• Mon. Mar 8th, 2021

Ապաշրջափակումը եւ գերիների հարցը կապակցված են

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ Ադրբերջանի հետ հաղորդակցություններն ապաշրջափակելու հարցին։

«Այո, ընդհանուր առմամբ անհանգստացնող են շարունակում մնալ և Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը, և Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները։ Օրինակ՝ նույն թուրք-ադրբեջանական զորավարժությունները, որոնք ընթանում են, նույնպես ցույց են տալիս, որ Թուրքիայի ղեկավարությունը, երբ հայտարարում է, որ Հայաստանի հետ կարող են ունենալ հարաբերություններ, դրանց հետևում են գործողություններ, որոնք այդքան էլ համահունչ չեն իրենց հայտարարությունների ոգուն»,- ասաց Ռուբինյանը։

Նա հավելեց, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը դեռ տեղի չի ունեցել։ «Այսինքն՝ հայտարարություն է ստորագրվել, ըստ որի՝ պետք է ստեղծվեր և ստեղծվել է հանձնաժողով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ, որը պետք է քննարկի այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ են ապաշրջափակման իրագործման համար։ Եվ, բնականաբար, միջավայրը՝ և հռետորաբանությունը, և գործողությունները Ադրբեջանի ազդելու են այս գործընթացի արդյունավետ կամ ոչ արդյունավետ ընթացքի վրա, ինչը նաև կիրառվելու է ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցի համատեքստում»,- նշեց նա։