• Fri. Mar 5th, 2021

Պատշաճ կրթություն Սարուխանի դպրոցներում – Լուսանկարներ

Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի պատմությունը գալիս է դարերի խորքից՝ ք.ա. առաջին հազարամյակից: Միջնադարում հանդիսացել է Գեղարքունիքի ամենամեծ գյուղը, իսկ 17-րդ դարում գավառապետի նստավայր է եղել: Գյուղը մինչև 1928 թ. կոչվել է Դալիղարդաշ, որը եղել է գյուղի հայ մելիքներից մեկի պապի մականունը:  

Սարուխանցիների պապերը  եկել են 1830 թ. Հին Բայազետի Զանգիզոր և Սրբահան գյուղերից: 1850 թ. գյուղում գործել է դպրոց, իսկ 1897 թ. պետական երկդասյա դպրոց: 1921թ. գյուղում բացվում է խրճիթ-ընթերցարան, որը գավառում առաջինն էր: 1924-25 ուստարում գյուղի դպրոցը դառնում է յոթնամյա՝ առաջինը Գավառի գյուղերում: 1926 թ. դպրոցի 9 խմբերում սովորում էին արդեն 333 աշակերտ:

Համայնքում գործող դպրոցների աշակերտները իրենց ներդրումն են ունեցել հայրենիքի պաշտպանության սուրբ գործում, թե՛ ապրիլյան քառօրյա, և թե՛ արցախյան վերջին պատերազմի ընթացքում՝ հավաքել անվադողեր, գնել սնունդ և դեղորայք, կատարել դրամահավաք՝ փորձելով աջակցել Հայոց բանակին:

Արցախյան վերջին պատերազմում համայնքի դպրոցների շրջանավարտներից 42-ը մասնակցել են ողջ մարտական գործողություններին: Նրանցից երեքը՝ Վիգեն Արսենի Եղիազարյանը, Ռաֆիկ Զալիկի Խեքոյանը և Հակոբ Արայիկի Հարությունյանը հերոսաբար զոհվել են՝ իրենց կանքը նվիրելով հայրենիքին, իսկ 15 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել:

Այսօր, համայնքում գործում են 3 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ներ, որոնք ղեկավարում են վաստակաշատ մանկավարժներ, որտեղ երեխաները գիտելիքներ են ստանում և իրենց բազմաբովանդակ առօրյան անցկացնում:

Սարուխանի Մ. Խոստեղյանի անվան N2 միջնակարգ դպրոցը բացվել է 1956 թ. N 1 դպրոցի բազայի վրա: Դպրոցի կայացման և մատաղ սերնդի դաստիարակության գործում իր մեծ ավանդն ունի դպրոցի նախկին տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու Հայկ Օհանյանը: Դպրոցն ունի կենտրոնական ջեռուցում, ընդարձակ դասասենյակներ, մարզասրահ, լաբորատորիաներ, գրադարան և այլ հարմարություններ՝ տնօրենի ժ/պ Ամալյա Մակարյան:

Սարուխանի Ս. Մակարյանի անվան N1 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1897 թ., դպրոցի ներկայիս շենքը շահագործման է հանձնվել 1979 թ.՝ նախատեսված  1176 աշակերտների համար: Այսօր դպրոցի տնօրենն է Հայկ Մադոյանը:

Ծնվել է 1965 թ. Սարուխան գյուղում, սովորել և ավարտել է՝ ԵՊՀ-ի ֆիզմաթ բաժինը, 1993 թ. Գավառի պետական համալսարանի ասպիրանտուրան: Աշխատել է Սարուխանի N3 դպրոցի փոխտնօրեն, 1993 թ. Ս. Մակարյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրենն է:

Դպրոցի տնօրեն աշխատած ժամանակահատվածում դպրոցը տվել է 813 շրջանավարտներ, որոնց մեծ մասն ուսումը շարունակել և շարունակում են ՀՀ բուհերում և այլ կրթական հաստատություններում:

1997 թ. մեծ շուքով նշվել է դպրոցի հիմնադրման 100-ամյակը: Աշակերտները ամեն տարի մասնակցում են դպրոցների առարկայական օլիմպիադաների՝ արժանանում են գովասանագրերի և դիպլոմների:

Կրթօջախում գործում են 3 անվանակոչված կաբինետներ՝ ԱԺ պատգամավոր, 1999 թ․ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհ, Հայաստան թերթի երկարամյա գլխավոր խմբագիր Հենրիկ Աբրահամյանի անվան և Սուրիկ Սարգսյանի անվան պատմության կաբինետներ և Գայանե Զաքոյանի անվան ռուսաց լեզվի և գրականության: 2016-2017 թթ. ուստարում Բադալյան ընտանիքի կողմից դպրոցում սահմանվել է Գ. Զաքոյանի անվան կրթաթոշակ։

2015 թ. դպրոցում  երեխաների համար բացվել է նախակրթարան, որը ստեղծվել է ՀՀ ԿԳ նախարարության և համայնքապետարանի միջոցներով:

Դպրոցի վերանորոգման, կահավորման հարցերում մեծ աջակցություն են ցուցաբերել նախկին շրջանավարտները, մանկավարժների որդիներ, թոռներ:

2008 թ. «Փյունիկ» մարդկային զարգացման հիմնադրամը նվիրել է սարքավորումներ լաբորատորիաների համար: 2002 թ. համագործակցելով «Փրոժեքթ հարմոնի» կազմակերպության հետ, առաջին անգամ մարզում, ստեղծվել է համակարգչային կաբինետ, որը սպասարկել է նաև ամբողջ համայնքին:

Մատաղ սերնդի դաստիարակությունը պատշած մակարդակի վրա դնելու համար, դպրոցը համագործակցում է Գեղարքունիքի մարզի N զորամասի հետ:

Սարուխանի N3 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1989 թվականին և 1991 թվականին անվանակոչվել Հայկազ Խաչատրյանի անունով, դպրոցի տնօրենն է Սուսաննա Հովհաննիսյանը:

Ս. Հովհաննիսյանը ծնվել 1966 թվականին Սևան քաղաքում: 1984-1989 թթ.  ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխմաթ ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1989 թ . Գագարինի միջնակարգ դպրոցից՝  ավագ ջոկատավար, մաթեմատիկա առարկայի ուսուցիչ, 1990 թ.  աշխատել է Սարուխան գյուղի N3 միջնակարգ դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ, 1993 թ. ուսմասվար, իսկ 2017 թ․-ից մինչ օրս աշխատում է նույն  դպրոցում որպես տնօրեն:

Դպրոցում հաճախակի կազմակերպվել են գրական – երաժշտական ցերեկույթներ, որոնք նվիրվել են գրողներին, մշակութային գործիչներին, հիշարժան օրերին, ծիսական տոներին, անցկացվել են սպորտլանդիաներ: Երեխաների առողջությունը կոփելու, ֆիզիկական վարժություններ կատարելու՝  Ֆիզկուլտուրայի դասերի անցկացման համար ունեն համապատասխան մարզադահլիճ:

Չնայած, որ դպրոցն այսօր ունի վերանորոգման և ժամանակակից գույքով համալրման կարիք, տիկին Հովհաննիսյանը չմոռացավ իր երախտիքի խոսքն ասել դպրոցում իրականացված աշխատանքներին աջակցող կազմակերպություններին. «Սարուխան համայնքի ղեկավար Լյովա Աբրահամյանի, համայնքապետարանի աշխատակազմի,  մարզպետարանի աջակցությամբ կարգավորվել է դպրոցի ջեռուցման հարցերը: «Վորլդ Վիժն» կազմակերպության աջակցությամբ դպրոցում վերանորոգվել է երկու սանհանգույց, տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ, դպրոցին տրամադրվել է դպրոցական գույք (սեղաններ, աթոռներ), ճաշարանի համար նախատեսված սպասք: «Դպրոցական կայուն սնունդ»  ծրագրի շրջանակներում ծնողների և բարերարների օգնությամբ վերանորոգվել է դպրոցի ճաշարանը:

Շնորհակալ ենք Գեղարքունիքի մարզպետարանից, համայնքապետարանից, «Վորլդ Վիժն» և «Դպրոցական կայուն սնունդ» կազմակերպություններից դպրոցին աջակցելու և ուսումնական գործընթացի բարելավումը խթանելու համար»:

                                                                        Մանվել Կիրակոսյան

Հ․Գ․ Գլխավոր լուսանկարում Սարուխանի համայնքապետ Լյովա Աբրահամյան