• Fri. Mar 5th, 2021

Ինչու է Ռուսաստանի դեսպանն ակտիվացել. Նրա հանդիպումներն իրականում տողատակ ունեն

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ակտիվացել է: Նա մեկ շաբաթվա ընթացքում հանդիպումներ է ունեցել ոչ միայն խորհրդարանական ընդդիմադիր ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարներ Գագիկ Ծառուկյանի և Էդմոն Մարուքյանի հետ, այլ նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և նույնիսկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

Իհարկե, առաջին հայացքից նորմալ է, որ մեզ համար դաշնակից և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ հանդիսացող երկրի դեսպանը հանդիպում է քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ, և, առավել ևս, երբ, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, քննարկումների թիվ մեկ թեման եղել է Ադրբեջանում առկա հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք:

Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս հանդիպումներն իրականում տողատակ ունեն. Ռուսաստանի Դաշնությունն այսպիսի հանդիպումներով և նման օրակարգով փորձում է ցույց տալ և ապացուցել, որ ղարաբաղյան հակամարտության հարցում հենց իրենք ունեն որոշիչ նշանակություն, և, առանց Ռուսաստանի Դաշնության դերակատարման, ոչ մի հարց չի կարող լուծվել տարածաշրջանում, առավել ևս՝ հայ ռազմագերիների վերադարձը:

Սակայն հետաքրքիր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ հանդիսացող երկրներից միայն Ռուսաստանի Դաշնությունն է թերևս ակտիվ, սա է միակ կառույցը, որ մանդատ ունի լուծելու ղարաբաղյան հակամարտության հարցը: Իսկ ի՞նչ հանդիպումներ են ունեցել մյուս դեսպանները, և ի՞նչ հարցեր են քննարկվել:

«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրություն կատարեց, թե ինչ հրապարակային հանդիպումներ են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ մյուս երկրների դեսպանները։ Հունվարի 20-ին ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանն ընդունել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթին և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին. սա եռակողմ ֆորմատով եզակի հանդիպումներից մեկն էր: Նույն օրը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպել էր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Եվս մեկ հանդիպում Ֆրանսիայի դեսպանի հետ էլ ունեցել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Այդ բոլոր հանդիպումները եղել էին վերջին մեկ շաբաթում, սակայն մինչ այդ էլ Սերգեյ Կոպիրկինն ամենաակտիվներից էր եղել, և անգամ կան մարդիկ, ում հետ նա այս ընթացքում արդեն երկու անգամ է հանդիպել. նրանց թվում է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ընդ որում, ՌԴ դեսպանն ակտիվ էր նաև պատերազմից հետո, իսկ մյուս դեսպաններն ակտիվացան միայն այս տարի: Այսպիսով, 44-օրյա պատերազմից հետո Կովկասի տարածաշրջանում ակնհայտորեն ակտիվություն է ցուցաբերում Ռուսաստանը, և դեսպաններից ամենաակտիվն այդ հարցով հենց Կոպիրկինն է»: