• Fri. Mar 5th, 2021

«Թղթի վրա գրեք իմ մեջբերումը եւ անձամբ կբերեք». Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում լարված զրույց ունեցավ լրագրողի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու բարձրագույն ղեկավարությունն առավոտյան այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: «Եռաբլուր»-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լարված զրույց ունեցավ լրագրողներից մեկի հետ:

Լրագրողը հարց ուղղեց Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ելույթի վերաբերյալ՝ ասելով. «Այստեղ թաղված են նաեւ Շուշիի համար պայքարողները, իսկ դուք հայտարարել եք, որ Շուշին ադրբեջանական քաղաք է»:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը վրդովված արձագանքեց. «Մի րոպե մոտեցեք: Էտ դո՞ւք էիք ասում, որ ես ասել եմ՝ Շուշին ադրբեջանական է: Դո՞ւք էիք հարց տալիս, որ ես հայտարարել եմ Շուշին ադրբեջանական է: Ո՞վ էր հարց տալիս, որ ես հայտարարել եմ՝ Շուշին ադրբեջանական է»,-ասաց Փաշինյանը՝ դիմելով լրագրողներին:

Երբ լրագրողը պատասխանեց, որ ինքն էր հարցն ուղղողը, վարչապետը շարունակեց.

«Որտե՞ղ եմ ես նման բան հայտարարել: Թղթի վրա դուք անձամբ կգրեք, կբերեք մեջբերումը, որ  ես դա հայտարարել եմ եւ ուղիղ եթերում ես ձեր հարցին կպատասխանեմ: Ես հիմա այլ հարցի չեմ պատասխանի,  սա իմ պայմանն է, ես պայման եմ դրել, այդ պայմանը կատարեք եւ ես ուղիղ եթերում ձեր հարցին կպատասխանեմ»,-հայտարարեց վարչապետը: