• Fri. Apr 23rd, 2021

Նախատեսվում է ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման առավել գրավիչ համակարգ

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից որդեգրած՝ հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ:

«ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծով  նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում ակնկալվում է ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման առավել գրավիչ համակարգ. նորմատիվ հիմքեր է ստեղծվում և վերանայվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման համակարգը` նախատեսելով հավաստագրման և խրախուսման համապատասխան մեխանիզմներ: Ըստ այդմ՝ բարենպաստ պայմաններ կստեղծվեն  hարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կամավորությամբ կատարելու սկզբունքի արմատավորման և հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար։ Միաժամանակ՝ այն կխթանի հարկ վճարողների ինքնագնահատման համակարգի զարգացմանը՝ ինչն էլ կհանգեցնի հարկային և մաքսային կարգապահության, հարկային և մաքսային մարմինների գործունեության թափանցիկության բարձրացմանը, հարկային մարմնի հանդեպ վստահության մթնոլորտի ձևավորմանը՝ նպաստելով տնտեսավարող սուբյեկտների կողմից հարկային պարտավորությունների պատշաճ կատարմանը և հարկային եկամուտների ապահովմանը, օրինապահ հարկ վճարողների ցանկի ընդլայնմանը։

«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծով, նպատակ ունենալով ընդգծել պետական ֆինանսների կառավարման ոլորտում բյուջետային մուտքերի ապահովման գործում հարկ վճարողների դերը և  խրախուսել հարկ վճարողների կողմից հարկային պարտականությունների կամավոր, ժամանակին ու ճշգրիտ կատարման պատրաստակամությունը՝ առաջարկվում է ապրիլի 19-ը սահմանել Հարկ վճարողի օր։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան նշել է, 2020 թ.-ին եղել է օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման 256 դիմում, որից բավարարվել է 140-ը:

Անդրադառնալով օրինագծերին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ պատերազմի ընթացքում մենք հարկ վճարողների վարքագծի որոշակի փոփոխություն նկատեցինք և զգացինք, ինչն արտահայտվում էր կարգապահության առավել բարձր աստիճանով: Դա չափազանց կարևոր երևույթ է, որովհետև, ըստ էության, մենք փորձում ենք արձանագրել հարկեր գեներացնելու և հարկեր վճարելու քաղաքացիների գործունեության և պետության և նրա կառույցների և ինստիտուտների կարողունակության և հզորության հարցը: Այս գիտակցումը, իհարկե, պետք է լրջորեն խրախուսել, որովհետև ցանկացած պետություն և պետության հզորություն կախված է նրանից, թե տվյալ երկրում մարդիկ տնտեսական գործունեություն ծավալելու ինչպիսի հնարավորություններ ունեն, այդ տնտեսական գործունեության ծավալման արդյունքում ինչպիսի արդյունք են գեներացնում, այդ արդյունքի գեներացման գործընթացում ինչպիսի հարկային պարտավորություններ են առաջանում և այդ պարտավորություններն ինչպես են կատարվում: Այնպես որ, հարկային կարգապահությունը բարելավելը,  իհարկե, ռազմավարական խնդիր է և այս նախագծով առաջարկվում է պարտաճանաչ հարկատուների նկատմամբ վստահության բարձր աստիճան արձանագրել և սրանից բխող ավելի հարմարավետ պայմաններ ստեղծել այդ հարկ վճարողների համար»: