• Fri. Mar 5th, 2021

Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի ՄԻԵԴ վճիռը` նախադեպ Հայաստանի համար

«Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի գործով ՄԻԵԴ վճիռը կարող է նախադեպային նշանակություն ունենալ Հայաստանի դեպքում։ Պետք է վճիռը մանրակրկիտ կարդալ ու հասկանալ նրբությունները»,- ասաց Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շուրջ 7 տարի քննելուց հետո այս տարվա հունվարի 21-ին հրապարակել է Ռուսաստանի դեմ Վրաստանի կողմից ներկայացված հայցով դատավճիռը։ Այն վերաբերում է Մոսկվայի կողմից 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ընթացքում ձեռնարկված քայլերին։ ՄԻԵԴ-ի վճռի համաձայն, Ռուսաստանը պատասխանատվություն է կրում վրաց ռազմագերիների խոշտանգումների, քաղաքացիական անձանց անվտանգության և ազատության իրավունքի ոտնահարման, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիների՝ պատերազմի ընթացքում տեղի ունեցած սպանությունների հետաքննությունից հրաժարվելու համար։

Դատարանը հաստատված է համարել, որ Ռուսաստանը 2008-ի օգոստոսյան պատերազմի ընթացքում իրականացրել է վրացիների էթնիկական զտումներ։

«Դատարանը հաստատել է, որ Ցխինվալի տարածաշրջանը և Աբխազիան Վրաստանի անքակտելի մասերն են և օկուպացված են Ռուսաստանի կողմից»,- ՄԻԵԴ վճռից հետո ասել է Վրաստանի արդարադատության նախարար Գոչա Լորդկիպանիձեն։

Իսկ Վրաստանի վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՄԻԵԴ վճռի հրապարակման օրը «Վրաստանի նորագույն պատմության մեջ ամենակարևոր օրերից մեկն է»: «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ռուսաստանի դեմ դատական հայցն ավարտվեց Վրաստանի հաղթանակով: Սա մեր ընդհանուր հաղթանակն է»,- գրել է Գախարիան:

«Օրինակ՝ Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև դատավարության վերաբերյալ որոշ հաստատված հիմքեր կան, որոնք իսկապես օգտակար են մեր իրավիճակի համար։ «Կարծում եմ՝ Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի գործում էլ օգտակար բաներ կլինեն մեզ համար։ Առհասարակ, ՄԻԵԴ որոշումները օգտակար են, բայց կարող են և վնասակար լինել։ Ես չեմ կարդացել։ Պետք է կոնկրետ կարդալ ու հասկանալ, թե ինչ է ասում ՄԻԵԴ-ը»,- ասաց Ղազարյանը։

Անդրադառնալով Վրաստանի Արդարադատության նախարարի դիտարկումներին, Ղազարյանը նշեց, որ քաղաքական գործիչները սովորաբար չափազանցնում են իրավական ակտերը, բայց այս մասով էլ մեզ համար օգտակար բան կարող է լինել, երբ գույքային հիմքով հայց ներկայացվի Ադրբեջանի դեմ։ «Այդ հայցում մենք կարող ենք նշել, որ, օրինակ, հոկտեմբեր ամսից Լեռնային Ղարաբաղի մի շարք տարածքներ հասանելի չեն այլևս սեփականատերերի համար։

Իսկ հասանելի չեն, որովհետև դրանք օկուպացված են Ադրբեջանի կողմից։ Իսկ Հադրութում և այլ տարածքներում մարդիկ թողել են իրենց սեփականությունները, հէկեր, գործարաններ։ Այսինքն՝ այսպես թե այնպես, հիմնվելով Սարգսյանի գործի վրա, օկուպացիա բառն օգտագործվելու է»,- ասաց Ղազարյանը։

Միջազգային իրավունքի մեկ այլ մասնագետ, Վենետիկի հանձնաժողովում ՀՀ կառավարության փոխարինող անդամ Արա Խզմալյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի վճիռը կարող է նախադեպային լինել Հայաստանի համար՝ և դրական և, ցավոք, նաև բացասական առումներով, քանի որ ՄԻԵԴ-ը բավականին տարօրինակ մեկնաբանություն է տվել պատերազմական իրադարձությունների ժամանակ կոնվենցիայի կիրառմանը՝ համարելով, որ անմիջապես ռազմական գործողությունների կիզակետում կողմերից որևէ մեկը չի իրականացնում հատուկ իրավազորություն՝ ինչը բացառում է կոնվենցիայի կիրառումը այդ դեպքում։ «Ճիշտ է, կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո պետք է հաստատվի դա, բայց դա բավականին խնդրահարույց է։ Դատարանը իրեն իրավազոր չի համարել մի շարք արարքների որակում տալ կոնվենցիայի շրջանակներում թեժ մարտերի մասով, որն արդեն իսկ մեծ քննադատության է արժանացել մասնագիտական շրջանակներում։ Համենայնդեպս, կան նաև տարբերություններ։ Բայց անթույլատրելի զինատեսակների, ԱԹՍ-ների օգտագործման մասով Հայաստանի դեպքում ՄԻԵԴ-ին թույլ չեն տա Վրաստանի օրինակով մոտեցում ցուցաբերել արցախյան խնդրի մասով։ Բայց, անշուշտ, էթնիկ զտման մասով, այո՛, այս վճիռը դրական քայլ է, բայց ոչ մի անսպասելի բան ես չեմ տեսնում»,- ասաց Խզմալյանը։

Ամեն դեպքում, իրավաբանի խոսքերով, երբ Հայաստանը հայց ներկայացնի Ադրբեջանի դեմ, Հայաստանում ՄԻԵԴ ներկայացուցիչը կարող է այս որոշման որոշ հանգամանքներ հաշվի առնել։