• Thu. Mar 4th, 2021

Թուրքիայի «շարժը» դեպի Արևմուտք, այդ թվում՝ Եվրոպա, հարաբերության բարելավման նպատակով

Եվրոպական խորհրդարանը ընդունել է ընդհանուր պաշտպանական և անվտանգային քաղաքականության հարցերին վերաբերող զեկույց բանաձևեր, որոնցում կարևոր անդրադարձեր կան Արցախի դեմ պատերազմին, Թուրքիայի և Ադրբեջանի գործողություններին, մարդու իրավունքների խախտումներին, մարդասիրական խնդիրներին: Պաշտոնական Երևանն ԱԳՆ խոսնակի մակարդակով ողջունել է բանաձևերում այդ կարևոր շեշտադրումների առկայությունը:

Դրանք իրապես ողջունելի են, սակայն հարկ է նկատել, որ քաղաքական իմաստով կլինեն թերի և բացարձակապես անկշիռ, եթե Եվրոպայի խորհրդարանը չձեռնարկի իր լիազորությունից ու իրավասությունից բխող քայլերի հաջորդականություն, որոնք կփոխեն եվրոպական քաղաքականությունն արցախյան հարցում: Իսկ դա լոկ արցախյան հարց չէ, դա ռեգիոնալ աշխարհաքաղաքական նշանակության հարց է, որը վերաբերում է եվրոպական անվտանգությանը անմիջականորեն: Եվ դրա վկայությունը պետք է համարել և այն, որ Արցախի դեմ պատերազմին զուգահեռ, հենց Եվրոպայում տեղի ունեցավ ահաբեկչական ալիքի բռնկում: Եվրոպան պետք է փոխի քաղաքականությունը Կովկասի հանդեպ, Կովկասի երկրների հանդեպ, որովհետև մինչ այժմ, խոշոր հաշվով, դա եղել է արձանագրային քաղաքականություն: Իհարկե, իր հերթին մեծ հարց է, թե ինչ է Եվրոպան և որքանով է այն ունակ վարել շատ թե քիչ միատարր քաղաքականություն այն դեպքում, երբ կա եվրոպական առաջատարների շահերի էական տարբերություն:

Բայց, եթե չկա քաղաքականության փոփոխությունն ու ավելի անմիջական ներգրավումը ռեգիոնալ անցուդարձին, եթե Եվրոպային Կովկասում հետաքրքրում է բացառապես էներգակիրների տարանցումը և ոչ մի այլ բան, ապա Եվրախորհրդարանի բանաձևերը, մեծ հաշվով, վերածվում են քաղաքական բուտաֆորիայի, որի հետ հարցերը լուծելու իրեն բնորոշ մեխանիզմներին Բաքուն տիրապետում է վաղուց:

Ընդ որում, ներկայումս ակնառու է Թուրքիայի «շարժը» դեպի Արևմուտք, այդ թվում՝ Եվրոպա, հարաբերության բարելավման նպատակով: Այդ նպատակի բաղադրիչներից մեկն, անշուշտ, Արցախի դեմ պատերազմը Եվրոպայում մարսելն է: Ըստ այդմ, Եվրախորհրդարանի մակարդակում բանաձևերում շեշտադրումներին զուգահեռ, կարևոր է, թե իրական քաղաքականության ռեժիմում ինչ է անելու Եվրոպան՝ թույլ տալո՞ւ է Թուրքիային մարսել Արցախը, ըստ այդմ՝ մարսել նաև Ադրբեջանին: Այստեղ է գլխավոր խնդիրն ու անկեղծության պահը եվրոպական քաղաքակրթության համար, որն առայժմ տանուլ է տալիս թուրքական քաղաքականությանը: