• Fri. Apr 23rd, 2021

Որն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խնդիրը ներկայում

Լեհաստանում ընթացիկ շաբաթ հանդիպելու են Մինսկի խմբի համանախագահները: Ռուսաստանի, ԱՄՆ ու Ֆրանսիայի դիվանագետները քննարկելու են համանախագահության գործունեությունն ու անելիքները հետպատերազմական շրջանում:

Մինչ այդ, ինչպես հայտնի է, եղավ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների ռեգիոնալ այց, որոնց Բաքվում Ալիևը ընդունեց շատ կոշտ հայտարարությամբ, թե նրանց չի հրավիրել Բաքու: Երևանում նրանց ընդունեց Փաշինյանը՝ կարևոր համարելով համանախագահության ձևաչափի շրջանակում քաղաքական գործընթացի վերականգնումը, իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տարօրինակ կերպով հրաժարվեց համանախագահների հետ հանդիպումից՝ պատճառաբանելով, թե այցը տեղի է ունենում ոչ լիարժեք ձևաչափով, քանի որ չկա ռուսաստանցի համանախագահը:

Թե ինչու նա չկար, ըստ պաշտոնական վարկածի՝ պատճառը կորոնավիրուսն էր: Քաղաքական հարթությունում, սակայն, Ռուսաստանը չունի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի արագ վերականգնման շահագրգռություն, քանի որ ներկայումս հարցերը քննարկում է դե յուրե եռակողմ ռուս-հայ-ադրբեջանական, դե ֆակտո՝ ռուս-թուրքական ձևաչափում: Մյուս կողմից, Ռուսաստանը, թերևս, շահագրգռված չէ նաև Թուրքիայի հետ, այսպես ասած, մենակ մնալով: Ռուսաստանի համար Մինսկի խմբի ձևաչափի վերականգնումը, ըստ ամենայնի, լինելու է այսպես ասած՝ քաղաքական խաղաքարտ ԱՄՆ հետ հարաբերությունների շուրջ քննարկումների լայն համատեքստում: Ինչ է մտածում ԱՄՆ-ն:

Նոր վարչակազմը այդ հարցում դեռևս չի տվել շոշափելի կողմնորոշումներ, թեև անուղղակիորեն կարևոր ազդակներ է հղել Հայաստանում ԱՄՆ դեսպանը՝ նոր նախագահ Բայդենի պաշտոնամուտին անմիջապես հաջորդած իր հոդվածով, որում կարևոր է համարում Արցախի կարգավիճակի շուրջ քննարկումների վերսկսումը: Իսկ կարգավիճակը, բնականաբար, օրակարգ է բերելու նաև տարածքների հետ կապված հարցեր, որոնք Արցախը կորցրել է իր դեմ պարտադրված պատերազմի հետևանքով: Մինսկի խմբի համանախագահների քննարկումներին զուգահեռ, Իրանի արտգործնախարարը ռեգիոնալ մեծ այց է սկսել այսպես ասած՝ + ձևաչափով կամ մինուսի ալյանսով ռեգիոնալ գործակցության թեմատիկայով, որ պատերազմի ժամանակ առաջ էր քաշել Իրանը, պատերազմից հետո՝ Թուրքիան: Իրանը մի կողմից շահագրգռված է ռեգիոնալ հարցերից Արևմուտքի դուրսմղումով, այսինքն` Մինսկի ձևաչափի չեզոքացումով, մյուս կողմից, անշուշտ, գիտակցում է, որ Արևմուտքը ներկա է առնվազն Թուրքիայի միջոցով, ՆԱՏՕ անդամ Թուրքիայի վրա իր ազդեցության լծակներով:

Իսկ Թուրքիան հրաժեշտ չի տալիս ՆԱՏՕ-ին՝ լավ հասկանալով, որ դա բերելու է թուրքական քաղաքականության ճկունության էական անկման: Այդպիսով, կովկասյան ռեգիոնում Արցախի դեմ պատերազմից հետո ընթանում է ձևաչափերի պայքար, որտեղ Հայաստանի համար առավել կարևորը, անշուշտ, Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի վերականգնումն է: Երևանը կարող է քննարկել ամենատարբեր ձևաչափերի հետ կապված հարցեր, առաջադրել իր պայմաններն ու մոտեցումները, սակայն, թերևս, անքննարկելի պետք է լինի այն, որ Մինսկի խմբի համանախագահությունը պետք է լինի Արցախի հարցում միանձնյա, իսկ ռեգիոնալ համատեքստում՝ գերակա մանդատը: Համենայնդեպս, ներկայումս քննարկվող որևէ այլ ձևաչափ, Մինսկի համանախագահության համեմատ, Հայաստանի ու Արցախի համար չունի անգամ համեմատության եզր: