• Mon. Mar 8th, 2021

Բայդենը՝ Արցախում Թուրքիայի դերի մասին

«Անընդունելի է, երբ մեր ռազմավարական կամ, այսպես կոչված, ռազմավարական դաշնակիցը իրականում գործակցում է մեր գլխավոր ռազմավարական մրցակցի՝ Ռուսաստանի հետ», ԱՄՆ Կոնգրեսում իր թեկնածության քննարկմանը պատասխանելով սենատորների հարցերին, ասել է Էնթոնի Բլինքենը, որին Ջո Բայդենն առաջադրել է Պետքարտուղարի պաշտոնի համար:

Իսկ Թուրքիայի դերի և մասնավորապես ղարաբաղյան պատերազմի համատեքստում դերակատարման մասին հարցը ուղղել է սենատոր Մենենդեսը, որն, ինչպես հայտնի է, հայամետ համարվող սենատորներից է: Էնթոնի Բլինքենի պատասխանը առաջին հայացքից բավականին հստակ է, մյուս կողմից, սակայն, խորքային դիտարկման պարագայում առաջանում են հարցեր: Մասնավորապես, Արցախի դեմ պատերազմում Թուրքիան գործել է այնպես, ինչպես կակնկալեր ԱՄՆ իր ռազմավարական դաշնակցի՞ց, թե՞ ոչ:

Պատերազմը համընկավ ԱՄՆ նախագահի ընտրության ամենաթեժ, եզրափակիչ փուլին, ընդ որում՝ հատկանշական է, որ փաստորեն դադարեց հենց ընտրությունից անմիջապես հետո՝ նոյեմբերի 8-ին ընտրությունն էր, իսկ 9-ին հայտնի եռակողմ համաձայնագիրը: Թե՛ Ջո Բայդենը, թե՛ անգամ Թրամփն ու իր վարչակազմը փորձեցին անել մի քանի հայանպաստ հայտարարություն՝ հասկանալիորեն պայքարելով ձայների համար, մասնավորապես Կալիֆոռնիայում: Բանն այն է, որ այնտեղ կոմպակտ բնակվող հայկական մեծ համայնքը տեսակարար կշռով նշանակալի ծավալ է Կալիֆոռնիայի նահանգում՝ արդյունքի տեսանկյունից: Իսկ Կալիֆոռնիան ԱՄՆ նախագահի ընտրական սխեմայում ամենաշատ ընտրիչ տվող նահանգներից է՝ 58 ընտրիչ, և այդ նահանգում հաջողության համար պայքարը միշտ լինում է բավականին ինտենսիվ:

Այժմ, երբ նախընտրական կրքերը հետևում են, ինչպես է գնահատում ԱՄՆ նոր վարչակազմը Կովկասում Թուրքիայի հաստատած փաստացի նոր ստատուս-քվոն, դրա ձևավորման ընթացքն ու հեռանկարը: Բլինքենի պատասխանը այդ հարցում բավականին հարաբերական է, որովհետև Թուրքիան, օրինակ, ի հեճուկս ԱՄՆ զգուշացումների, Ռուսաստանի հետ ռազմա-տեխնիկական գործարք է կնքում Ս-400 ՀՕՊ համակարգերի առումով, մյուս կողմից, սակայն, Թուրքիան պատերազմ է սկսում Ռուսաստանի դաշնակից Հայաստանի անվտանգային համակարգի ողնաշար Արցախի դեմ և հիմնավորապես փոխում Կովկասի ստատուս-քվոն՝ Իրանի հյուսիսային սահմանից փաստորեն հեռացնելով Ռուսաստանին:

Մոսկվան այդ սահմանին ուղիղ չի էլ եղել, սակայն այդ սահմանին ավելի քան 100 կմ հայկական վերահսկողությունը, մեծ հաշվով, նշանակում էր Ռուսաստանի վերահսկողություն նաև, հաշվի առնելով Հայաստանի վրա ՌԴ ազդեցությունը հատկապես ուժային բլոկի առումով՝ բանակ և ԱԱԾ: Ստացվում է, որ Թուրքիան պատերազմ սկսելով Արցախի դեմ, ԱՄՆ ռազմավարական մրցակից Ռուսաստանին հեռացրել է Իրանի հյուսիսային սահմանից, որը ռազմավարական գոտի է ԱՄՆ համար, անկասկած: Բայդենի վարչակազմը գո՞հ է այդ դասավորությունից, ռազմավարական կամ, այսպես կոչված, ռազմավարական դաշնակից Թուրքիայի գործողության արդյունքից: Այն, որ Թրամփի վարչակազմը թույլ է տվել Անկարային ձևավորել այդ արդյունքը, կասկածից վեր է:

Իսկ Ջո Բայդենի վարչակազմը թույլ կտա՞ Թուրքիային ամրացնել կամ ամրապնդել այդ արդյունքը քաղաքական, անգամ իրավա-քաղաքական իմաստով, թե՞ ԱՄՆ-ն այժմ կփորձի անել քայլեր, որոնք իր ազդեցությունը կտարածեն Թուրքիայի, հետևաբար նաև Թուրքիայի սանձազերծած պատերազմով թուրքական վերահսկողության տակ անցած Իրանի հյուսիսային սահմանի՝ Արցախի կորցրած տարածքների հանդեպ: Մեծ հաշվով, ԱՄՆ ազդեցության աճը հարաբերականության մեջ, այդուհանդերձ, Թուրքիայի համար կարող է լինել զսպող հանգամանք, ինչի համար, իհարկե, պահանջվելու է նաև Հայաստանի և ԱՄՆ հայկական կազմակերպությունների արդյունավետ աշխատանք Վաշինգտոնի հետ: