• Fri. Mar 5th, 2021

Իրանը Հայաստանի հարցում անցել է կարմիր գիծը եւ ընդունել վասալային վիճակը Մոսկվայից ու Թուրքիայից

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հանդիպմանն ասել է, որ Իրանը Հայաստանին համարում է կարևոր հարևան, Հայաստանի և Իրանի սահմանները միշտ եղել են բարեկամության և համագործակցության սահմաններ:

«Իրանը շատ կարևորում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը: Մեր կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է, որի մասին մենք հստակ արտահայտվել ենք», ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը:

Մինչ այդ, Իրանը շնորհավորել էր «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ», իսկ նախօրեին Զարիֆը Բաքվում շնորհավորել էր Ադրբեջանի կառավարությանը «վերջին հաղթանակների կապակցությամբ»: Երեւանում նրա հետ հանդիպմանը Արա Այվազյանը բավական կտրուկ անդրադարձել էր այդ հայտարարությանը, ընդգծելով, որ «միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը, որտեղ չկան «հաղթողներ և պարտվողներ», այսպես կոչված, «հաղթանակներ կամ պարտություններ», կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար»:

Պատերազմի օրերին Իրանը հայտարարեց, որ թույլ չի տա աշխարհքաղաքական սահմանների փոփոխություն, նկատի առնելով Հայաստանի հետ Մեղրիի շրջանով հատվածը: Իրանը զորք կուտակեց իր հյուսիսային սահմանի տարբեր հատվածներում, միաժամանակ կարգավորման պլան առաջարկեց, որը մերժվեց: Իրանը տեւական ժամանակ նաեւ փակել էր օդային սահմանը Հայաստանի հետ, եւ կարեւոր է իմանալ՝ սպառազինության մատակարարումների հետ կապված այդ որոշումը ինքնուրո՞ւյն է կայացվել, թե մտնում էր եռակողմ հայտարարության հեղինակի պլանների մեջ:

Մոսկվայի հավաստիացումներից հետո, որ Իրանի տրանզիտային շահերը չեն անտեսվելու, Իրանը Հայաստանից համարժեք ազդակների բացակայության պայմաններում, որպիսիք բացակայում էին նաեւ պատերազմի օրերին, ընդունեց եռակողմ հայտարարությունը: Այս ֆոնին, Զարիֆի «Մեր կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է» արտահայտությունը, որն իհարկե ականջ շոյող է եւ կարող է մեկնաբանվել որպես Հայաստանի ու մասնավորապես Սյունիքի անվտանգության երաշխիք, իրականության մեջ դատարկ խոսքեր են: Բանն այն է, որ եռակողմ հայտարարությունից եւ Հայաստանի մի հատվածի օկուպացիայից հետո Հայաստանի տարածքային ամբողջականությունը խիստ հարաբերական հասկացություն է: Մասնավորապես Սյունիքն իր ներկայիս անպաշտպանելի սահմաններով եւ ճանապարհի ռուս-թուրքական վերահսկողությամբ հայտնվել է խոցելի վիճակում, որը Նիկոլ Փաշինյանը, մոսկովյան առաջադրանքը բերանացի արած, ձեւակերպում է որպես անվտանգության նոր համակարգի կառուցում:

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրերի շարունակությունն է: Ի դեպ, մարտի 16-ի այդ պայմանագրից մի քանի օր առաջ Ռուսաստանը պայմանագիր էր ստորագրել Իրանի հետ, նրան պարտադրելով վասալային պայմաններ, այդ թվում՝ ռուսական զորքի ներկայություն Իրանում «սպառնալիքների առկայության դեպքում»: Ռուս-թուրքական պայմանագրից առաջ այդպիսով չեզոքացվում էր Իրանի հնարավոր որեւէ պահանջ, ինչը դրսեւորվեց Հայաստանի «նոր սահմանների դեմարկացիայի» ժամանակ, երբ Իրանը տարածք զիջեց Թուրքիային Նախիջեւանի հետ ցամաքային կապի համար:

100 տարի անց ստորագրված եռակողմ հայտարարությունը վասալային նոր վիճակի մեջ է դնում Իրանին, որին անգամ թույլ չտվեցին մաս կազմել Ղարաբաղի «աստանայացմանը», ինչին ձգտում էր Իրանը պատերազմի սկզբում: Ներկայում Իրանը դարձել է ռուս-թուրքական համաձայնությունների ու 6-ի պլատֆորմի սազանդարը, թեեւ Սիրիայի փորձը նրան պետք է որ հուշեր ցանկացած ձեւաչափով «աստանայացման» վտանգներն իր համար, երբ ռուսները միայնակ են թողել նրան իսրայելական հարձակումների հանդիման:

Իրանը Հայաստանի հարցում անցել է կարմիր գիծը եւ ընդունել վասալային վիճակը Մոսկվայից ու Թուրքիայից: