• Fri. Mar 5th, 2021

Ընդդեմ վարչապետի որոշումը դատարանների անկախության ապացույց չէ

Երկու օր է՝ հանրությունը և մեդիադաշտն ակտիվորեն քննարկում է ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն ու նրա որդիները դատարան հայց էին ներկայացրել՝ պահանջելով ներողություն խնդրել իրենց հասցեին կատարված վիրավորանք հանդիսացող արտահայտության համար, ինչպես նաև հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Հունվարի 25-ին դատարանը վճռեց, որ հայցվորների հասցեին վիրավորանք և զրպարտություն համարվող արտահայտություններ են կատարվել ՀՀ վարչապետի կողմից` իր մամուլի խոսնակի միջոցով, և այդ մասով պահանջը բավարարեց՝ պարտավորեցնելով վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին «Ֆեյսբուք» սոցիալական կայքի՝ Մանե Գևորգյանին պատկանող պաշտոնական էջում 28.04.2020 թվականին ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի կատարած հրապարակային գրառումը հերքել։

Միևնույն ժամանակ, վարչապետը պետք է Խաչատրյանների օգտին վճարի 8 հազար դրամ պետական տուրք, ևս 500 հազար էլ հայցվորների փաստաբանական ծախսերի համար։

Այս որոշումը ՀՀ դատական իշխանության պատմության մեջ կարելի է որակել որպես աննախադեպ, քանի որ նախկին իշխանությունների ժամանակ երբևէ երկրի ղեկավարի դեմ որոշում, վճիռ չի կայացվել։

Փաստաբան Արա Ղարագյոզյանը ասաց, որ այս վճիռը չի կարելի որակել որպես անկախ դատական համակարգի, անկախ դատավորի վճիռ, որը համարձակվել է երկրի ղեկավարի վերաբերյալ որոշում կայացնել։ «Կոնկրետ դատական ակտին ծանոթ չեմ, չեմ ցանկանում կոնկրետ դատական ակտը մեկնաբանել, բայց կարող եմ ասել, որ նախկինում՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ որևէ դատավոր չէր համարձակվի ընդդեմ երկրի ղեկավարի, վարչապետի նկատմամբ որոշում կայացնել։ Բայց հիմա փաստացի իշխանության կողմից որևէ ճնշում դատական համակարգի նկատմամբ չկա, բայց մենք ամեն օր առանձին դատական գործով տեսնում ենք, որ այս դատական համակարգը՝ որպես այդպիսին, նախկին իշխանությանն է հովանավորում, և որոշ դատավորներ փորձում են դիմադրել հեղափոխությանը՝ նմանատիպ որոշումներ կայացնելով»,- ասաց Ղարագյոզյանը՝ հավելելով, որ եթե իրականում մենք անկախ դատական համակարգ ունենայինք, առհասարակ, ապա նման որոշումներ մենք կունենայինք, ասենք, Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ։ «Բայց նման որևէ վճիռ չի եղել։ Հիմա փաստ է, որ իշխանության կողմից դատական համակարգի նկատմամբ ազդեցություն չկա, բայց չենք էլ կարող խոսել անկախ դատական համակարգի մասին։ Ասել, թե դատարանը անկախ է, դրա համար է վարչապետի դեմ որոշում կայացրել, դրա հետ ոչ մի կերպ չեմ կարող համաձայնել»,- ընդգծեց փաստաբանը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքերով էլ՝ դատարանի այս որոշումն ուղղակի արձանագրումն է այն փաստի, որ իշխանությունների կողմից դատական իշխանության նկատմամբ ճնշումներ չկան, որի մասին հեղափոխությունից հետո սիրում են պատեհ-անպատեհ առիթով կրկնել նույն ընդդիմադիրները և նրանց խոսնակները։ «Նրանք 2.5 տարի է հնչեցնում էին, թե իշխանությունները կառավարում են դատական իշխանությունը այնպես, ինչպես Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Ասում էին՝ զանգովի արդարադատություն է իրականացվում։ Իսկ այս որոշումը եկավ ապացուցելու ճիշտ հակառակը։ Եթե իշխանությունը իրականում ճնշում գործադրեր դատական իշխանության վրա, ապա այսօր ընդդեմ վարչապետի դատարանը որոշում չէր կայացնի»,- ասաց Սաքունցը՝ հավելելով. «Բայց մյուս կողմից չկա վստահություն, որ դատական համակարգն իր ամբողջության մեջ համապատասխանում է բարեվարքության սկզբունքներին։ Այս հարցը մնում է օրակարգում և ավելին՝ դառնում է ավելի անհրաժեշտ։ Անկախ ընդդեմ վարչապետի դատարանի այդ որոշումից, մեկ դատական ակտով չես կարող ասել, որ դատական իշխանությունն անկախ է։

Դատական իշխանությունը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլև քաղաքական առանձին խմբերից, մաֆիայից»։

Իրավապաշտպանի խոսքերով՝ դատական իշխանության անկախության մասին խոսելու համար հարկավոր է վեթինգ իրականացնել, արմատական փոփոխություններ իրականացնել դատաիրավական համակարգում, սահմանադրական փոփոխություններ իրականացնել, զարգացնել կարողությունները։

Նշենք, որ ընդդեմ վարչապետի որոշում կայացրած դատավորը լեզվի տեսչության պետ, Սերժ Սարգսյանի մտերիմ Սերգո Երիցյանի որդին է՝ Սարգիս Երիցյանը։ Նա նախորդ տարի Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ 1in.am-ի գործով էլ որոշում կայացրեց՝ հօգուտ Ռոբերտ Քոչարյանի։

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ հենց նման օրինակները չե՞ն գալիս ապացուցելու, որ վեթինգն անխուսափելի է, Սաքունցը պատասխանեց. «Այն, որ նախորդ իշխանության օրոք դատական համակարգը համալրվել է անձնական կապերով, կոռուպցիոն կապերով՝ դա փաստ է, բայց այս դեպքում ես չեմ կարող ասել, թե դատավորի անձը դեր է խաղացել։ Միայն մի բան կարող եմ ասել, որ իշխանության կողմից վերահսկողություն չկա դատարանի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ դատական իշխանությունը զերծ է այլ ազդեցություններից։ Այս դեպքում որոշիչ չէ, թե ով ում բարեկամն է, այլ որոշիչ է իրավունքի գերակայության սկզբունքը որպես արժեք։ Քանի դեռ սա չկա, նման կարծիքները պարարտ հող են ստանում»։