• Fri. Apr 23rd, 2021

Ռուսաստանում ձերբակալություններ են՝ հունվարի 23-ի հանրահավաքին մասնակցելու կոչերի համար

Վլադիվոստոկում ձերբակալվել է ռուս ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնիի շտաբի համակարգող Եկատերինա Վեդերնիկովան: Նրան տեղափոխել են ոստիկանության բաժին: “ОВД-Инфо” նախագիծը հայտնում է, որ ոստիկանները իրենց աշխատակցի հեռախոսազրույցի ընթացքում հեռախոսը խլել են Վեդերնիկովայի ձեռքից: Հաղորդում է BBC Russia-ն։

Փաստաբան Պոլինա Սիդելնիկովան «Կոմերսանտին» հաստատել է Վեդերնիկովայի ձերբակալման մասին տեղեկությունը: «Ես արդեն ժամանել եմ բաժանմունք, բայց նրանք դեռ չեն թողնում նրան տեսնել»,- ասել է նա:

Նավալնիի աջակիցները Վլադիվոստոկում, ինչպես նաև մյուս քաղաքներում պատրաստվում են բողոքի ցույց անցկացնել հունվարի 23-ին:

Վեդերնիկովայի նկատմամբ կազմվել է արձանագրություն՝ առանց ծանուցման բողոքի ակցիա կազմակերպելու համար: Դատավարությունը պետք է տեղի ունենա այսօր, հայտնում է “ОВД-Инфо”-ն:

Այդ ընթացքում Նովոսիբիրսկում բերման է ենթարկվել Նավալնիի շտաբի աշխատակից Ելենա Նոսկովեցը: «Ինձ տանում են 1-ին բաժանմունք»,- գրել է նա «Ֆեյսբուքում»:

Ոստիկանության տվյալներով՝ Նոսկովեցը բերման է ենթարկվել վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով, նշվում է “Апология протеста” նախագծում:

Ըստ «Апология протеста» նախագծի՝ Չիտայում բերման է ենթարկվել ակտիվիստ Ելիզավետա Շացկայան՝ կրկին հունվարի 23-ի հանրահավաքին մասնակցելու կոչերի համար:

Նախօրեին Մոսկվայում բերման են ենթարկվել Նավալնիի գործընկերներ Լյուբով Սոբոլին, Կիրա Յարմիշին, Վլադլենա Լոսյաին և Գեորգի Ալբուրովին: Սոբոլին ազատ են արձակել հանրահավաքներ անցկացնելու կանոնները բազմիցս խախտելու մասին արձանագրությամբ: