• Fri. Mar 5th, 2021

Երկու զինվորական կյանք․ Վարդան Ղահրիյան և Կարեն Գրիգորյան – Լուսանկարներ

«Երբ ողջ մնալու հույսդ իսպառ կորցնում ես, բայց ժամանակ չկա հուսալքվելու». Վարդան Ղահրիյան

Բարձունքներ նվաճելու և հաղթանակներ տոնելու համար հրամանատարն ինքը պետք է խիզախության և անկոտրում կամքի վառ օրինակ լինի։ Այդպիսի հրամանատարի կողքին զինվորները կանգնում են առանց վախի և պատրաստ լինում հաղթահարել ցանկացած փորձություն, ցանկացած մարտ: Եթե զինվորը վստահում և հավատում է հրամնատարին, նա պատրաստ են մարտնչել մինչև վերջ, մինչև հաղթանակ:
Այդպիսի հրամանատար է N զորամասի թիկունքի գծով տեղակալ գնդապետ Վարդան Ղահրիյանը, մարդ, ով իր քսանվեց տարիների ծառայության ընթացքում մշտապես եղել է գերազանց հրամանատար, նվիրյալ մարտիկ, Արցախի անմնացորդ պաշտպան։

Ապագա գնդապետն ընդամենը տասնյոթ տարեկան պատանի էր, երբ երկվորյակ եղբոր՝ Պետրոսի հետ զորակոչվեց բանակ։ Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո հստակ որոշեց մնալ բանակում և շարունակել հայրենիքի պաշտպանի սուրբ գործը։ Վարդանն իր կյանքի լավագույն տարիները նվիրում է բանակին։

«Երբևէ չեմ զղջացել, որ տարիներ առաջ ընտրել եմ հենց այս ուղին, սա ամենաքիչն է, որ ես կարող եմ անել հայրենիքիս համար»,- ասում է նա ու ավելացնում, որ ոչ մի պատերազմ չի կարող իրեն կտրել հայրենիքի պաշտպանության գործից, եթե իհարկե թշնամու գնդակն իր գործը չանի։ Երկու պատերազմի է մասնակցել Վարդանը։ Առաջինն ապրիլյանն էր, որի ժամանակ գնդապետն ապացուցեց, որ հայրենիքի արժանի զավակ է։ Պատերազմի ընթացքում նրան հաջողվել է ամուր պահել իր պատասխանատվության տակ գտնվող դիրքերը՝ մի թիզ հող անգամ չզիջելով թշնամուն։ Իսկ երկրորդը 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմն էր։

Թշնամու զարկի առաջին ձայների հետ գնդապետ Ղահրիյանը շտապում է առաջնագիծ, կանգնում զինվորի ու մարտական ընկերների կողքին։ 44-օրյա մարտերի ընթացքում Վարդանը մասնակցում է Ջաբրայիլի, Ֆիզուլիի, Հադրութի, ծննդավայր Տող գյուղի և Մարտունու պաշտպանական մարտերին։ Պատերազմի երրորդ օրը ձեռքից վիրավորվում է, ինչը, սակայն, բոլորովին չի խանգարում նրան մարտադաշտ վերադառնալ։

Գնդապետն իր զինվորների հետ մի քանի անգամ ընկել է շրջափակման մեջ. «Թեժ մարտերի ժամանակ լինում են դեպքեր, երբ ողջ մնալու հույսդ իսպառ կորցնում ես, բայց ժամանակ չկա հուսալքվելու, իրավունք՝ ևս, քանի որ քո հոգեվիճակը կարող է անելնելի դրության մեջ դնել զինվորներին: Ես դադարել եմ վախենալ մահից: Ինձ համար սոսկալի ցավ է, որ ես ապրում եմ, իսկ տասնութ-քսան տարեկան երիտասարդները, որ դեռ չեն էլ հասցրել կյանք տեսնել, ապրել, սիրել, կարոտել, այսօր արդեն չկան, անմահացել են»,- խոստովանում է երիտասարդ գնդապետը:

Պատերազմի մղձավանջային օրերին ծանր ապրումներ շատ է ունեցել Վարդանը։ Անհանգստության ամենամեծ «պատճառը» երկվորյակ եղբայրն էր, ով «կողքին էր»` նույն պատերազմում:
«Սեփական կյանքիդ վտանգված լինելը ստորադասվում է այն վախին, որ ամեն վայրկյան հնարավոր է եղբորդ կորցնես: Ուղղակի անտանելի է»,- ասում է Վ. Ղահրիյանը։

Վարդանի եղբայրը` Պետրոս Ղահրիյանն ակտիվ մասնակցություն է ունեցել ապրիլյան պատերազմին։ Լինելով առաջնագծում՝ նա իր հայրենասիրությամբ ու նվիրվածությամբ ոգեշնչել է զինվորներին և մղել հաղթական պայքարի։

Արցախյան 44-օրյա դաժան ու անողոք պատերազմի առաջին իսկ վայրկյաններից Պետրոսն առաջնագծում էր, իսկ սխրագործությունները դարձան նրա կենսակերպը։ Իր զինվորների հետ Ղահրիյանն ամենուր էր՝ Ֆիզուլիից մինչև Կարախամբայելի ընկած հատվածներում, այնուհետև՝ Մարտունիում։

«Պատերազմն իսկական չարիք է, այն նույնիսկ չի թողնում սգալ հարազատ զինվորներիդ ու ընկերներիդ մահը, քանի որ իրավունք չունես կոտրվելու. չէ՞ որ շատերի ոգեշնչման աղբյուրն էլ դու ես»,-ասում է Վարդան Ղահրիյանի եղբայրը` փոխգնդապետ Պետրոս Ղահրիյանը։ Փոխգնդապետ Պետրոս Ղահրիյանը վստահեցնում է, որ հայրենիքի հանդեպ սերը նրան մոր կաթի նվագի հետ է փոխանցվել։
Պետրոսն ու Վարդանը ծնվել ու մեծացել են մանկավարժների ընտանիքում: Մասնագիտության ընտրության հարցում արցախցիները երկու ընտրություն ունեն, մեկը զինվորականի ուղին է: Ղահրիյաների ընտանիքում էլ զինվորականի կոչում ստանալը պատիվ է, հանուն հայրենիքի ապրելը՝ կոչում: Երկվորյակ եղբայրներն այլ ճանապարհ չէին տեսնում, որոշված էր՝ նրանք պիտի ամբողջ կյանքում զինվորականի հագուստով լինեն:
Պետրոսը ծառայել է տարբեր զորամասերում, զբաղեցրել տարբեր պաշտոններ՝ քսանվեց տարվա զինվորական ծառայության ընթացքում լեյտենանտից հասնելով փոխգնդապետի աստիճանի և արժանանալով պետական բարձր պարգևների։

Հայրենի Տողը պաշտպանել էր պետք: Եղբայրները չորս հավատարիմ զինվորների հետ մասնակցել են հայրենի գյուղի պաշտպանությանը, հրաշքով կարողացել դուրս գալ շրջափակումից և միանալ յուրայիններին։

Պատերազմը նրանից խլեց հարազատ ծննդավայրը՝ անպարտելի Տողը. «Աչքերիս առաջ կրակի մեջ գերի մնացած հայրական տունս է, պապերիս գերեզմանը, որ չհասցրի վերջին անգամ հրաժեշտ տալ»,- ասում է Պ. Ղահրիյանը։ Նրա խոսքերով՝ վերջին անգամ հազիվ հասցրել են մտնել գյուղի սուրբ Ստեփանոս եկեղեցի, մոմ վառել և ուխտել, որ վերադառնալու են ու տեր կանգնելու իրենց հարազատ հողին:
Վերջին անգամ փակելով հայրական տան դուռը, Վարդանը չէր էլ պատկերացնում, որ տուն դառնալը մի օր երազանք կդառնա։ Բայց նա երբեք չի հուսալքվում, ավելին՝ վստահ է, որ մի օր նորից հետ են բերելու կորցրածը։ «Մենք պարտավոր ենք դա անել, որպեսզի մեր զոհված եղբայրների հոգիներին հանգստություն իջնի»։

Փոխգնդապետն այսօր էլ շարունակում է մարտական ծառայությունը։ Մի քանի օրով հազիվ է կարողացել տեսակցության գալ Հայաստանում օթևանած ծնողներին, կնոջն ու երկու երեխաներին։

Վարդանը ևս ամուսնացած է, ունի երեք երեխա։ «Աշխատանքս բավականին ծանրաբեռնված է, լինում է՝ օրերով չեմ տեսնում կնոջս ու երեխաներիս։ Որպես հայր՝ ինձ համար հեշտ չէ․երեխաներս մեծանում են, իսկ ես չեմ կարողանում վայելել նրանց մանկությունը»։

Պատերազմը տարավ լավագույններին: Գնդապետ Ղահրիյանը վստահ է. թե՛ պատերազմի, թե՛ խաղաղության ժամանակ միասնությունը հաղթանակի գրավականն է։ «Հարազատներին կորցրած մարդկանց անսահման համբերություն եմ ցանկանում։ Ուզում եմ վստահեցնել նրանց, որ քանի դեռ մենք կանք, քանի դեռ ապրում ենք, շարունակելու ենք մեր հերոս ընկերների գործը։ Իսկ հաշմված տղաներին էլ անսպառ կամքի ուժ եմ ցանկանում»,- եզրափակում է գնդապետ Ղահրիյանը։

Պ. Ղահրիյանի խոսքերով՝ այս պատերազմը հերթական փորձություն էր մեզ համար: Հիմա մեզնից պահանջվում է միայն մի բան՝ ապրել հանուն հայրենիքի համար ընկածների և ապրեցնել այն:

Нет описания.

«Որքան անսահման է մարդու երևակայությունը, այդքան էլ անսահման է իմ սերը դեպի հայրենիքը». Կարեն Գրիգորյան

Անմնացորդ նվիրումով է տարիներ շարունակ իր առաքելությունն իրականացրել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գնդապետ Կարեն Գրիգորյանը։

Իսկական հայրենասեր է, բայց իր մասին խոսել չի սիրում: Հայրենիքը սրտում փայփայող զինվորականի մասին վկայում է նրա կատարած աշխատանքը: Այդպիսին է գնդապետ Գրիգորյանը, մարդ, ում համար հայրենիքը՝ Արցախն ու Հայաստանը, անփոխարինելի արժեքներ են, ով հայրենիքի հզոր լինելու առհավատչյան տեսնում է միայն նրան ծառայելու անմնացորդ նվիրումի մեջ։

«Որքան անսահման է մարդու երևակայությունը, այդքան էլ անսահման է իմ սերը դեպի հայրենիքը», խոստովանում է հայրենիքին Նժդեհի աչքերով նայող Կարեն Գրիգորյանը։

Փայլուն հրամանատարն ու խելահեղ մարտիկը գործով է բազմիցս ապացուցել իր սերն ու նվիրումը առ հայրենիք: Արցախյան երեք պատերազի մասնակիցը մշտապես փայլել է իր մարտավարական վարպետությամբ ու խիզախությամբ:

Կարեն Գրիգորյանը ծնվել է Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղում։ Արմատներով իր հողին ամուր կպած արցախցին հստակ գիտեր, որ հայերնի հողն ու տունը պաշտպանելու համար նախևառաջ զինվոր պիտի լինի: 1990 թ-ին Կ. Գրիգորյանը կիսատ է թողնում ԵՊՀ-ում ուսումն ու մեկնում Արցախ: Վստահ էր` ռազմաճակատում իր կարիքն ավելի էր զգացվում:

Կարեն Գրիգորյանը ՀՀ և ԱՀ հերոս Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ մասնակցում է Արցախի գրեթե բոլոր շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1994 թվականից զբաղեցնում է սպայական տարբեր պաշտոններ՝ դասակի հրամանատարից մինչև զորամասի հրամանատար։

Գնդապետ Գրիգորյանի հրամանատարությամբ զորամասը 2016 թ-ին արժանանում է «ԶՈՒ լավագույն զորամաս» պատվավոր գնահատականի։ Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդը սահմանի ամբողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմագործողություն է ծավալում․ սկսվում է Արցախյան երկրորդ, հետագայու քառօրյա անունը ստացած պատերազմը։ Գնդապետ Գրիգորյանն իր ստորաբաժանումների հետ կարողանում է ոչ միայն անառիկ պահել իր հսկողության տակ գտնվող դիրքերը, այլև մեծ կորուստներ պատճառելով թշնամուն՝ հետ է շպրտում ելման դիրքեր:

Անկոտրուն ոգի ունեցող Կարեն Գրիգորյանն իր քաջությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Հադրութ, Ջաբրայիլ, Ֆիզուլի, Մարտունի, Մարտակերտ․ գնդապետ Գրիգորյանն ամենուր էր։ Նա և՛ հրամանատար էր, և՛ զինվոր։ Անուրանալի է գնդապետի ներդրումը հանուն հայրենիքի մղված պատերազմին:

Նա արժանացել է մի շարք պետական և գերատեսչական մեդալների. «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի, «Հայրենիքին մատուցած ծառայության» երկրորդ, «ՀՀ մարտական ծառայություն», «Արցախի հանրապետության արիություն», «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ», «Անբասիր» առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ աստիճանի շքանշաններով։

Խոսելով զինվորների պատրաստվածության և խիզախության մասին՝ Կ. Գրիգորյանը նշում է․ «Կասկած չունեի, որ հայ զինվորը և հատկապես այսօրվա տասնութ-քսան տարեկան մարտիկը կկարողանա պաշտպանել հայրենիքը։ 90-ականներին ես նրանց տարիքին եմ եղել, և իմ առաջ դրված խնդիրներից ոչ մի դեպքում հետ չեմ կանգնել»։ Որպես հրամանատար վստահեցնում է, որ աշխարհի ոչ մի պետության հայկական բանակի զինվորի ուժն ու խիզախությունը չունի:
Կարեն Գրիգորյանը լավ գիտի խաղաղության գինը, որը սրբագործված է մեր հայրենիքի սահմանների համար կյանքը զոհաբերած հայորդիների արյամբ: «Նրանցից շատերը իմ ընկերներն էին, զինվորները»,- ասում է երեք պատերազմով անցած գնդապետը և շարունակում,- «Հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած մեր հերոսները, գուցե ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց նրանք միշտ կապրեն մեր սրտերում: Մենք պարտավոր ենք հիշել ու շարունակել մեր հերոսացած ընկերների գործը, սերունդներին էլ պատմել նրանց մասին, հաղթելու և խաղաղ երկինք ապահովելու երդում տալ, որ նրանց հոգիները խաղաղ հանգչեն»։

Գնդապետ Կարեն Գրիգորյանը երեք զավակ ունի՝ երկու դուստր, մեկ որդի։ Շուտով որդին կզորակոչվի բանակ: Զինվոր որդի ունենալը ավելի հպարտ է դարձնում գնդապետ հորը: «Թող խաղաղություն լինի, թող մեր երեխաները վերջին սերունդը լինեն, որ տեսան պատերազմը…»,- եզրափակում է գնդապետը։

Нет описания.