• Fri. Mar 5th, 2021

Օպերլիազորը հետախուզվողից փող է հափշտակել

Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներից մեկը Հայաստան ժամանած մի հետախուզվողից փող է հափշտակել։

Տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով ՆԱՎ օպերատիվ ապահովման բաժնի ծառայողների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել ու հիմնավորվել է, որ հումվարի 8-ին Երևան է ժամանել միջազգային մակարդակով հետախուզվող Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացի։

Նա բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ու խուզարկվել։ Ի թիվս այլ իրերի՝ հայտնաբերվել է նաև 1200 եվրո։ Փողը փաթեթավորվել է։ Գծային բաժնի քրեական հետախույզը, Իրանի քաղաքացուն քրեակատարողական հիմնարկ տեղափոխելիս, փաթեթավորված գումարից հափշտակել է 400 եվրո։

Դեպքի առթիվ՝ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ, որտեղ հունվարի 21-ին քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։