• Fri. Mar 5th, 2021

Գոնե մեկ անգամ Հայաստանի քաղաքական ուժերը հարց բարձրացնեն ՌԴ նախագահի առաջ

Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը հետևողականորեն կյանքի է կոչվում՝ Դավոսի միջազգային համաժողովի իր ելույթում ասել է ՌԴ նախագահ Պուտինը: Դավոսի հեղինակավոր համաժողովը այս տարի անցկացվում է առցանց տարբերակով՝ պայմանավորված համավարակով:

Պուտինը նոյեմբերի 9-ի համաձայնագրի հետևողականորեն կյանքի կոչվելու մասին հայտարարությունն անում է ԵԽԽՎ-ում Հայաստանի կառավարող մեծամասնության և ընդդիմության պատգամավորների ելույթների ֆոնին, որոնցում եվրոպական կառույցն ու միջազգային հանրությունը որոշակի կոշտ անդրադարձի են արժանանում անտարբերության համար: Այդ ելույթներն անշուշտ տեղին են, անհրաժեշտ, սակայն նույն ուժերի ներկայացուցիչները գուցե թեկուզ պարզ հարցեր բարձրացնեն ՌԴ նախագահի առաջ, թե այդ ի՞նչն է հետևողականորեն կյանքի կոչվում, երբ Ադրբեջանը հրաժարվում է կյանքի կոչել համաձայնագրի 8-րդ կետը՝ ռազմագերիների վերադարձը:

Գոնե մեկ անգամ Հայաստանի քաղաքական ուժերը հարց բարձրացնեն ՌԴ նախագահի առաջ, ինչը ըստ էության ունի ավելի առարկայական նշանակություն՝ հաշվի առնելով այն, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կնքվել է ոչ թե ԵԽԽՎ կամ որևէ այլ միջազգային կառույցի, այլ ՌԴ հովանու ներքո, իսկ Արցախում տեղակայվել են ոչ թե միջազգային, այլ ռուս խաղաղապահներ, Արցախը դարձել է ռուսական ռեգիոնալ քաղաքականության հենակետ: Իհարկե, այդ հանգամանքը որոշակիորեն նաև ՌԴ համար է պատերազմի հետևանք, քանի որ Ռուսաստանը ըստ էության ստիպված է եղել կիսել Կովկասը Թուրքիայի հետ:

Ամբողջ հարցն այն է, սակայն, որ Կովկասը կիսում են Ռուսաստանն ու Թուրքիան, մինչդեռ հայկական քաղաքական դասը ռազմագերիների հարցը բարձրացնում է Եվրոպայի առաջ, իսկ Հայաստանում, օրինակ, բարձրացնում ռուսական նոր ռազմակայանի հարց: Ընդ որում, այստեղ շատ էական է այն, թե ինչպիսին են ընդդիմության պահվածքը, հռետորաբանությունն ու շեշտադրումները, որովհետև այդ իմաստով Հայաստանում իշխանությունը օբյեկտիվորեն մշտապես եղել է կաշկանդված, ինչպես, օրինակ, 2012-16 թվականներին էր:

Ինչպես այդ ժամանակ Հայաստանի համար անվտանգային առումով խիստ բացասական նշանակություն ունեցավ այն, որ ընդդիմությունը մրցակցում էր Ռուսաստանին ավելի հավատարիմ լինելու հարցում, ոչ թե դնում էր Հայաստանի կենսական շահերին առնչվող խորքային հարցադրումներ, այդ թվում՝ ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական գործակցության առնչությամբ, այնպես էլ այժմ Հայաստանում ընդդիմադիր դիրքավորում ունեցող տարբեր ուժեր ու ձևաչափեր մրցակցում են Ռուսաստանի շահերին հավատարիմ լինելու երդումների ուժգնության ու խորության հարցում:

Դա է նաև Պուտինին թույլ տալիս արձանագրելու, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը իրականացվում է հետևողականորեն՝ չնայած այն հանգամանքին, որ հայ ռազմագերիները սպասում են Բաքվում: