• Fri. Mar 5th, 2021

Արցախյան գոտում տեղի է ունենում Եվրամիության և դրա առաջատար Գերմանիայի ցավալի առերեսում

Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասի խոսքը՝ ի պատասխան Արցախի դեմ պատերազմում վարձկան-ահաբեկիչների օգտագործման մասին իր հարցի:

Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ հետախուզական տվյալները վկայում են որոշակի քանակի վարձկան ահաբեկիչների ներգրավումը և դեռևս ռեգիոնում դրանց առկայությունը: Ըստ նրա՝ միջազգային ասպարեզում կատարվում են փորձեր՝ պարզելու, թե ինչ նպատակներով են նրանք այնտեղ, ով է դրա համար պատասխանատու:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը մեկն է Արցախի դեմ կիրառված վարձկան-ահաբեկիչների թեմայով բազմաթիվ անպատասխանատու հայտարարություններից, որ արվում են տարբեր երկրների պաշտոնյաների մակարդակով՝ սկսած Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Նարիշկինից: Նրանք բոլորն արձանագրում են, որ կան ահաբեկիչներ, որ դրանք եկել են ռեգիոն: Ռուսաստանի արտաքին հետախուզությունն ու արտգործնախարարությունը անգամ խոսել են թվերի լեզվով՝ ակնարկելով, որ նույնիսկ անուն-ազգանունով են տիրապետում ռեգիոն ներբեռնված ահաբեկիչներին, բայց նրանց բոլորի հայտարարությունները հանգում են մի տրամաբանության՝ կարծես այդ ահաբեկիչները ռեգիոնում հայտնվել են օդից: Օդից են ընկել, և պարզ չէ, թե ով է նրանց համար պատասխանատու: Երբ դա ասում են ռուսական քաղաքականության պատասխանատուները՝ այստեղ շատ բան պարզ է: Նրանք Թուրքիայի հետ պայմանավորվում են ռեգիոնալ հարցերում և ըստ այդմ խուսափում են Անկարայի կամ Բաքվի պատասխանատվությունը մատնացույց անելուց: Այսինքն՝ Ռուսաստանի պարագայում ամեն ինչ պարզ է: Այստեղ պատրանքներ չեն եղել ու չկան:

Այլ հարց է եվրոպական և հյուսիսատլանտյան քաղաքակրթության առաջնորդներից մեկի՝ Գերմանիայի պարագան: Ի՞նչ կա պարզելու: Մի՞թե կարիք կա պարզելու, թե արդյոք Ադրբեջանում հայտնված ահաբեկիչների համար ո՞վ է պատասխանատու: Մի՞թե կարիք կա պարզելու, որ դրա համար նախևառաջ պատասխանատու է Բաքուն, որի, այսպես կոչված, իրավասության տակ գտնվող տարածք են ներբեռնվել ահաբեկիչներ: Իսկ Բաքուն Եվրոպական միության Արևելյան գործընկերության ծրագրի անդամ է, ինչը նշանակում է, որ Բաքվի պատասխանատվության տակ հայտնված ահաբեկիչների համար պատասխանատվության ներքո է հայտնվում Արևելյան գործընկերության ծրագրի նախաձեռնող Եվրամիությունը:

Այդ իմաստով արցախյան գոտում տեղի է ունենում Եվրամիության և դրա առաջատար Գերմանիայի ցավալի առերեսում: Ցավալի այն իմաստով, որ արդիական քաղաքակրթության առաջատար Գերմանիան, քաղաքակրթությունը ստորադասելով քաղաքական շահերին ու առաջնայնություններին, իրերն իրենց անունով կոչելու փոխարեն փորձում է մանևրել այդ իրերի արանքում: Դա քաղաքականություն է, և ամեն ինչ հասկանալի է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ քաղաքականությունը եվրոպական քաղաքակրթության ավարտն է: Եվրոպան իր միութենական քաղաքականությամբ հաջողության է հասել քաղաքակրթության, արժեքների շնորհիվ: Դա է Եվրոպան, դա է Եվրամիությունը: Երբ ԵՄ-ն կամ դրա առաջատարները գնում են այդ հարցում, մեղմ ասած, պակաս արդիական կամ առավել ևս հետադիմական իրողությունների հետ քաղաքական փոխզիջման, դա նույնիսկ ոչ-ոքիի նշան չէ, դա պարտության և անգամ կապիտուլյացիայի նշան է:

Այդ իմաստով Արցախի դեմ պատերազմը վերածվում է եվրոպական քաղաքակրթության կապիտուլյացիայի, երբ դրա առաջատարները փորձում են փոխզիջումներ փնտրել վարձկան-ահաբեկչության հարցում: Ակնկալիքը, թե այդպիսով դրանք կկոնսերվացվեն Կովկասում, և կթուլանա դրանց ներկայությունը Եվրոպայում, մեղմ ասած՝ ինքնախաբեություն է: