքի արգելքի վերականգնման հարցը: 907 բանաձևը, որ հաստատվել էր ԱՄՆ-ում արցախյան հակամարտության առիթով, և որով արգելվում էր Ադրբեջանին զենքի վաճառքը, քանի դեռ կարգավորված չէ արցախյան հակամարտությունը, չեղարկվեց 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում Բուշ կրտսերի վարչակազմը Ադրբեջանը դիտարկում էր Աֆղանստան թալիբների ուղղությամբ գործողությունների գործընկեր, մասնավորապես տարանցիկ փոխադրումների իմաստով: Այդ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի տրամաբանության ներքո էլ տարիների ընթացքում չեղարկվեց 907 բանաձևը, մասնակիորեն վերացվեց Ադրբեջանին զենքի վաճառքի արգելքը:

Սակայն Արցախի դեմ երկրորդ պատերազմը ակնառու դարձրեց այն, որ Բաքուն ոչ միայն ռազմական ագրեսիայի է ենթարկել Արցախը, խաղաղ բնակչությանը, ոչ միայն գործել է ահաբեկչության ոճով, այլև գործել է հենց միջազգային ահաբեկիչների հետ գործակցած՝ Թուրքիայի հրամանատարությամբ: Այլ կերպ ասած՝ Բաքուն միջազգային ահաբեկչության աջակցությամբ է հարձակվել Արցախի վրա: Ահա այդ իմաստով ԱՄՆ-ը ոչ միայն ունի բոլոր հիմքերը, այլև թերևս բարոյական պարտավորություն ունի Բաքվի դեմ 907 բանաձևը վերականգնելու համար:

Սակայն այստեղ կա ևս մի հարց: Մեծ հաշվով, կվերականգնվի այդ արգելքը, թե ոչ՝ ավելի շուտ պոստֆակտում բարոյական քայլ է, որը քիչ պրակտիկ նշանակություն կունենա, եթե գործուն բաղադրիչներ չլինեն այն ստատուս-քվոն վերանայելու ուղղությամբ, որը ձևավորվել է միջազգային ահաբեկչության հետ ձեռք ձեռքի տված թուրք-ադրբեջանական գրոհի հետևանքով: ԱՄՆ զենքի վաճառքի արգելքը Ադրբեջանի համար ներկայումս թերևս ոչինչ է՝ հատկապես նկատի ունենալով, որ Բաքուն որպես իր սպառազինության հիմնական աղբյուր դիտարկում է Իսրայել, Թուրքիա և Ռուսաստան եռյակը: Հետևաբար միջազգային ահաբեկչության դեմ պայքարի տրամաբանությունը և այդ պայքարում գլոբալ առաջատարի ամերիկյան հանձնառությունը թերևս անհրաժեշտ է դարձնում ավելի գործուն քայլեր ձեռնարկել Արցախի դեմ որևէ նոր ագրեսիայի կանխարգելման, այդ ագրեսիայի ադրբեջանական ներուժի թուլացման ուղղությամբ:

Սա, իհարկե, կախված է այն բանից, թե ԱՄՆ նոր վարչակազմը որքանով է պարզապես փորձում մի կողմից՝ դուր գալ հայերին, մյուս կողմից՝ էական կոնֆլիկտի մեջ չմտնել Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, և թե որքանով է իրապես ձգտելու աշխուժորեն վերականգնել այն անմիջական դերակատարման բացը, որ Նահանգները Կովկասում թույլ տվեց Թրամփի քաղաքականության հետևանքով: