• Fri. Mar 5th, 2021

Ազոխում 80-ամյա Յուրիկը գյուղից չի հեռացել կամովին, 55-ամյա Սերժիկը նկուղում է մնացել պատահաբար

Byhttp://Mitk.am

Jan 24, 2021

Որոնողական աշխատանքների ընթացքում երեկ Հադրութի Ազոխ գյուղում 2 դի է հայտնաբերվել: Նրանցից մեկը հավանաբար 55-ամյա Սերժիկ Ավագյանն է, մյուսը՝ 80-ամյա Յուրիկ Ասրյանը:

Այս մասին  http://armtimes.com«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հադրութի վարչական շրջանի նախկին ղեկավար Կամո Պետրոսյանը:

Դիերը եղել են անճանաչելի: Գտնվել են Ազոխի սկզբնամասում՝ թուրքերի կողմից թաղված: Դրանք կենթարկվեն ԴՆԹ փորձաքննության:

Այս պարագայում ինչպես է հնարավոր ասել, թե ովքեր են հայտնաբերվածները: ՀԺ-ի հարցին ի պատասխան, Պետրոսյանն ասաց, Ազոխից միայն այդ երկուսի մասին չունեին տեղեկություն: Հստակ իմացել են, որ 80-ամյա Յուրիկը գյուղից դուրս չի եկել, իսկ 55-ամյա Սերժիկ Ավագյանը գյուղում է մնացել պատահաբար:

«Մենք գիտեինք, որ 2 հոգի չկային, էսքան ժամանակ որոնում էինք: Յուրիկին քուրը ինչքան խնդրել է, ինչ ասես արել է, աղաչել է, գյուղից դուրս չի եկել: Մի քանի հոգի ներկա էին, էն ժամանակ, երբ թուրքերը գյուղ էին մտնում, եկել էին, որ զոռով տանեին, չի գնացել: Ինչքան արել են, հնար չի եղել: Ինքը մի ուրիշ ձևի մարդ էր, ուրիշ բնավորությամբ, չամուսնացած, իր խոսքի տեր:

Սերժիկն էլ հովիվ էր: Ծնունդով Տումի գյուղից էր, բայց Ազոխում հովվություն էր անում: Ռմբակոծության ժամանակ մտել է նկուղ, ու էլ  չեն տեսել դուրս եկել է, թե չէ: Իմացել են, թե գնացել է: Աջ ու ձախ ման են եկել, չեն տեսել, մտածել են, հարազատների հետ գնացել ա: Այդպես է մնացել ինքը գյուղում: Ոչ թե հատուկ է մնացել: Հիմա էլ 2 դիակ են ճարել, մտածում ենք իրենք են»,-ասաց Կամո Պետրոսյանը:

Եվս մեկ դի էլ որոնողական խմբերը երեկ հայտնաբերել են Դրախտիկում: Հավանաբար 50-ամյա Մարինե Հայրապետյանի դին է, որն, ըստ Պետրոսյանի, հաշմանդամություն է ունեցել, և էլի հրաժարվել է դուրս գալ գյուղից: Թե ինչ հանգամանքներում կինը Դրախտիկից դուրս չի բերվել, այս պահին Կամո Պետրոսյանն ասել չի կարող, սակայն նշում է՝ թուրքերը հանկարծաի են մտել գյուղ, ոչ մեկը չէր պատկերացրել, որ նման բան կպատահի:

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է․

Երեկ, հունվարի 23-ին ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքներ էին իրականացրել Վարանդայի/Ֆիզուլի/, Քաշաթաղի հարավային թևում և Մատաղիս շրջաններում:

Աշխատանքների արդյունքում վերադարձրել են ևս 30 զինծառայողի աճյուն, որն ադրբեջանական կողմն է փոխանցել հայկական կողմին՝ չնշելով նրանց գտնվելու վայրը: Մարմիններն անճանաչելի են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն նրանց ինքնությունը պարզելու նպատակով:

2021 թվականի նախորդ օրերի համեմատ, երեկ ամենաշատ աճյուններն են հայտնաբերվել:

Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհայտ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև ռազմագործողություններին մասնակցած կամ տարածքին ծանոթ ուղեկցող-կամավորները:

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 23-ը հայտնաբերվել է 1281 աճյուն:

Փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի/Ջաբրայիլ/ և Վարանդայի/Ֆիզուլի/ շրջաններում: