• Tue. Mar 2nd, 2021

    Որ չփակվեն դռներն հուսո

    Աննկարագրելի ծանր գոյութենական ճգնաժամերի է դիմակայում այսօր հայ հանրությունը՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով արցախյան պատերազմում կրած պարտության և դրան հետևած գործընթացների պատճառով:

    44 օրերի հույսի և գույժի մղձավանջից հետո սրընթաց ակումը դեպի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան հարուցեց համազգային շոկ, որի հետցնցումներից մինչ օրս չի հաջողվում ուշքի գալ: Ծանր հոգեվիճակի մեջ հայտնվեց նաև պատերազմի սկզբից քուն ու հանգիստ կորցրած համահայոց Սփյուռքը: Ու որքան ֆիզիկապես հեռու, այնքան խորն է ազգի ճակատագրի համար եղած տագնապի զգացումը: Սփյուռքը՝ հայոց երկրորդ բանակը, մտավ երբևէ նախադեպը չունեցող միջազգային իրազեկման խելահեղ պայքարի մեջ՝ օրեր շարունակ բախեց եվրոպական պառլամենտների ու դեսպանատների դռները, փակեց ճանապարհներ, լծվեց ֆինանսական և հումանիտար օգնություններ ուղարկելու աշխատանքներին:

    Պատերազմը ցույց տվեց որ դաշնակցային առումով մեր երկիրը կատարյալ «որբի» կարգավիճակում է: Մեր միակ դաշնակից Ռուսաստանը «խորթ բարեկամի» կամայականությամբ կարող է մեզ “տեր կանգնել” երբ ուզի և ինչպես ուզի, ինչին և ականատես եղանք պատերազմի ընթացքում: Տեսանք, թե որքան նենգ պահեցին իրենց մեր հարևան երկու երկրները օրհասական պահին ցույց տալով, որ երբեք չեն վտանգի Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ քաղաքական, տնտեսական, ռեգիոնալ առումով աննշան տրամաչափ ունեցող Հայաստանի համար:

    Միակ անշահախնդիր, նվիրված դաշնակիցը Հայաստանի կողքին եղել և մնալու է աշխարհասփյուռ հայությունը, որի հետ այդպես էլ չկարողացանք ինտեգրման ազգաշահ համակարգ մշակել: Օրենքների, բիզնեսի, մարդկային վերաբերմունքի առումով ՀՀ իշխանությունների օրոք արվել է ամեն ինչ սփյուռքահայերին Հայաստանից օտարելու համար: Հետպատերազմյան Հայաստանի առաջնային խնդիրներից պետք է լինի՝ անհապաղ շտկել այս օրենսդրական խոչընդոտները յոթ միլիոնանոց Սփյուռքի հետ, ինչի կարևորությունը այս շրջանում բազմիցս է ընդգծել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Սա պահանջելու է ոչ պակաս արհեստավարժ և նուրբ դիվանագիտական աշխատանք «հայի և հայի» միջև, հաշվի առնելով՝ Սփյուռքում կուսակցական – եկեղեցապատկան երկփեղկված կառույցների գրեթե մեկդարյա քարացած ավանդույթները, նաև՝ մերօրյա գերքաղաքականացված մթնոլորտը: Այս համատեքստում Սփյուռքի գործերով հատուկ հանձնակատարն իր ելույթներում պետք է բացառի հին ու նորի, սև-սպիտակի պիտակավորումները: Դեպի Սփյուռք ուղղված մեր ուղերձները պետք է միայն միասնություն ու համախմբում քարոզեն:

    Ինչպե՞ս դարձնել Հայաստանը 10 միլիոնանոց հայերի համար քաղաքացիական կարգավիճակ ունեցող երկիր, որի լավագույն մասնագետները կընդգրկվեն կառավարության աշխատանքների բոլոր ոլորտներում: Սա աղերս ունի սահմանադրական փոփոխությունների տևական ժամանակ պահանջող գործընթացների հետ: Ցավոք, այսօր ոտքի կանգնելու շատ թանկ ժամանակ է մսխվում «լռված» ներքաղաքական ճգնաժամի պատճառով: Ունենք Հայաստանի սահմանների անվտանգության խնդիր և այդ առումով կատարյալ ստուպորի մեջ գտնվող իշխանությունների պահվածք: Հայաստանին սպառնացող վտանգները խնդրահարույց են այսօ’ր, այս պահի’ն, 7/24 ռեժիմի իրավիճակում: Կարսում Թուրքիան Ադրբեջանի հետ զորավարժություններ է անցկացնելու փետրվարին, ինչն արդեն Հայաստանի սահմաններին միտված սպառնալիքի ազդակներ են ենթադրում:

    Այսօր առաջնային հրատապության երկու մարտահրավերների առաջ է կանգնած Հայաստանը՝ անվտանգություն (բանակ, ռազմարդյունաբերություն) և ժողովրդագրություն: Չգիտեմ, օրենսդրական առումով այս հարցի կարգավորման ինչ ելքեր կգտնվեն, սակայն պետք է հնարավոր դարձնել սփյուռքահայ երիտասարդության ներգրավվածությունը հայոց բանակում: Մ. Նահանգներում ծնված հրեա երիտասարդները հոժարակամ գալիս են ծառայելու Իսրայելի բանակում: Նրանց անմիջապես տրվում է Իսրայելի քաղաքացիություն, (երկքաղաքացիություն ունենալը չի հակասում ԱՄՆ օրենքին) աշխատավարձ՝ սահմանված դրույքի կրկնակի չափով, մեկ անգամյա վճարվող երկկողմանի ավիաթռիչք՝ ընտանիքին տեսակցելու համար և այլ կարգի արտոնություններ: Առհասարակ, ռազմական փորձագետի մասնագիտությունը այսուհետ շատ պահանջված պետք է լինի հայ երիտասարդության շրջանում, որտեղ նա ապրելիս լինի: Որքան էլ տեխնիկապես հագեցված՝ զինվորական ռեսուրսը որոշիչ դեր ունի պատերազմում, և փոքր ժողովրդի համար, ինչպիսին Հայաստանն է, ազգ – ամրոց բանակի ստեղծման գաղափարը, ներառելով սփյուռքահայերն, պետք է ազգային անվտանգության անկյունաքարը լինի:

    Ժողովրդագրական ճգնաժամը հաղթահարելու նպատակով, առաջին հերթին  պետք է խթանել Իրանից, Սիրիայից, Լիբանանից հայության ներգաղթը Հայաստան: Հայրենիքը պետք է սիրել ոչ միայն այն դեպքում, երբ այն բարեկեցիկ է և ապահով, նաև այն ժամանակ՝ երբ այն վտանգի մեջ է և օգնության կարիք ունի: Իրանի օրինակով համոզվեցինք, որ պատերազմի ընթացքում իրանահայ համայնքը որոշիչ գործոն չեղավ Իսլամական հանրապետության կողմնորոշման մեջ: Ողջյունելի կլիներ իրանահայ համայնքի ներգաղթը Հայաստան, ինչը վերագրելի է նաև իսլամական ահաբեկիչների միջավայրում ապրող սիրիահայ և լիբանանահայ մեր մյուս հայրենակիցներին:

    Ունեցանք հազարավոր զոհեր, որոնց մենք պարտք ենք հզոր, անառիկ, միասնական Հայաստան և Արցախ կերտելու ուխտով: Նրանք մեր Հայրենիքի փրկության հավատքի զինվորներն էին: Մենք պարտավոր ենք պատերազմի մեր լույս նահատակների հիշատակը բարձրացնել ազգային պանծանքի ամենաբարձր պատվանդանին, որպես ժամանակի հոլովույթում չկորնչվող գերագույն արժեք: Նրանց հավաքական հիշատակի անունով փողոցներ և դպրոցներ պետք է անվանակոչվեն, ստեղծագործություններ պետք է ձոնվեն, հուշարձաններ պետք է կառուցվեն: Այս առումով արված առաջարկներից մեկը՝ «Արցախյան պատերազմում ընկած հերոսների հիշատակի» պատվավոր շքանշան սահմանելն է, որով կպարգևատրվեն հայոց բանակում սխրանքներ գործած մարտիկները:

    Սառա Գասպարյան, Նյու Յորք

    Spread the love
    •  
    •  
    •  
    •  
    • 1
    •