• Thu. Mar 4th, 2021

Զարիֆի ռեգիոնալ այցն ու հայտարարությունները բավականին հակասական և խորհրդավոր են

«Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևորում է բոլոր երկրների տարածքային ամբողջականության պահպանումը և հարգում ու հետևում է, որպեսզի բոլոր ժողովուրդների կրոններն ու իրավունքները միշտ պաշտպանված լինեն։ Մեր կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է, որը մենք հստակորեն ասել ենք»,- Երևանում հունվարի 27-ին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը:

Նա ռեգիոնալ այցով եղել է Բաքվում, Մոսկվայում, Երևանում, լինելու է Թբիլիսիում և Անկարայում: Զարիֆի հայտարարությունը բավականին տարօրինակ է: Մի կողմից այն հասկանալիորեն վերաբերում է թերևս Մեղրիին և դրա հանդեպ թուրք-ադրբեջանական հավակնությանը, մյուս կողմից՝ Իրանն այդ հայտարարությամբ փաստորեն վերահաստատում է այն, որ հավանության է արժանացրել Արցախի դեմ ադրբեջանական օկուպացիան, մինչև «կարմիր գիծ»: Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը նա հայտարարել է, որ մենք ունենք ընդհանուր ռեգիոնալ մտահոգություններ:

Դրանք վերաբերում են հենց «կարմիր գծի՞ն», թե՞ պատերազմի հետևանքով ռեգիոնում հաստատված ահաբեկիչներին, որոնք թուրքական վերահսկողությամբ մի կողմից Հայաստանի հարավային, մյուս կողմից՝ Իրանի հյուսիսային սահմանին են, դժվար է ասել: Զարիֆի ռեգիոնալ այցն ու հայտարարությունները բավականին հակասական և խորհրդավոր են, ինչը բխում է, իհարկե, Իրանի բարդ վիճակից: Ընդհանուր մտահոգություն իսկապես կա, որովհետև Իրանը Արցախի դեմ պատերազմի, իհարկե, առանցքային թիրախներից մեկն էր, ինչի դեմ Թեհրանը անկարող եղավ անել որևէ բան: Իրանի հյուսիսային սահմանին հարող գոտին հայկական վստահելի վերահսկողությունից անցավ թուրք-ահաբեկչական վերահսկողության տակ, ինչը Իրանին, մեղմ ասած, չի կարող ներշնչել վստահություն: Ռեգիոնալ խաղաղության համաձայնությունների իրանական ջանքը, անկասկած, բավարար չէ անվտանգային երաշխիք լինելու համար, բայց գնացքն արդեն գնացել է:

Ինչպես Հայաստանին, այնպես էլ Իրանին, թերևս, ավելի շատ մնում է սպասել, թե ինչպիսի ռեգիոնալ քաղաքականություն է որդեգրելու ամերիկյան նոր վարչակազմը: Իհարկե, մի կողմից սպասել, մյուս կողմից աշխատել այդ քաղաքականության շահեկան տոնայնություն և տրամաբանություն ձևավորելու ուղղությամբ: Այդ իմաստով, Հայաստանն Իրանի համար կարող է լինել այդ աշխատանքի խողովակներից մեկը, և Իրանի արտգործնախարարի Հայաստան այցը, թերևս, այդ տեսանկյունից ամենաառանցքայինն է ռեգիոնալ այցի շրջանակում, համենայնդեպս, իրերի հետպատերազմական դրության պայմաններում: