• Fri. Apr 23rd, 2021

Իրանի արտգործնախարարի և Ֆրանսիայի պետքարտուղարի այցերը Հայաստան երկու տարբեր վեկտորներ են

Այսօր Երևան կժամանի Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը: Նա Երևան է ժամանում Բաքվից: Նախօրեին գիշերը Երևան է ժամանել Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը, որը ժամանել է Մոսկվայից, իսկ դրանից առաջ էլ Բաքվում էր:

Իրանի արտգործնախարարի և Ֆրանսիայի Եվրոպայի ու արտգործնախարարության պետքարտուղարի այցերը երկու տարբեր վեկտորներ են, այն իմաստով, որ Իրանի նախարարը ռեգիոնալ այց է կատարում Կովկասում, այսպես ասած, 6-ի ալյանսի տրամաբանության շրջանակում: Անկասկած է, որ Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղարի ռեգիոնալ այցի նպատակը այլ է՝ Ֆրանսիայի դերի շրջանակում: Իսկ 6-ի ալյանսը ենթադրում է Կովկասում ըստ էության Ֆրանսիայի և ԱՄՆ դերի չեզոքացում կամ նվազեցում: 6-ի ալյանսի գաղափարի հիմքում այն մտայնությունն է, որ Կովկասի հարցերը պետք է կարգավորեն ռեգիոնալ երկրները, իսկ նրանք, որոնք ռեգիոնում չեն, պետք է մնան հեռու: Այդ տեսանկյունից Զարիֆի և Լըմուանի միաժամանակ Երևանում գտնվելը ստանում է հատկանշական բնույթ:

Բանն այն է, որ ինչ ուզում է կամ պատկերացնում է Իրանը, բավականին դժվար պատկերացնելի է հայկական շահերի տեսանկյունից, քանի որ բացառապես ռեգիոնալ ձևաչափի առումով Երևանը հայտնվելու է գրեթե -1 կարգավիճակում: Իհարկե, այստեղ կա ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը, կա բարեկամ Իրանը, կա ռազմավարական հարևան Վրաստանը, միայն Թուրքիան ու Ադրբեջանն են վարում թշնամական քաղաքականություն, սակայն խորքային իրողություններն այլ են: Ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանն ու բարեկամ Իրանը բազմիցս, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, ցույց են տվել, որ անկարող են արդյունավետ հակազդել թուրք-ադրբեջանական տանդեմին՝ մի շարք պատճառներով: Իսկ Վրաստանի պարագայում ընդհանրապես ակնառու է, որ այդ երկրում չափազանց մեծ է թուրք-ադրբեջանական տնտեսաքաղաքական ազդեցությունը:

Ըստ այդմ՝ Ֆրանսիայի և ԱՄՆ ներգրավումը ռեգիոնալ հարցերում Հայաստանի համար ունի բալանսի կարևորագույն նշանակություն: Միևնույն ժամանակ, Երևանն իհարկե այդ խնդրի ուղղությամբ պետք է աշխատի ամենևին ոչ Իրանի հետ քննարկումների հաշվին: Այսինքն՝ առանց այդ էլ որոշակի հակադրություն պարունակող իրավիճակում Երևանը պետք է գտնի համադրման բանաձևերն ու հնարավորությունը: Ի վերջո, Իրանի համար էլ անկասկած թուրք-ադրբեջանական տանդեմը լուրջ խնդիր է, և այստեղ ռեգիոնալ ձևաչափի իմաստով Թեհրանը, անշուշտ, մի կողմից՝ ունի այդ խնդիրը, մյուս կողմից՝ առավել մեծ խնդիր դիտարկում է թերևս Թուրքիայի վրա Արևմուտքի ազդեցությունը՝ հաշվի առնելով ԱՄՆ համար իրանական հարցի սրությունը: Իրանը թերևս հույս ունի Անկարայի հետ աշխատանքով հեռացնել կամ սառեցնել նրան Արևմուտքից: Երևանը թերևս պետք է փորձի գտնել Իրանի ու Արևմուտքի մերձեցման ռեսուրս և հնարավորություն: Բարդ խնդիր է, սակայն այս ռեգիոնում չկան հեշտ խնդիրներ: