• Fri. Mar 5th, 2021

Իշխանության հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցները փորձել են մուտք գործել Կառավարության շենք

Հանրապետության հրապարակի Կառավարության շենքի մոտ լարված իրավիճակ է. իշխանության հրաժարականի և ժամանակավոր կառավարության ձևավորման պահանջով հանրահավաքի մասնակիցները փորձեցին մուտք գործել Կառավարության շենք, սակայն ոստիկանությունը պատնեշ է կազմել, ինչի հետևանքով հրմշտոց է սկսվել:

ՀՀ ոստիկանության աշխատակիցները փորձեցին հանդարտեցնել իրավիճակը: Հանրապետության հրապարակում իշխանության հրաժարականի և ժամանակավոր կառավարության ձևավորման պահանջով հանրահավաք է կազմակերպվել:

Հանրապետության հրապարակում իշխանության հրաժարականի և ժամանակավոր կառավարության ձևավորման պահանջով հանրահավաքի մասնակիցները շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք: Հանրապետության հրապարակում հավաքը նախ սկսվեց Տերունական աղոթքով:

Հանրահավաքի մասնակից դպիրը հարթակից աղոթ հնչեցրեց: Այնուհետև մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց բանակի նահատակների հիշատակը:

«Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ռեժիսոր Արշակ Զաքարյանը վստահեցրեց, որ հավաքը կուսակցական բնույթ չունի: «Սա վերկուսակցական հավաք է: Իհարկե, այստեղ տեսա տարբեր կուսակցություններից մարդկանց: Բոլորս այստեղ եկել ենք որպես հայեր, որպես ՀՀ քաղաքացիներ: Ներկա են նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ»,-ասաց նա` հայտարարելով, որ շարժվում են դեպի ՀՀ գլխավոր դատախազություն:

ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց. «Իմ կոլեգաներից շատերն այստեղ են: Մի մասն այսօր չկա, չգիտեմ, թե ինչու չկան, միգուցե նրանք սատարում են այսօրվա իշխանությանը: Մի մասը գտնում է, որ ավելորդ է փողոց դուրս գալը»:

Անդրադառնալով Վազգեն Մանուկյանի՝ հնարավոր ապստամբության վերաբերյալ հայտարարությանը՝ նա նշեց՝ կողմնակից է, որ լինեն որոշակի գործողություններ, բայց զինված կամ որևէ այլ ապստամբության կողմնակիցը չէ:

Հանրապետության հրապարակում իշխանության հրաժարականի և ժամանակավոր կառավարության ձևավորման պահանջով հանրահավաքն ավարտվել է: հանրահավաքի կազմակերպիչները հայտարարեցին, որ որոշում է կայացվել դադարեցնել բողոքի ակցիան:

«Մենք այսօր արեցինք այն, ինչը մեր ուժերից վեր էր՝ ցույց տալով, որ պատրաստ ենք մեր խոսքի տերը լինել: Հիմա խնդրում եմ՝ որեւէ բողոքի գործողություն չանել, որովհետեւ մեր ուժերն անհավասար են: Եթե մենք լինեինք բավարար չափի, ոստիկանությունն այլ պահվածք կունենար եւ մեզ կպաշտպաներ: Մենք ձեզ կասենք, թե մեր հաջորդ կտրուկ քայլերը որոնք են լինելու»,-ասաց ակցիայի կազմակերպիչներից մեկը:

Ակցիայի կազմակերպիչները հայտնեցին նաև, որ ոստիկանությունը բերման է ենթարկել հանրահավաքի պատասխանատուներից Արշակ Զաքարյանին:

Ավելի վաղ, հանրապետության հրապարակի Կառավարության շենքի մոտ լարված իրավիճակ էր ստեղծվել. իշխանության հրաժարականի և ժամանակավոր կառավարության ձևավորման պահանջով հանրահավաքի մասնակիցները փորձում էին մուտք գործել Կառավարության շենք, սակայն ոստիկանությունը պատնեշ էր կազմել, ինչի հետևանքով հրմշտոց էր սկսվել: