• Mon. Mar 8th, 2021

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հանդես կգա մշակութային բազմաբովանդակ նախաձեռնություններով

Համավարակով պայմանավորված երկարատև դադարից հետո ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը վերսկսում է մշակութային միջոցառումների շարքը:

Այս մասին հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց դեսպանատան մշակութային համագործակցության հարցերով խորհրդատու Գիյոմ Նարժոլեն:

Նա հիշեցրեց, որ Հայաստանը հակամարտության մեջ էր, և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ցանկանում է վստահեցնել, որ Հայաստանի կողքին է: «Հայաստանն արվեստագետների, մշակույթի երկիր է, և շատ կարևոր է վերահաստատել այդ հարաբերությունների ամբողջ ծավալը»,-ասաց Նարժոլեն:

Խորհրդատուն տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսում են ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն կազմակերպել: Ձևաչափը քննարկում են ռեժիսորի հետ:

Անցկացնելու են կինոփառատոններ, մասնավորապես Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում, գարնան վերջին կներկայացնեն ժամանակակից կրկեսի ծրագիր,  լուսանկարների ցուցահանդեսի նախագիծ ունեն, որը, ըստ Գիյոմ Նարժոլենի, հայ և ֆրանսիացի լուսանկարիչների հանդիպման հարթակ կարող է դառնալ:

«Ֆրանսիայի դեսպանության նպատակներից է նախատեսվող ծրագրերում մշտապես հայ ստեղծագործողներին մասնակից դարձնելը»,-եզրափակեց նա: