• Fri. Mar 5th, 2021

Վեց օր անտառում թաքնված և հրաշքով փրկված ոստիկանը մանրամասներ է պատմում

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի մասնակից են եղել նաև ոստիկանության զորքերը: Ոստիկաններից շատերը կամավորագրվեցին հայրենիքը պաշտպանելու սուրբ գործին: Ցավոք նրանցից շատերը անմահացան, որոշներին դեռ փնտրում և հուսով սպասում են, վիրավորներն էլ կարծում են, որ ողջ են մնացել միայն հրաշքով:

Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո, նոյեմբերին որոնողական աշխատանքների ընթացքում գտնվեց ոստիկանության զորքերի սպա Արսեն Մկրտչյանը, որը 6 օր, երկու հրազենային վնասվածքով գիշերել էր Շուշիի մատույցներում: Ոստիկանության զորքերի արդեն երկու տարվա ծառայողը հայրենիքը պաշտպանելու էր մեկնել պատերազմը սկսելուց 2 օր անց: Սեպտեմբերի 29-ից, ծառայակից ընկերների հետ մեկնել են Քարվաճառի շրջան, իսկ նոյեմբերի 3-ից տեղափոխվել և մասնակցել է Շուշիի համար մղվող մարտերին. «Վիրավորվել եմ նոյեմբերի 7-ին, անտառում էինք, խառը մարտեր էին ընթանում, չնկատեցի, թե ինչպես կորցրեցի ընկերներիս»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմեց Արսեն Մկրտչյանը:

Կոչումով սերժանտը Շուշիի համար մղվող մարտերում ստացել է երկու հրազենային վնասվածք՝ կոնքի և ծնկի հատվածում, հիշում է մի կերպ է հասել գետի ափ, որպեսզի կարողանա գոնե ջուր խմել. «Բաճկոնս ամբողջությամբ թրջված էր, քնապարկ, սնունդ և որևէ անհրաժեշտ միջոց չկար, նույնիսկ ուսապարկս ինձ մոտ չէր: Գետի մոտից ոչ մի տեղ չեմ գնացել: Ոտելու ոչինչ գտնել չէր էլ հաջողվի, շուրջս միայն տերևներ կային»: Արսենին գտել են նոյեմբերի 14-ին, պատմեց, որ փրկարարներին նկատել է գետի հակառակ կողմում, ձայն է տվել, օգնություն կանչել: Գիտակցությունը երբևէ չի կորցրել, հիշում է ինչպես պատգարակ բերեցին, նստեցին, ճանապարհի մի հատված էլ ստիպված են եղել իրեն ոտքով տեղափոխել, մեքենան մոտենալ չէր կարող: Տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ վիրահատել, մշակել վերքերը, ապա ուղարկել Երևան՝ բուժումը շարունակելու:

Ներկա պահին ցրտահարության հետևանքով ոնքը ամպուտացիա է արված, կտրված է նաև աջ ոնտաթաթը և ձախ ոտնաթաթի մեկ մատը, ունի նաև այլ վնասվածքներ: Արսենը հարազատներին հանդիպել է, Երևանի հոսպիտալում, երկու երեխաները մանկահասակ են, իսկ կնոջ հետ հանդիպման զգացողությունները չի հասցրել ֆիքսել. «Ցավը չէր թողնում, որ մտածեի», ասաց ոստիկանը: Այս պահին տանն է, մի քանի օրից կրկին գնալու է հոսպիտալ՝ բուժումը շարունակելու: Հարցին՝ շարունակելո՞ւ է ծառայությունը ոստիկանության զորքերում, 28 ամյա սերժատը պատասխանեց ՝ «անպայման»: