• Fri. Mar 5th, 2021

Իրանը փորձելու է Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում ստանալ ընդհանուր համաձայնություն

Իրանի արտգործնախարար Մուհամմադ Զարիֆը պատրաստվում է ռեգիոնալ մեծ այցի՝ Ռուսաստան, հետո Կովկասի երեք երկրներ: Զարիֆը նաև հայտարարել է, որ քննարկում են Թուրքիա այց կազմակերպելու հնարավորությունը:

Մեծ հավանականությամբ, Իրանի արտգործնախարարի այցը վերաբերում է 3+3 ձևաչափին, որի վերաբերյալ Թեհրանը խոսում էր դեռևս Արցախի դեմ պատերազմի օրերին: Այն ժամանակ ռեգիոնալ շրջագայության ելավ Իրանի նախագահի ներկայացուցիչը՝ փոխարտգործնախարար Արագչին, որը կողմերին էր ներկայացնում ռեգիոնալ կարգավորման իրանյան պլանը: Այդ պլանը, ըստ էության, մերժվեց, Թուրքիան ու Ադրբեջանը շարունակեցին պատերազմը և թուրքական ազդեցությունը ամրապնդեցին Իրանի հյուսիսային սահմանին, այնտեղ չեզոքացնելով ռուսական ազդեցությունը:

Նոյեմբերի 9-ին ռեգիոնալ հանգուցալուծման հարցում Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվեցին առանց Իրանի: Իրանը մեծացրեց իր ռազմական ներկայությունը հյուսիսային սահմանին, ինչը հատկանշական էր՝ տեղի ունեցավ պատերազմից հետո: Ասել կուզի, Թեհրանը նոյեմբերի 9-ից հետո սպասում է վտանգներ: Մեծ հավանականությամբ, Թեհրանը թուրքական հաղթանակը համարում է ՆԱՏՕ հաղթանակ, ըստ այդմ՝ համարում է, որ հյուսիսային սահմանին Թուրքիայի միջոցով ազդեցություն է ստանում ՆԱՏՕ-ն: Թուրքիան պատերազմից հետո հրապարակ բերեց 6-ի ալյանսի գաղափարը՝ դարձյալ 3+3 սկզբունքով: Դա, ըստ էության, պատերազմի ընթացքում Իրանի առաջ քաշած գաղափարի որոշակի թուրքական ինտերպրետացիա է:

Սակայն այս դեպքում, արդեն այն ստատուս-քվոյից հետո, որ հաստատեց Թուրքիան: Հետևաբար, Թուրքիան փորձելու է 6-ի ալյանսի գաղափարը ծառայեցնել ընդամենը իր դիրքերը ռեգիոնում ամրագրելուն: Այդ պարագայում ինչ է անելու Թեհրանը, որը ռազմավարական իմաստով Արցախի դեմ պատերազմի տանուլ տված կողմ է: Թեհրանը ընդունելո՞ւ է 6-ի գաղափարը, փորձելով դրա դիմաց Անկարայից ստանալ որոշակի երաշխիքներ, որ Թուրքիան հյուսիսային սահմանում չի գործի Իրանի դեմ՝ ՆԱՏՕ ռազմավարության համատեքստում, թե՞ Իրանը փորձելու է Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում ստանալ ընդհանուր համաձայնություն Թուրքիային զսպելու տրամաբանության շուրջ: Այդ տարբերակը Հայաստանի համար աջակցության արժանի տարբերակ է՝ ի տարբերություն Թուրքիայի հետ պայմանավորվելու հավանական տարբերակին: Որովհետև Հայաստանը գործնականում միակն է ռեգիոնում, որը չունի Թուրքիայի հետ պայմանավորվելու ռեսուրս: