Ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, հայրենիք են վերադառնում 5 գերիներ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Այսօր նաև գերության մեջ գտնվող մեր 62 զինծառայողներ հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ»,- գրել է Ավինյանը։
Քիչ առաջ «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել 5 գերիներին հայրենիք բերող ինքնաթիռը: Գերիները բուժզննում են անցնում:
Բաքվից հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են: Այդ մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։
«Անուն–ազգանունները կհրապարակվեն։ Հինգն էլ Շիրակի մարզի 62-ի ցուցակից են, այդ 62-ից առաջին խումբն էր սա», – ասաց Ավագյանը՝ ավելացնելով, որ նրանց նկատմամբ Ադրբեջանում հարուցված քրեական մեղադրանքները բարդացրել են զինծառայողների վերադարձման գործընթացը, բայց այն, որ առաջին խումբը արդեն Հայաստանում է, նշանակում է` գործընթացը առաջ է գնում։
«Ես տղաներին տեսա, նորմալ են, առողջական վիճակը լավ է, հիմա բժշկական հետազոտություն են անցնում, իսկ դրանից հետո արդեն կհանդիպեն ընտանիքների հետ», – ասաց նա։